ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանը քաղաքականությամբ սկսել է զբաղվել կալանավորվելուց հետո. իրավապաշտպան
2019-05-08 20:21:38

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում  գլխավոր դատախազը չի կարող լուծել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը՝ այսօր ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  Արցախի գործող և նախկին նախագահների՝ գլխավոր դատախազին ուղղված նամակին:

Վարչապետը կարծում է, որ իրավախորհրդատուները սխալ են ուղղորդել Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին՝ առաջարկելով Հայաստանի երկրորդ նախագահի խնդրով դիմել գլխավոր դատախազին:    

 «Որովհետև այդ հարցն այլևս դատախազի տիրույթում չէ, այն ուղարկվել է դատարան: Արթուր Դավթյանը, եթե անգամ շատ ցանկանա էլ, չի կարող լուծել այդ հարցը»:

Վարչապետը զուտ մարդկայնորեն հասկանում է նամակի  դրդապատճառները, ենթադրում, որ հիմքում  ընկերական հարաբերություններն են, Արցախի առաջին նախագահ լինելու հանգամանքը, բայց նաև տարակուսում է մի քանի այլ հարցերից:

Օրինակ ազատազրկված է նաև Արցախի մեկ այլ հերոս՝ Մանվել Գրիգորյանը: Փաշինյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ նրա համար այդպիսի նամակներ չեն գրվում։

«Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում պետք է շնորհած լինի կամ Արկադի Ղուկասյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ նրա անունը նշված չէր այդ նամակում։ Ի՞նչ սկզբունք է այստեղ գործել։ Եթե որևէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքը ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, ապա չափազանց սխալվում է»։


Փաշինյանը  զուգահեռ  է անցկացնում  նաև ՊՎԾ նախկին պետ  Դավիթ Սանասարյանի գործի հետ:


« Սանասարյանն իմ ընկերն է, բայց ախպերական, ընկերական սկզբունքները չեն կարող աշխատել: Նշանակում է՝ իմ ընկերները օրենքից վե՞ր են։ Եթե իմ ընկերը օրենքից վեր չի, ապա մեկ ուրիշի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար նույնքան տարակուսելի չէ հարցը, թե ինչու Արցախի նախագահները Մանվել Գրիգորյանի համար նույն խնդրանքով չեն դիմել:

Կարծում  է՝ հաշվի են առել Քոչարյանի ավելի մեծ ավանդն ու Արցախի առաջին նախագահ լինելու հանգամանքը: Առաջին օմբուդսմենը  խնդրանքը հասկանում է, ափսոսում է, որ այն  ուշ է ներկայացվել:

Լարիսա Ալավերդյանը հիշում է ԱԱԾ տնօրենի ձևակերպումներից մեկը՝ արված Սանասարյանի գործի առնչությամբ, այն համատեքստում, թե ինչով է Սանասարայնը տարբերվում մյուսներից: Լարիսա Ալավերդյանն այս մոտեցմանը համաձայն չէ: Կարծում է, որ իրավապահները խիստ  զգույշ պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող գործերում:

«Ես միշտ կոչ եմ արել ավելի կոռեկտ, ոսկերչական մոտեցում ցուցաբերել բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող գործերում, որովհետև դրանք, բացի իրավական կողմից, նաև քաղաքական գին ունեն»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իրավապահների  զգուշության կամ կոռեկտության պակաս չի տեսնում: Անդրադառնալով նամակին՝ ասում է, որ  հեռուն գնացող նպատակներ կամ թաքնված ենթատեքստեր դրանում չկան:

 «Ընկերական ինչ-որ քայլ. ես այդպես եմ դիտարկում»:

Վարդան Հարությունյանը կարծում է, որ դիմումը իրավական շարունակություն ունենալ չի կարող  թեկուզ միայն այն պատճառով, որ սխալ ուղղությամբ է հասցեագրվել:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե գործում քաղաքական հետապնդման  տարրեր կան, ինչի մասին  հերթական անգամ խոսել է երկրորդ նախագահը Ռոյթերսին տված գրավոր հարցազրույցում, ապա  իրավապաշտպանը հիշեցնում է:

«Ռոբերտ Քոչարյանը մինչև իրեն մեղադրանք առաջադրելը Հայաստանում ըստ էության քաղաքականությամբ չի զբաղվել: Նա այդ մասին հայտարարել է միայն քրեական հետապնդման ենթարկվելուց  և հատկապես կալանավորվելուց հետո»:  

Հենց այս հիմնավորմամբ իրավապաշտպանը համոզված է՝ քաղաքական հետապնդման թեզը ոչ հանրային , ոչ էլ մասնագիտական շրջանակներում համոզիչ դառնալու շանսեր չունի:

0:00
0:00