ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-09 09:52:29
  • «Ազգ». Բաքուն կրկին գործում է «ապրիլյան ձեռագրով»
  • «Առավոտ». Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը
  • «Փաստ». ՀՅԴ-ի արցախյան օրակարգը՝ հակադրությա՞ն, թե համագործակցության ուղերձ Փաշինյանին
  • «Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը պատրաստ է վերականգնել
  • «Հայկական ժամանակ». Դադարեցրել են

Բաքուն կրկին գործում է «ապրիլյան ձեռագրով»

«Ազգ»-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ աննախադեպ աճել է ադրբեջանական բանակի զորավարժությունների հաճախականությունը, փաստում է, որ 2019-ի միայն առաջին քառամսյակում արդեն անցկացվել են մեկ տասնյակից ավելի զորավարժություններ: Վերջինը Թուրքիայի հետ համատեղ արված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» զորավարժությունն է, որի առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, երկրորդը՝ կմեկնարկի մայիսի 13-ին:

«Նմանատիպ պատրաստություններ Բաքուն տեսել է նաև Ապրիլյան պատերազմից մեկ տարի առաջ, այսինքն՝ ձեռագիրը չի փոխվել: Միաժամանակ Ադրբեջանում մեծածավալ քարոզչություն է տարվում նաև ժողովրդի շրջանում, պետական օղակներում ամեն օր շոյելով հասարակության ականջը, նրան պատրաստում են պատերազմի»,- գրում է թերթը:

Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը

«Առավոտ»-ը զրուցել է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ:

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սվիններով չի ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ժողովուրդը ՀՀ որեւէ իշխանության չի պատվիրակել` ինչպե՞ս պետք է լուծի Արցախի հարցը` երբ իշխանության առաջին դեմքին ուղարկում է բանակցությունների:

«Կարծում եմ, ՀՀ վարչապետը ոչ թե կոնկրետ նկատի է ունեցել` ինչ թեմայի կամ հարցերի շուրջ, այլ, նկատի է ունեցել այն, որ այսօր կոնկրետ մի իրավիճակ է, երբ մենք գտնվում ենք բանակցային գործընթացը փակուղի ունենալու խնդրի առջեւ: Այսինքն, ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի իրական բանակցությունները սկսվեն, ի՞նչ պետք է մենք անենք, որ բանակցությունների էությունը ճիշտ ձեւաչափի վրա դրվի եւ բանակցային ձեւաչափը վերականգնվի: Հավանաբար, ավելի շատ սրան էր ուղղված»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի ղեկավարը:

Եվ այս համատեքստում, Աշոտ Ղուլյանը վստահ է, որ մենք բոլոր այս տարիներին` սկսած 1988-ից, «ինչ որ ունեցել ենք, ինչը որ կարողացել ենք երեւացնել, որպես համաժողովրդական կամք` ներկայացրել ենք»:

Դրա դրսեւորումները, ըստ թերթի զրուցակցի, Սահմանադրության ընդունումն է, դրա փոփոխությունները, եւ տարբեր թեմաներով հանրաքվեները. «Սրանք այն բյուրեղացված կարծիքներն են, որ մեր ժողովուրդն այսօր այլ բան չի տեսնում, բացի նվազագույնը` Արցախի անկախությունից, նպատակում ունենալով` Հայաստանի հետ վերամիավորումը»:

Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջարկել Ադրբեջանին, մինչդեռ, Ադրբեջանը իր քաղաքական ագրեսիվ վարքագիծը շարունակում է պնդել, պարբերաբար ավելացնում է լարվածությունն առաջնագծում:

«Ադրբեջանի կողմից իր քաղաքականության որեւէ վերանայում չի եղել: Կարծում եմ, ցանկացած բանակցությունների արդյունքը եւ իմաստը պետք է լինի վերջնական խաղաղությունը: Սա է եղել այն փիլիսոփայությունը, որ այս տարիներին մենք խոսում ենք մեր նպատակի` խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծման մասին: Պարզապես վերանորոգվել է այս քաղաքական դիրքորոշումը: Միանշանակ է, որ Ադրբեջանը դրան` ոչ երեկ, ոչ այսօր համարժեք չի պատասխանում: Մենք մեր քայլը արել ենք եւ կարծում եմ, պետք է միշտ շարունակենք` մտքում պահելով այն, որ գոնե նշաններ չկան, որ Ադրբեջանը կարող է փոխել իր քաղաքական դիրքորոշումը»:

Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ սա մեզ համար մշտապես եւ վտանգ է, եւ ահազանգ է, ինչը երբեք չպետք է մոռանանք: «Ադրբեջանի կողմից իր քաղաքականության որեւէ վերանայում չի եղել: Կարծում եմ, ցանկացած բանակցությունների արդյունքը եւ իմաստը պետք է լինի վերջնական խաղաղությունը: Սա է եղել այն փիլիսոփայությունը, որ այս տարիներին մենք խոսում ենք մեր նպատակի` խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծման մասին: Պարզապես վերանորոգվել է այս քաղաքական դիրքորոշումը: Միանշանակ է, որ Ադրբեջանը դրան` ոչ երեկ, ոչ այսօր համարժեք չի պատասխանում: Մենք մեր քայլը արել ենք եւ կարծում եմ, պետք է միշտ շարունակենք` մտքում պահելով այն, որ գոնե նշաններ չկան, որ Ադրբեջանը կարող է փոխել իր քաղաքական դիրքորոշումը»:

ՀՅԴ-ի արցախյան օրակարգը՝ հակադրությա՞ն, թե համագործակցության ուղերձ Փաշինյանին

«Փաստ» թերթն անդրադարձել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին, որն անցկացվել է Արցախում Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ Ֆորումի ընթացքում ծավալված քննարկումներից և ելույթներից հետո ընտրվել է 15 հոգուց բաղկացած կազմկոմիտե՝ Արցախից 3, Հայաստանից՝ 8, Սփյուռքից՝ 4 անդամներով:

Թերթը՝ ուշագրավ համարելով, որ սա ՀՅԴ ամենանշանակալի միջոցառումն էր խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ ավանդական կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ դուրս մնաց ԱԺ-ից՝ ստանալով արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակ, գրում է.

«…ՀՅԴ նախաձեռնությունը բավականին կառուցողական է ու, ըստ էության, փոխլրացնում է Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ստեփանակերտյան օրակարգը, որի հիմնական խնդիրը բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մեծացումն է։ ՀՅԴ նախաձեռնությունը կարող է նոր դիսկուրսիոն հարթակ ձևավորել, որի շրջանակներում ռացիոնալ քննարկումներ ու այլընտրանքային մոտեցումներ կձևավորվեն ԼՂ խնդրում։ Խնդրի այս բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, մանավանդ վերջերս Նիկոլ Փաշինյանը կարևորել էր ԼՂ հարցում քաղաքական դիսկուրսի անհրաժեշտությունը։ Մնում է, որպեսզի իշխանությունները կարողանան կամ ցանկանան հաղորդակցության արդյունավետ «կանալներ» ստեղծել՝ քաղաքական ու հասարակական տարբեր խմբերի հետ համագործակցության համար»։

«…ՀՅԴ նախաձեռնությունը բավականին կառուցողական է ու, ըստ էության, փոխլրացնում է Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ստեփանակերտյան օրակարգը, որի հիմնական խնդիրը բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մեծացումն է։

ՀՅԴ նախաձեռնությունը կարող է նոր դիսկուրսիոն հարթակ ձևավորել, որի շրջանակներում ռացիոնալ քննարկումներ ու այլընտրանքային մոտեցումներ կձևավորվեն ԼՂ խնդրում։ Խնդրի այս բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, մանավանդ վերջերս Նիկոլ Փաշինյանը կարևորել էր ԼՂ հարցում քաղաքական դիսկուրսի անհրաժեշտությունը։ Մնում է, որպեսզի իշխանությունները կարողանան կամ ցանկանան հաղորդակցության արդյունավետ «կանալներ» ստեղծել՝ քաղաքական ու հասարակական տարբեր խմբերի հետ համագործակցության համար»։

Նշում է նաև, որ ՀՅԴ կազմակերպած քննարկումներին մասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, որոնք, սակայն, դիտորդի կարգավիճակում են եղել՝ ի տարբերություն ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, որոնք հանդես են եկել ելույթներով։

ՊԵԿ նախկին նախագահը պատրաստ է վերականգնել

«Ժողովուրդ» թերթին զարմանալի է թվում փաստը, որ կոռուպցիայի դեմ պայքարում համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ հասած լուրերի` երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: «Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը եւ պատրաստ է վերականգնել այն: Իսկ թե արդյոք նա վերադարձրել է գումարները, եւ որքան են կազմում դրանք, պարզ չէ», - գրում է թերթը:

Դադարեցրել են

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՊՎԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը:

«Լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու լիազորությամբ օժտված է դատախազը եւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը: Կալանքից ազատվելուց հետո, երբ վերջինիս նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվել, նման որոշում կայացվել է դատախազի համաձայնությամբ՝ քննիչի կողմից եւ ուղարկվել է մեզ, որպեսզի որոշման պահանջները կատարվեն: Բնականաբար, մեր կողմից որոշման պահանջները կատարվել են»,- ասել է Քյարամյանը:

Հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով Դավիթ Սանասարյանից եւ Սամվել Ադյանից բացի մեղադրանք էր առաջադրվել նաեւ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանին: ՀԺ-ն Քյարամյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Խաչատրյանի լիազորություններն էլ են դադարեցվել, ի պատասխան ՊՎԾ ղեկավարն ասել է, որ Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: