Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոսկեպարի ողբերգությունը՝ ականատեսի աչքերով
2019-05-09 17:33:25

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

1991-ի այս օրերին Հայաստանի հյուսիսում գտնվող Ոսկեպար գյուղը շրջափակված էր խորհրդային ուժերի  կողմից: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ոսկեպարում սպանվում է 18 հայ՝ մեծը մասը ոստիկանության աշխատակիցներ:

Դեպքերից մեկ օր անց` մայիսի 7-ին Ոսկեպարում է լինում նաև ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Անատոլի Շաբադը։ Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշել է 28 տարվա վաղեմության այդ իրադարձությունների մասին:

Անատոլի Շաբադի հետ հանդիպել եմ Սպիտակ քաղաքում 2018-ի դեկտեմբերին: Միասին Սպիտակում անցկացրել ենք երեք օր, զրույցը տեղի է ունեցել հենց երրորդ օրը, երկար եմ պատրաստվել՝ ինչից ու ինչպես սկսել:


Ինչպե՞ս հայտնվեցիք Ոսկեպարում հարցին՝ Շաբադը պատասխանում է՝ մանրամասներն արդեն չի հիշում: Բայց այդքանով հանդերձ մոռանալ չի կարողանում, թե ինչպես գրող ու թարգմանիչ Անահիտ Բայանդուրը պատմեց Ոսկեպարում տեղի ունեցածն ու խնդրեց Շաբադին անձամբ մեկնել այնտեղ՝ որևէ կերպ օգնելու համար:

Հիմա արդեն այսքան տարի անց Շաբադը վստահ ասում է՝ այնտեղ էր իրավիճակը որևէ կերպ մեղմելու համար, լավ հասկանալով, որ դա վեր էր ցանկացած քաղաքական գործչի ուժերից:

Շաբադին գյուղը շրջափակած խորհրդային ուժերը ներս թողնում են, իսկ Ոսկեպարում տեսածը Շաբադը ներկայացնում է որպես սարսափելի մի բան, որ երբեք չի մոռանա:

«Նախօրեին Նոյեմբերյանից ոստիկանության անձնակազմը երկու մեքենայով` 18 մարդ, ևս 6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի Ոսկեպար: Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ՝ խորհրդային ներքին  ուժերի կողմից: Վաղ առավոտյան գրոհ է սկսվում և խորհրդային ուժերը կրակում են՝ լեռներում, Ոսկեպարից ոչ հեռու՝ 2 կմ-ի վրա: Խորհրդային զորքերը ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական իշխանություններին»:

Գերիներին Ադրբեջանում Շաբադը հանդիպում է, որոշ ժամանակ անց Հայաստանի ներքին գործերի նախարար Աշոտ Մանուչարյանի անմիջական ջանքերով գերիները վերադարձվում են Հայաստանին:


Շաբադն ասում է՝
այն ժամանակ Միխայիլ Գորբաչովը Հայաստանին դիտարկում էր որպես թշնամի, որովհետև համաձայն չէր հայերի պահանջի հետ, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դուրս գա Ադրբեջանի կազմից ու միանա Հայաստանին:

Ու նաև շատ լավ հասկանում էր, որ տարածքների վերաձեւումն ու սահմանների վերագծումը կհանգեցնի բռնության: Այդպես էլ եղավ:

Շաբադին Ոսկեպարում իր տղաներին կորցրած ոստիկանապետը մի բան է խնդրում:

«Լալիս էր, պատմում, որ իր տղաները զոհվել են ու խնդրում, որ զոհվածների դիակները դուրս հանեն այդտեղից: Խորհրդային ուժերի հետ մենք կարողացանք համաձայնության գալ ու արդեն գիշերը կարողացանք դուրս հանել դիակները ու ավտոմեքենաներով տեղափոխել Նոյեմբերյան»:

Սպանվածների դիակները Ոսկեպարից դուրս հանելուց հետո Անատոլի Շաբադը ևս երկու օր մնում է գյուղում՝ հասկանալով, որ իր ներկայությունը միայն կարող է որևէ կերպ կանխել հետագա բռնությունները։

Արդեն ավելի ուշ՝ Մոսկվա վերադառնալուց հետո Ոսկեպարում տեսածը Շաբադը «կենտրոնի եւ ադրբեջանական կառավարության» նախօրոք ծրագրած գործողություն  է որակում:

0:00
0:00