ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լվացքի մեքենան՝ կոյուղում
2019-05-10 17:27:23

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ջրհեղեղներ, հրդեհներ, երաշտ. բնական աղետների ռիսկերն ու քանակը գնալով մեծանում են: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն վերջին 50 տարիներին բնական աղետները եռապատկվել են:

Մինչ բնապահպանները մտահոգված են անձրևաջրերի կուտակումներից և ահազանգում ահագնացող ռիսկերի մասին, փորձեցինք պատասխանատուներից պարզել, թե ով և որտեղ է թերացել, որ նմանատիպ իրավիճակի ենք հանգել:


Բնական աղետները տարեց տարի աճում են և դրանցից ապահովագրված չէ նաև մեր մայրաքաղաքը: Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը ահազանգում է. բավական է հորդառատ անձրևներ տեղան, և մեր փողոցներում փոքրիկ գետակներ են հոսում:

«Եթե դրան էլ միանա սարերից եկող հալվող ձյունը, արդեն իսկ վտանգը բավականին կմեծանա: Առավել ևս, որ մենք ունեցել ենք այդպիսի երևույթներ 40-ականների վերջերին 50-ականների սկզբներին»:


Ցավալի է, որ քաղաքային իշխանություններն այս երևույթներին ուշադրություն են դարձնում միայն աղետներից հետո: Սակայն դրանք կանխարգելելու համար ոչինչ չեն անում՝ նկատում է բնապահպանը:

«Նախ դրենաժային համակարգն է բավականին հաճախ աղտոտվում, խցանվում: Մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես են մաքրող տիկնայք փողոցը մաքրում և աղբը լցնում են այդտեղ»:


Բնապահպաններին անհանգստացնում է նաև անկախության տարիների քաղաքաշինությունը: Շատ շենք-շինություններ փակում են ջրի ճանապարհը, ինչը ոչ պակաս ռիսկային է:

Սա հատկապես քաղաքապետարանի թերացումն է՝ իր հերթին նկատում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Ըստ նրա՝ քաղաքաշինական փաստաթղթերը, որպես կանոն, հաստատվելուց հետո դրվում են մի կողմ և կյանքը ղեկավարվում է օրվա խնդիրներով:

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ ինչպես անձրևատար համակարգի, այնպես էլ դրանց աշխատանքը խոչընդոտող կառույցների հետ իրենք որևէ կապ չունեն: Ամբողջը «Վեոլիա ջրի» պատասխանատվությամբ է կատարվում:


«Վեոլիա ջրում» իհարկե համաձայն են, որ անձրևատար համակարգերի աշխատանքն ու դրանց մաքրման աշխատանքները իրենց գործառույթն է, բայց ամբողջն իրենց վրա բարդելն էլ ճիշտ չէ՝ նկատում է ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում նա հայտնեց, որ տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը, 350 կմ- անոց համակարգը, որից 320 կմ-ը՝ Երևանում, մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաև տեղադրվում են բացակայող ճաղավանդակները, դիտահորերը, իսկ վնասվածները փոխարինվում:


«Քաղաքապետարանում ճիշտ են ասում, որ Վեոլիան է շահագործում, բայց Վեոլիան շահագործում է ակն, ինչ որ իրեն հանձնել են: Քանաքեռում եթե չկա, մենք ոնց ենք պատասխան տալու անձրևաջրերի կուտակման համար»:  

Այս տարիների ընթացքում գրեթե բոլոր ստորգետնյա անցումների տակ անձրևատար համակարգի թողունակությունն ավելացվել է, որի շնորհիվ այլևս լուրջ հեղեղումներ չեն լինում: Փոխարենը չի պակասել կոյուղում կուտակվող աղբը: «Վեոլիա» ընկերությունում պարզապես ապշած են, թե ինչու պետք է շինարարական աղբը, կամ օրինակ լվացքի մեքենայի մասը հայտնվի կոյուղում:


«Այս կոյուղին սվարկով ջարդել ենք, մեջը լվացքի մեքենայի կորպուս: Սա «Վեոլիայի» հետ կապ ունի՞»։

Մուրադ Սարգսյանը բազմաթիվ լուսանկարներ ցույց տվեց, որոնցում երևում է, թե մասնավորապես ինչ տեսակի աղբ է կուտակվում կոյուղում: Հաշվի առնելով, որ դա հիմնականում մարդկային անփութության հետևանք է, «Վեոլիա ջրի» ներկայացուցիչը  հորդորում է մեր համաքաղաքացիներին արհեստականորեն չխցանել կոյուղին և թողնել, որ անձրևատար համակարգերը ծառայեն իրենց  նպատակին: 

0:00
0:00