Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու աշխատավարձերի հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից
2019-05-08 17:15:56

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցն այսօր ավագանու արտահերթ նիստի հիմնական եւ հասարակական հետաքրքրություն հարուցող հարցն էր։ Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանն այն հանել է օրակարգից:

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցում փոխհամաձայնություն այդպես էլ չկայացավ։ Սա էր այն հիմնական պատճառը, որն ստիպեց քաղաքապետ Հայկ Մարությանին հարցը հանել օրակարգից։  

«Շնորհակալ եմ շատ: Ես այս հարցը հանում եմ: Մենք կքննարկենք այն և նաև կիրազեկենք մեր բնակչությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ»,- նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այս փոփոխության վերաբերյալ խմորումներ էին առաջացել հենց «Իմ քայլը» դաշինքում: Այդ իսկ պատճառով իշխանություն կազմող ավագանու անդամները նույնպես ողջունեցին որոշումը։

«Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ բոլորիս շնորհավորել, որ այսօր ևս մի կարևոր քայլ կատարեցինք դեպի Երևանի ավագանու ինստիտուտի կայացումը: Եվ պարոն քաղաքապետ վստահ եմ, որ  բարդ որոշում եք կայացրել, բայց այս քայլը մեր և Ձեր քաղաքական թիմի հանձնառությունն է հետհեղափոխական  արժեքներին»,- նշեց Գրիգոր Երիցյանը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում էր քաղաքապետարանի աշխատակազմի 1700 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել  30 տոկոսով: Իսկ այս բարձրացումները լինելու էին բյուջեով հաստատված պարգևավճարների գումարներով:

Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման համար ոչ մի հավելյալ գումար չէր պահանջվելու։ Քաղաքապետը կարևորում է նախագիծը: Սրանով կարող են ապահովվել 1700 ընտանիքների բարեկեցությունը:

«Մարդիկ կիմանան վստահ, որ իրենք ամսական ստանում են  իքս գումար: Կիմանան, որ այս գումարը  մշտական իրենց համար կա: Աշխատանքի ընթացքում կմտածեն միայն աշխատանքի մասին, այլ ոչ նրա մասին, թե ինչպես են իրենց երեխային կոշիկ կամ հագուստ առնելու: Շատ ընտանիքներ կարող են հիփոթեքային վարկ վերցնել  առանց մտածելու արդյո՞ք այս ամիս կլինի պարգևավճար»,- նշեց քաղաքապետը:

Քաղաքապետարանի աշխատակազմի դրույքաչափերը քննարկելու ընթացքում Հայկ Մարությանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է իր աշխատավարձի բարձրացումից, հրաժարվել է նաեւ պարգևավճարներից։ Քաղաքապետարանի  իրավաբանները, ասում է, շարժվում են ոչ թե էմոցիաներով, այլ օրենքով: Ըստ ՏԻՄ օրենքի՝ փոխքաղաքապետերի աշխատավարձը չի կարող գերազանցել  քաղաքապետի աշխատավարձի  81.14 տոկոսը:   

«Այսինքն, որպեսզի մենք բարձրացնենք մեր փոխքաղաքապետերի աշխատավարձը, մենք պետք է ինչ- որ գումար ֆիքսենք նաև քաղաքապետի համար: Եվ քանի որ, բնականաբար, ես գումարի ակնկալիքներ չունեմ, ես ի սկզբանե ասել եմ, որ այն ավել գումարը  կուղղենք բարեգործության: Ես հիմա ստանում եմ մաքուր 400 հազար աշխատավարձ: Այս նախագծով պետք է դառնա 800 հազար դրամ: Ավելացված 400  հազարը ամեն ամիս կուղղենք բարեգործության»,-ասաց քաղաքապետը:  

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց ուռճացված աշխատակազմի մասին:  Քաղաքապետն ունի 7 խորհրդական, նրանք՝  գործավարներ ու  վարորդներ:  Տարբեր վարչություններում և բաժիններում  մի շարք  հաստիքներ են ավելացվել:  Հիշեց, որ ամիսներ առաջ հենց այս դահլիճում 1 միլիարդ դրամ ավելացվեց պարգևավճարների ֆոնդին։ Իսկ հիմա այդ ֆոնդը  զրոյացվում է և այն ծախսվում աշխատավարձերի համար:  

«Միևնույնն է 2020 թվականի բյուջեն նախատեսելիս ևս պետք է գաք ու ասեք տրամադրեք պարգևավճարների ֆոնդ, որովհետև քաղաքակիրթ քաղաքներում գոնե 100 մլն դրամ պետք է պարգևավճարների ֆոնդ լինի»:

Եվ վերջում հավելեց, որ քաղաքապետը կատարել է իր մեկ խոստումը՝ հաղթել է ընտրություններում: Դիմեց ավագանու անդամներին, որ քաղաքն այսպես անկանխատեսելի երկար կառավարել հնարավոր չէ: Իմ քայլից Արթուր Մանուկյանը Դավիթ Խաժակյանի հորդորեց իրենց չշփոթել ՀՀԿ-ի հետ:

«Խնդրում եմ դուք չնեղանաք: Բայց Դուք նման եք այն պարտիզանին, որ պատերազմից հետո անտառում շարունակում է կռիվ տալ: Մենք ՀՀԿ-ն չենք»:

Դավիթ Խաժակյանի ելույթի  հետ, չհամաձայնեց նաև քաղաքապետը: Հայտարարեց, որ քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ արդեն կան: Դրանցից մեկը որ մինչ հեղափոխությունը ամենակոռումպացված պետական կառույցում՝ քաղաքապետարանում,  համակարգային կոռուպցիան վերացված է:

0:00
0:00
 

Տես նաեւ՝ 

Կհավարսարվե՞ն արդյոք Մարությանի եւ Փաշինյանի աշխատավարձերը