ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-08 10:04:34
  • «Առավոտ». Փոխվել է - չի փոխվել
  • «Հայկական ժամանակ». Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավեր չի ստացել
  • «Ժամանակ». Քոչարյանի դատավարությունը բարդ է լինելու, պրոցեսը՝ հետաքրքիր
  • «Ժողովուրդ». Մաքրման աշխատանքների համար մրցույթ դեռ չի հայտարարվել


Փոխվել է - չի փոխվել

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Առավոտ»-ը համոզված է, որ նրանք, ովքեր այս կամ այն ձեւով կապված են ՀՀԿ-ի հետ եւ նախորդ դարաշրջանում օգտվել են իշխանության բարիքներից, կարող են ներկայացնել 100 փաստ այն մասին, թե որքան է մեկ տարում ամեն ինչ վատացել: Բայց նաև չի կասկածում, որ Հայաստանում կան քաղաքացիներ, որոնք մի կողմից վարակված չեն հեղափոխական ռոմանտիկայով եւ նախկինների հանդեպ ատելությամբ, եւ մյուս կողմից բարիքներից զրկված «աբիժնիկներ» չեն՝ այդ քաղաքացիները, որոնց ձայնն այնքան էլ բարձր չի հնչում, ունեն փաստեր, որ այս մեկ տարում քիչ բան է փոխվել:

«Համոզված եմ, որ մի քանի կարեւոր բան, այնուամենայնիվ, փոխվել է դրական առումով: Փոխվել է վարչապետը՝ նա այսօր վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, փոխվել է Ազգային ժողովը՝ այն ընտրվել է արդար, ոչ մեկի մոտ կասկածներ չառաջացնող ընտրությունների միջոցով: Որպես այդ երկու փոփոխությունների հետեւանք, մեծացել են հասարակության, նաեւ լրատվամիջոցների՝ իշխանությունը վերահսկելու հնարավորությունները: Այդ ամենը հսկայական ներուժ է՝ մնացած իրողությունները նույնպես փոխելու առումով: Այդ ներուժը, սակայն, բազմաթիվ պատճառներով, օգտագործվում է ոչ բավարար չափով: Իմ կարծիքով, չեն փոխվել ոչ միայն ճանապարհները: Չեն փոխվել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները, ՀՔԾ-ն եւ բազմաթիվ այլ պետական կառույցներ: Չի փոխվել նաեւ իշխանության փառաբանումը՝ չնայած փոխվել են դրդապատճառները: Առաջ փառաբանում էին՝ պաշտոն կամ բիզնեսում «պրախոդ» ունենալու համար: Հիմա փառաբանում են... որովհետեւ սիրում են: Դրանից փառաբանությունը պակաս «թունավոր» չի դառնում», - գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Համոզված եմ, որ մի քանի կարեւոր բան, այնուամենայնիվ, փոխվել է դրական առումով: Փոխվել է վարչապետը՝ նա այսօր վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, փոխվել է Ազգային ժողովը՝ այն ընտրվել է արդար, ոչ մեկի մոտ կասկածներ չառաջացնող ընտրությունների միջոցով: Որպես այդ երկու փոփոխությունների հետեւանք, մեծացել են հասարակության, նաեւ լրատվամիջոցների՝ իշխանությունը վերահսկելու հնարավորությունները: Այդ ամենը հսկայական ներուժ է՝ մնացած իրողությունները նույնպես փոխելու առումով: Այդ ներուժը, սակայն, բազմաթիվ պատճառներով, օգտագործվում է ոչ բավարար չափով: Իմ կարծիքով, չեն փոխվել ոչ միայն ճանապարհները: Չեն փոխվել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները, ՀՔԾ-ն եւ բազմաթիվ այլ պետական կառույցներ: Չի փոխվել նաեւ իշխանության փառաբանումը՝ չնայած փոխվել են դրդապատճառները: Առաջ փառաբանում էին՝ պաշտոն կամ բիզնեսում «պրախոդ» ունենալու համար: Հիմա փառաբանում են... որովհետեւ սիրում են: Դրանից փառաբանությունը պակաս «թունավոր» չի դառնում», - գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավեր չի ստացել

Արցախում մայիսի 9-ի եռատոնի միջոցառումներին մասնակցելու հրավեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ստացել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Երեկ հայտնի էր դարձել, որ տոնի առթիվ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ, սակայն, ըստ թերթի, հայտնի չէ՝ պաշտոնական միջոցառումներին մասնակցելու է, թե՝ ոչ:

Թերթը հիշեցնում է նաև, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ նշելով, որ ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հյուրերի, Արցախի բոլոր նախկին ղեկավարները: Նախագահների այդ դիմում-խնդրանքը, սակայն, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից:

Արցախ է հրավիրվել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանը. դատարանը երեկ թույլատրել է նրան մեկնել Արցախ: Մայիսի 9-ին Արցախ է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրում է թերթը:

Քոչարյանի դատավարությունը բարդ է լինելու, պրոցեսը՝ հետաքրքիր

«Ժամանակ»-ը զրուցել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը բավականին բարդ է լինելու և ժամանակատար՝ ենթադրելով նաև այն հատորների ծավալից, որն առկա է և ուղարկվել է դատարան: Նաև պրոցեսը բավականին հետաքրքիր է լինելու:

Լրատվամիջոցներում երեկ ամենատարածված արտահայտությունն էր, որ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Թերթի այս դիտարկմանը նա հակադարձել է՝ ասելով. «Սահմանադրական դատարանն իր գործն է արել, թե ինչպիսի մեկնաբանություններ կլինեն դրա շուրջ՝ իրավական և քաղաքական, դա տվյալ էքսպերտի, տվյալ գործչի աշխարհայացքի պրիզմայով կարող է հնչել: Սահմանադրական դատարանին պիտակավորել քաղաքական առումով, համենայնդեպս այս գործով, ես կարծում եմ, որ արդար չէ»:

«Սահմանադրական դատարանն իր գործն է արել, թե ինչպիսի մեկնաբանություններ կլինեն դրա շուրջ՝ իրավական և քաղաքական, դա տվյալ էքսպերտի, տվյալ գործչի աշխարհայացքի պրիզմայով կարող է հնչել: Սահմանադրական դատարանին պիտակավորել քաղաքական առումով, համենայնդեպս այս գործով, ես կարծում եմ, որ արդար չէ»:

Հիմա դատարանը պետք է կատարի՞ Սահմանադրական դատարանի որոշումը հարցին էլ պատասխանել է. «Ենթադրվում է, որ այո, որպես օրինապահ քաղաքացիներ դատավորները պետք է Սահմանադրական դատարանի իրավական հետևանքները անպայման կիրառեն: Խոսքը վերաբերում է մի նոր հանգամանքի ի հայտ գալուն, և այդ նոր հանգամանքի հիման վրա որոշումը վերանայելուն, որն ամենևին չի ենթադրում որոշակի փոփոխություններ խափանման միջոցի կամ որևէ այլ բանի: Այսինքն՝ վերանայման արդյունքում, ըստ էության, հանգելու ենք այն վիճակին, երբ Վճռաբեկ դատարանը քննում էր այս գործը այդ ժամանակահատվածում»:

Մաքրման աշխատանքների համար մրցույթ դեռ չի հայտարարվել

Սեւանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած. նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ նախորդ տարի չի շահագործվել անգամ դեռեւս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամμ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:

ՀՀ բնապահպանության նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետեւ պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկնում են, եւ ստուգման կարիք ունի: Այս տարի Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով կառավարությունը նախատեսել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ՝ նշում է թերթը: