Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ովքեր պետք է ապրեն Հյուսիսային պողոտայում
2019-05-10 18:12:42

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ոչ թե գումար տրամադրել, այլ՝ ապահովել բնակարաններով».  զինվորական կենսաթոշակառուներն ու նրանց ընտանիքի անդամներն այսօր այս խնդրանք-պահանջով էին կառավարության շենքի առջև հավաքվել:

Մինչ նիստի մեկնարկը, արդեն գիտեին՝ նախագիծը գործադիրի այսօրվա  նիստի օրակարգում է: Հավաքվել էին՝ մեկ անգամ ևս իրենց դժգոհությունն արտահայտելու համար:

Կառավարությունը հաստատել է նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը  խնդրի լուծման իրենց առաջարկից գոհ է: 

Կառավարությունում որոշել են՝  պահեստազորի զինծառայողներին բնակարանով կապահովեն. բնակարանի ձեռքբերման համար գումար կտրամադրեն:

Շահառուները, սակայն, դեմ են։ «Ռադիոլուրի» զրուցակից Անահիտ Վարդանյանի ամուսինը նախկին, որդին ներկա զինծառայող են: Նրա խոսքով,  կառավարությունից գումար չեն ուզում. «Մեզ մեր բնակարաններն են պետք: Ես օրինակ ապրում եմ Աբովյանում, ինձ տալիս ես 5 մլն դրամ: Դա անում է 11 հազար դոլար:  Ես հենց հիմա  տալիս եմ 12 հազար դոլար, վարկ կվերցնեմ, ինչ կանեմ, գումարը կտամ: Գնացեք Աբովյանում ինձ համար  երեք սենյականոց բնակարան գնեք»,- ասում Վարդանյանը:

Նրա կարծիքը կիսում են նաև ակցիայի մյուս մասնակիցները։ Ավելին,  վստահեցնում են՝ անգամ  ցածր տոկոսադրույքով հիփոթեք չեն կարող վճարել: Կառավարության անդամներին առաջարկում են   երեք ամսով   մարտական հերթապահության  տալ:

Այդ ընթացքում էլ փորձեն ընտանիքի հետ կապված խնդիրները լուծեն. «Տնից  զանգեն, ասեն, որ հաց չկա, ջուրն է տրաքել: Ու դու զանգես Պողոսին, ասես, տար երեք հազար դրամ տուր, պոստից կիջնեմ կտամ: Ինչ է  նշանակում դու լեյտենանտին հիփոթեքով բնակարան: Աստված չանի, բա որ ասենք մի չորս տարի հետ էդ լեյտենանտը ինֆարկտից մեռնում ա, հետո՞»,-  ծառայության ընթացքում ունեցած դժվարություններն են ներկայացնում:    

Կառավարության նիստում նախագիծը հաստատվեց: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ, ԲԳՎ կտրամադրեն երկարամյա   զինծառայողներին, առողջական խնդիրների պատճառով զինծառայությունից արձակված նախկին զինծառայողներին:

Այս նպատակով, 2018 թ. դեկտեմբերին կառավարությունը 5 մլրդ 705 մլն դրամ է հատկացրել :  Տոնոյանը նաև հստակեցրեց, թե ինչպես են գումարները բաշխվելու. «Երևանի բազմաբնակարան շենքերի շուկայական արժեքի միջին գումարը՝ 50 տոկոսով, մարզերում՝ թվաբանական միջինը, գյուղական  վայրերում՝ 90 տոկոսը»,-ասաց:  

Նախարարն ընդգծեց՝  առաջնահերթությունը կտրվի նախ սահմանամերձ բնակավայրերին, մարզերին, հետո՝ Երևանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պայմանավորվել են՝ տրամադրվող  գումարներով  մարզերում քաղաքացիները կկարողանան բնակարան ձեռք բերել: Նույնը նաև  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  վստահեցրեց:

Ավելին, նաև հավաստիացրեց,  գուցե նախատեսված գումարից կարողանան Երևանում ձեռքբերվող բնակարանների տոկոսադրույքները նվազեցնեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քննադատություններին. «Ինչ որ մի հարց  մեռյալ կետում է: Որևէ մեկը  ոչ հիշում է, ոչ մտածում, ոչ ուզում է լուծի,  բոլորը համարում են՝ նորմալ է: Երբ կամք է ցուցաբերվում, խնդիրը լուծվում է, ու շահառուների 90, 80 կամ 50 տոկոսի բնակարանային խնդիրը 100 տոկոսով լուծում ենք, բողոքներ են գալիս՝ էս ի՞նչ եք անում»:

Այս տրամաբանությունը կառավարության ղեկավարը  հասկանում:

Մեկ անգամ ևս պարզաբանում է. «Հիմա մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մարզերի ժողովրդի հարցը մենք  լուծում ենք: Երևանում էլ տարբերակ ենք առաջարկում, եթե ձեռնտու է, օգտվեք: Եթե ձեռնտու չի՝ էդ ոնց ա՝ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս չեք սպասում»,- ասում է:

Փաշինյանի խոսքով, գուցե շահառուների մի մասը ցանկանա  բնակարան ձեռքբերել Հյուսիսային պողոտայում, պետք է չափորոշիչները հասկանալ՝ ինչու, ասենք, Հյուսիսային պողոտա, և ոչ թե Ամիրյան փողոց:

Նիկոլ Փաշինյանը  գործընկերներից փորձեց տեղեկանալ, թե նրանցից  քանիսն է   ապրում է  Հյուսիսային  պողոտայում:  Պարզվեց՝ ոչ  մեկը:

«Պետք էլ չի: Այստեղ պետք է ապրեն նրանք, որոնք արդար օրինական, արդար ճանապարհով միլիոններ են վաստակել: Իսկ մենք պետք է երրորդ  մասում ապրենք, գուցե՝ ժամանակավոր այնտեղ չապրենք»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նախագծի քննարկումն ավարտելով՝ հետևայլ  ձևակերպմամբ. «Երրորդ մասում բնակվելն էլ վատ չէ »:

0:00
0:00