Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետի «երազանքի ասուլիսը» չկայացավ
2019-05-08 18:40:45

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պաշտոնավարման մեկ տարում հինգ  մամուլի ասուլիս. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային գործունեության մեկ տարին:

Լրագրողների հետ նախորդ հանդիպումը, որը տևեց չորս ժամից ավելի, Մատենադարանում էր: Այսօր այն անցկացվում էր Ազգային պատկերասրահում:

Ռեկորդը  գերազանցվել է. սակայն, ինչպես վարչապետն է ասել, սա էլ իր երազանքի  ասուլիսը չէր, քանի որ մոտավորապես 10 հարց մնաց անպատասխան. ԱԺ-ում պետք է հարցուպատասխանին մասնակցեր կառավարության ղեկավարը:

Հայաստանում հաղթահարված է համակարգային կոռուպցիան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նոր Հայաստանի մասին 100 փաստը։

«Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։

«Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյություն»,- ասաց ՀՀ վարչապետը։

 


 

Տարբեր քրեական գործերում ներգրավված են պաշտոնաթող նախագահը, նախկին փոխվարչապետ, պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ, ԴԱՀԿ նախկին պետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այժմ մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՎԾ պետին ու երկու գործող փոխնախարարի: Սա վիճակագրություն է, աննախադեպ վիճակագրական փաստ է՝ ասաց կառավարության ղեկավարը:

Քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ չկան Հայաստանում՝ հայտարարեց է Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսական թեմաներից խոսելով՝ Փաշինյանն ասաց, որ  գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Մի փաստով էլ հայտնեց, որ տնտեսվարողների գերավճարների 90 տոկոսը մարվել է: Նրանց է վերադարձվել 19 մլրդ դրամ ավելի ԱԱՀ:

Փաշինյանը հիշեցրեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին տրամադրվել է 100 հազար դրամ ավելի ցածր գնով: Այս ընթացքում 20 հազար վարկառուի ժամկետանց վարկ է ներվել: Շուրջ 120 հազար վարկառուի վարկային պատմություն է մարվել:

Վարչապետը հիշեցրեց, որ այժմ ՀՀ քաղաքացիները կարող են մեքենաները մաքսազերծել ցանկացած մաքսատանը, նաև տեղադրել են օնլայն հաշվիչ, որի միջոցով քաղաքացիները իրենք կարող են հաշվել, թե որքան է կազմելու ավտոմեքենայի մաքսազերծումը:

 

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի, ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որքանով է իրատեսական համարում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսումը, հաշվի առնելով ադրբեջանական ԶՈՒ–ի ակտիվացումը շփման գծում։

 

«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Ու այդ պատերազմը մենք, ըստ էության… եթե կրակոցներ ենք ունենում ամեն օրյա ռեժիմով, էական չէ շատ թե քիչ, նշանակում է, որ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ, այո, վերջին շրջանում, վերջին երկու ամսում դեպքերի, որոշ օրերին լարում է նկատվում, բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, կայունությունը եւ հանդարտությունը պահպանվում է։ Մենք հիմա հետեւյալ իրավիճակի մեջ ենք. հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, եւ հիմա, ես այս շրջանում փորձում եմ հասկանալ ՝ ինչ է կատարվում, ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, ինչպես միշտ այդտեղ կան փոխադարձ մեղադրանքներ։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչու է կատարվում։ Եվ ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասաց Փաշինյանը։

 

«Իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հաղորդակցության ուղիներ են հաստատված, եւ այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում՝ տեղեկություններ, մտահոգություններ, ինչպես նաեւ՝ փոխադարձ մեղադրանքներ փոխանակելով: Եթե ինձ մնար, ապա ես կնախընտրեի, որ այդ ամեն ինչը իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվեր, բայց, ցավոք սրտի, դա հնարավոր չէ։ Միեւնույն ժամանակ, մեր քաղաքականությունն այնքան թափանցիկ եւ բաց է, որ կարող եմ ասել՝ գաղտնիք չկա»։

 

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջոցառման ժամանակ մի քանի բառ փոխանակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ չնայած, որ հանդիպում նախատեսված չէ:


Նա նշեց, որ շփում հիմա էլ կա։ «Եթե հիմա միջնորդավորված շփվում ենք, հանդիպում, ինչու չենք կարող երկու բառ խոսել»,-ասաց Փաշինյանը:
 

0:00
0:00

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «100 փաստ Նոր Հայաստանի մասին» փասատաթուղթն ամբողջությամբ` այս հղումով: