ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցուցադրվեց գլխավոր դատախազի դղյակը. ԱԺ-ում դատախազի հաշվետվությունն էր
2019-05-10 18:26:13

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկումը չէր կարող ընթանալ առանց աղմկահարույց հայտարարությունների եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող թեմաների:

ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը մի քանի օր է, ինչ անընդհատ այցելում է Աժ՝ նախ հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, իսկ լիագումար նիստում դատախազի հաշվետվությունը տեւել է 2 օր՝ ընդմիջվել է տոնական օրով:

Այսօր դատախազի հաշվետվությունը վերջապես ավարտվեց: Պատգամավորների մի մասը փորձեց փչացնել դատախազի օրը, բայց ինչպես Արթուր Դավթյանը վերջում խոստովանեց՝ դա չհաջողվեց:    

Ծրագրային աշխատանքներից ավելի այսօր խորհրդարանում շատերը փորձում էին բացահայտել գլխավոր դատախազի գաղտնիքը՝ ինչ արժանիքների համար Արթուր Դավթյանը 2016-ին դատախազի պաշտոնը ստացավ Սերժ Սարգսյանից, եւ պահպանեց այն թավշյա հեղափոխությունից հետո: Կենսագրությունն ուսումնասիրելու՝ Դավթյանի խորհրդից օգտվեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ բացահայտումներով մոտենալով ամբիոնին: 

« Ձեր օրը փչացնեմ, էլի: Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ Գլխավոր դատախազության ՏՏ եւ անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, 2017-ին Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: Արդյո՞ք կոռուպցիա չէ Տարոն Մարգարյանի կողմից 2 տարի առաջ ձեզ հատկացված հողատարածքը Աջափնյակ հողատարածքում: Երկու տարվա ընթացքում Դուք կառուցել եք կես միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն: Երբ Ձեր ուսումնառությունն ավարտում էիք 2000-ին Հոռոմ գյուղում ունեիք մի հատ հողատարածք, մի հատ էլ շատ համեստ տուն»:

Եվս մի քանի փաստ Արթուր Դավթյանի դատախազական շրջանից: Պետբյուջեի հաշվին փոխել է համակարգի համազգեստը՝ 58 միլիոն դրամով, Գլխավոր դատախազության շենքի տանիքում նախաձեռնել է նոր հարկի կառուցում՝ 160 միլիոն դրամով,  նոր կառուցված հարկ է տեղափոխել 100 քառակուսի մետր տարածքով իր աշխատասենյակը, եւս 14 միլիոն դրամ պետբյուջեից ծախսվել է ուղիղ դեպի դատախազի առանձնասենյակ տանող վերելակ տեղադրելու համար: Այս բոլոր փաստերն, ըստ էության գլխավոր դատախազը չհերքեց, բայց հաստատեց, որ ներկայացված փաստերով տրամադրությունը փչացնել չհաջողվեց.

« Որովհետեւ այդ ամեն ինչի մեջ ես որեւէ տեղ ամաչելու կամ սխալ արած որեւէ առիթ չունեմ»:


Փոխարենն, ըստ դատախազի՝ կան քողարկված նպատակներ, որ մարդկանց մոտեցնում են դեպի խորհրդարանական ամբիոն:

« Ես հասկանում եմ, որ իմ հետեւողական, սկզբունքային աշխատանքի պատճառով մարդկանց խորն եմ ցավեցնում: Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ հասարակ մարդիկ չեն երբեմն, բավականին լուրջ ռեսուրսներով: Ընդհուպ այնպիսի ռեսուրսներով, որ այս դահլիճում իրենց ձայները կարող են լսվել, բայց դուք իրենց չտեսնեք: Այստեղից կհնչի խոսք՝ հետեւից ականջներ կերեւան, թե ականջներն առջեւից կլինեն՝ ես իմ գործն անելու եմ»:

Հանրային հնչեղություն ունեցող գործերին զուգահեռ ավելացել է եւս մեկը, որ հայտնվել է դատախազի ուշադրության կենտրոնում: Գործը կրկին կապ ունի նախկին պաշտոնյաներից մեկի հետ: Սյունիքի նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի վերաբերյալ դատավարությանը մեղադրվող անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել, եւ այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին։

Նախկին պաշտոնյաներն իրենց նախկին գործընկերոջը այլեւս չեն զանգում, Արթուր Դավթյանին վաղուց որեւէ հարցով չեն դիմում: Համենայնդեպս՝ դատախազն ինքը դա հաստատում է:

« Նախկին, ավելի նախկին, ներկա կամ վաղուց. ինձ վաղուց չեն խնդրում: Մարդիկ իմացել են, որ եթե ինձ խնդրում են, որպես կանոն՝ դա հակառակ էֆեկտն է ունենում»:

Խորհրդարանական մեծամասնության անդամների վերաբերմունքը դատախազի անձի հանդեպ հակասական է: Անգամ պետաիրավական հանձնաժողովի անդամների մոտ կա տարաձայնություն: Թագուհի Թովմասյանը հստակ մեղադրանքներ ուղղեց դատախազին,  մինչդեռ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Արթուր Դավթյանին ընկեր համարեց:

«Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն գործով ներգրավված էր Աժ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Ըստ էության քննությունը գնաց այնքան դանդաղ, որ կարողացավ պատգամավորը դուրս գալ երկրից եւ հիմա հետախուզման մեջ է: Երկրորդը՝ կարծում եմ, հաց բերող Արթուր Սարգսյանի մահը բոլորիս խղճին է, այդ թվում եւ Ձեր»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

«Ես Ձեզ ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից եւ չեմ վախենա Ձեզ ընկեր անվանել: Բայց դա չի նշանակում, որ որեւէ ընկեր կարող է բարձր դասվել օրենքից: Մենք չափազանց պահանջկոտ ենք գտնվելու Ձեր նկատմամբ ելնելով նրանից, որ հասարակության սպասելիքները, այդ թվում նաեւ այս խորհրդարանից, չափազանց մեծ են»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Կարգի համաձայն՝ որեւէ քվեարկություն դատախազի հաշվետվության առնչությամբ չի կազմակերպվում: Խորհրդարանը փաստաթուղթն ընդունեց ի գիտություն:

0:00
0:00