Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թավշյա սերնդափոխություն ապրած Գեղասարի քարուքանդ ճանապարհները դարձյալ դեպի Ռուսաստան են տանում
2019-05-11 12:54:30

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Գեղասարի կանանցից շատերի բջջային հեռախոսներում անպայման ռուսական հեռախոսահամար կա: Ձմռան ամիսներին այդ համարներով զանգերը զգալիորեն նվազել էին, բայց շուտով կակտիվանան: Նոր տարուն եկած ու ձմեռն ընտանիքի հետ անցկացրած տղամարդիկ ճանապարհի վրա են: Ի դեպ, օրերս տեղացած ձյունը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Գեղասարի ճանապարհները ճանապարհ կոչվելուց հեռու են: Դրանով զբաղվել, մտահոգվել, բայց առ այսօր արդյունքի չեն հասել Գեղասարի նախահեղափոխական եւ հետհեղափախոկան իշխանությունները:

2018-ի օգոստոսի 6-ին Լոռու մարզի Գեղասար համայնքում թավշե սերնդափոխություն տեղի ունեցավ. Գյուղը 18 տարի ղեկավարած 70-ամյա Ստասիկ Հովհաննիսյանին փոխարինելու եկավ երիտասարդ Վարազդատ Գրիգորյանը: Գեղասար այցի ընթացքում նախ ստաժով ավելի մեծ նախկին համայնքապետին հանդիպեցինք: Օգնում եք արդյոք ձեր երիտասարդ իրավահաջորդին հարցին Ստասիկ Հովհաննիսյանի պատասխանն այսպիսին էր. «Եթե պետք լինի, իհարկե»:

Վերջին ընտրություններում կրած իր պարտությունը Ստասիկ Հովհաննիսյանն, ինչպես ասում է, թեթև է տարել: Վստահեցնում է՝ չէր էլ ուզում թեկնածությունը դնել, պարզապես՝ «Դրել էի, բայց չէի ուզում, շեֆս արեց՝ կինս: Ասաց՝ եթե չդնես, կմտածեն՝ տակդ ինչեր կան: Ինչքան ղեկավարել եմ, հերիք է, համ էլ վարչապետն ասում է՝ թող ջահելները գան»:

Գեղասարի ջահել համայնքապետ Վարազդատ Գրիգորյանի՝ նախորդից ժառանգած խնդիրների ցանկում նախ խմելու ջրի, ոռոգման ցանցի հարցերն են, որոնք հեշտ լուծվողներից չեն: Ի դեպ, նախկին համայնքապետն էլ ասաց, որ այս ուղղությամբ երկար տարիներ տանջվել, բայց արդյունքի չի հասել: Մեր այցի ընթացքում Գեղասարում ձյուն էր տեղում՝ ավելի ակնառու դարձնելով համայնքի ճանապարհների անմխիթար վիճակը: Համայնքապետի խոսքով՝ «գրունտ լցրեցին բայց չդիմացավ, խնդրի լուծումը ասֆալտապատումն է»:

Առայժմ ցեխոտ ճանապարհներով մի կերպ գյուղամիջի խանութ եմ հասնում, աշխատակցի հետ զրույցում խնդրում եմ նաև խանութի, այսպես կոչված, նիսյայի ցուցակը՝ որպես համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը բացահայտելու լավագույն փաստատուղթ: Հաստափոր տետրերը թերթելով աշխատակիցն ասում է. «Այստեղ մի ժամ սպասեք, տեսեք՝ մարդ գալիս է , թե չէ: Չկա, մարդ չկա»:

Խանութի նիսյայի ցուցակում նաև արտագնա աշխատանքից վերադարձածներ կան. «Ռուսաստանից եկել, բայց պարտքն էլի չեն կարողացել մարել, անհրաժեշտ ալյուրն ու փայտն առել են ու տակը ոչինչ չի մնացել»,-պարզաբանում է խանութի աշխատակիցը:

Շուրջ 700 բնակիչ ունեցող Գեղասարում մեծ է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ինձ հաջողվեց զրուցել տղամարդկանց հետ, որոնք, ինչպես ասացին՝ ճանապարհի վրա են: Մհեր Գրիգորյանն ասաց, որ արդեն 16 տարի ընտանիքը թողնում ու արտագնա աշխատանքի է մեկնում մեծ դժվարությամբ:

Հայկուշ Հովհաննիսյանի ընտանիքում էլ արտագնա աշխատանքի մեկնողներ կան՝ 61-ամյա ամուսնուն արդեն ճանապարհել էին, որդին էլ ասաց ՝ մոտ օրերս է գնալու: Կատակում է. «Այնքան ենք սովորել նրանց բացակայությանը, որ տանը տղամարդկանց ներկայությունն այլևս չենք հանդուրժում: Կարծես շնչներիս նստած լինեն»:

Զրուցակիցս Գեղասարի դպրոցում է աշխատում 1975 թվականից: 88-ի երկրաշարժից հետո ընտանիքն ավելի քան 30 տարի ապրում է 10 տարվա համար նախատեսված ժամանակավոր տնակում: Իտալական է, որակյալ, նույնիսկ ավելի տաք է, քան սովորական տները, տարիների ընթացքում էլ ամրացրել, բարեկարգել են, տնից չի դժգոհում: Տիկին Հայկուշն ընդհանրապես լավատես է, քանի որ մանկավարժների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի խոստումը նաև Գեղասարի մանկավարժներին է հասել:

Նիկոլ Փաշինյանից լսած լուրը Հայկանուշ Հովհաննիսյանն ընդունել, ուրախացել է, բայց աղքատությունն ուղեղից հանելու՝ վարչապետի առաջարկն ասում է՝ առ այսօր չի հասկացել: Չի ընդունում նաև տեսակետը, թե ժողովուրդն աղքատ է, որովհետև ծուլացել է:

«Մարդ պիտի ամեն ինչով ապահովված լինի, որ կարողանա աղքատությունն ուղեղից հանել: Եթե նա ապրում է թոշակից թոշակ, կոպեկը կոպեկի վրա դնելով, ինչպես կարող է մոռանալ, որ աղքատ է: Եթե արտասահմանի նման նպաստ տային, կասեի՝ հա, ժողովուրդը ծուլացել ու բան չի անում»:

«Աշակերտներս դպրոցից, բանակից հետո գնում են Ռուսաստան, մեջքի ցավով վերադառնում են: Կանայք էլ այստեղ են ծանր աշխատանք անում ու հազար ու մի հիվանդություն ստանում, ինչ ծուլության մասին է խոսքը»,-զարմանում է տիկին Հայկուշը:

0:00
0:00