Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աղիքային ցուպիկ՝ աչքի դեղում. ի՞նչ է կատարվել Մալայանում
2019-05-10 18:40:58

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Մամուլում շրջանառվում էր, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 10 հիվանդի դեղ ներարկելուց հետո նրանց տեսողությունը վատթարացել է: Ըստ հրապարակումների` պատճառը «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոցն է եղել: 

 

Շաքարային դիաբետով 10 հիվանդների մոտ ախտորոշված ակնահատակային ցանցաթաղանթի փոփոխությունների համար Մալայան ակնաբուժական կենտրոնում   կատարվել են  ներակնային սրսկումներ, որից հետո հաջորդ օրը հիվանդների մոտ առաջացել է ներակնային բորբոքում:

 

Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն է ներկայացնում իրավիճակը: «8-ի մոտ որոշակի երևույթներ կար, երկուսի  մոտ  դեղորայքի միջոցով դա կանխվեց, իսկ մնացածներին վիրահատեցինք: Թե ինչ դեղորայք է ներարկվել, այժմ այդ բոլոր փաստաթղթղերը գտնվում է ԱՆ-ում»,- ասում է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը:

 

Դեղորայքի անվանումը  ակնաբույժը չնշեց, սակայն երեկ կենտրոնի փոխտնօրեն Զառա Մալայանը լրագրողի հետ հարցազրույցում նշել էր փորձաքննության  նախնական արդյունքը:

 

«Ուղղակի դեղը վարակված էր, աղիքային ցուպիկ կար: Նախնական չեմ կարող  դեղի անունն ասել:  Սակայն լաբորատոր արդյունքները նախնական դա է ցույց տալիս: Միանգամից 5 հոգի չէին կարող բժշկական սխալից վարակվել»,-նշեց փոխտնօրեն Զառա Մալայանը:

 

Սակայն հիվանդանոցի տնօրենը հերքեց դստեր  խոսքերը: Նման բան ուղղակի հնարավոր չէ: Բակ անալիզի պատասխաններն այդքան շուտ պարզել չի լինում: «Դա ֆանտազիայի արդյունք է», -ասում է պրոֆեսոր Մալայանը:

6 հիվանդ այս պահի դրությամբ վիրահատվել է և արդեն ստանում է  ամբուլատոր բուժօգնություն: Հիվանդների վիճակը կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը գնահատեց լավ: Իսկ բորբոքումները հնարավոր է լինեն ներարկումից կամ  կաթիլներից: Սակայն առավել հավանական է, որ այն ներարկման արդյունք լինի, ասում է ակնաբույժը:  «Ներարկումը կարող է ինքնըստինքյան դեղ պարունակողն առաջացնի, կարող է  ներարկման ժամանակ  խախտված լինեն հիգիենիկ նորմերը»:  

 

Դեղի անվանումը  չի նշվում, սակայն մամուլում շրջանառվում է «Ավաստին» դեղամիջոցը: Իսկ այն ներկրում է «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որն էլ տարածել էր պարզաբանում, թե Ավաստինը նախատեսված չէ ներակնային ներարկման համար, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։

Բացի այդ, դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն այն պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե դա  նույն պահին չի կատարվում, ապա բաց սրվակի մեջ կարող է ինֆեկցիա փոխանցվել՝ ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ալեքսանդր Մալայանը թեեւ չի տալիս դեղի անունը, սակայն մեր հարցին ի պատասխան նշում է, որ այն դեղը, որը ներարկվել է նորմերին համապատասխան է.

«Մեկ սրվակն օգտագործվում է 10-12 հիվանդների համար,  վիրահատական ստերիլ պայմաններում բաժանվում է ներարկիչների մեջ և սրսկվում է իրար հետևից»,-ասաց տնօրենը:

«Նատալի ֆարմն» իր հերթին նշում է, որ ցանկացած դեպքում  իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում, քանի որ հանդիսանում են  զուտ ներկրող, իսկ  վարակի հաստատման դեպքում անհրաժեշտ է դիմել ոչ թե ներկրողին, այլ արտադրողին՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությանը։

0:00
0:00