ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեռացող խորհրդարանի արածն ու չարածը
2018-11-22 18:09:31

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»


Պատգամավորներն այսօր վերջին անգամ հավաքվեցին խորհրդարանում: Արտահերթ նիստով այսօր ընդունվեց 2019-ին պետական բյուջեի նախագիծը: Հենց այս քվեարկության շրջանակում էլ հանրապետական պատգամավորները կազմակերպեցին «ֆլեշմոբ»:

Սա, ըստ էության, հեռացող խորհրդարանի վերջին աշխատանքն էր: Այսօր «Ռադիոլուրը» խորհրդարանում փորձել է հասկանալ՝ ինչ զգացումներով են հեռանում պատգամավորները եւ ինչ մթնոլորտ է տիրում ԱԺ շենքում:

Հեռացող խորհրդարանի պատգամավորներն այսօր վերջին անգամ հավաքվեցին նիստերի դահլիճում: Քվեարկեցին 6 հարցի համար եւ վերջ. 17 օրից արդեն ընտրողն է որոշելու՝ այժմ ներսում աշխատող պատգամավորներից ով հնարավորություն կստանա կրկին վերադառնալ ԱԺ շենք:

Խորհրդարանի այսօրվա կարճատեւ աշխատանքը թերեւս աչքի ընկավ հանրապետական խմբակցությունից մի քանի պատգամավորի «ֆլեշմոբ»-ով:

Որակումը տվեց հենց պատգամավորներից մեկը: 2019-ի բյուջեի քվեարկությունից առաջ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Արմեն Աշոտյանը չմիացան հարազատ կուսակցության՝ բյուջեի նախագծին կողմ քվեարկելու խոստմանը: Հանրապետականը մի քանի պատգամավորի ազատ քվեարկելու իրավունք էր տվել:  

  • Սա հետընթաց բյուջե է, ոչ թե՝ իներցիոն. Էդուարդ Շարմազանով
  • Ոչ թե 100 տոկոսով խոստումների կատարման, այլ՝ չկատարման բյուջե է. Արփինե Հովհաննիսյան
  • Միանում եմ իմ գործընկերների այս ֆլեշմոբին. Արմեն Աշոտյան

Լուծարված խորհրդարանն իր վերջին քվեարկությամբ՝ 66 կողմ ձայնով ընդունեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Վերջնական հաստատեց նաեւ, որ Բաղրամյան 26 շենքը փոխանցվում է երկրի նախագահին, վարչապետին մնում է կառավարության շենքը: Այս օրենքի շրջանակներում Արմեն Աշոտյանը փորձեց իր առաջարկությամբ ավելի հաշվետու դարձնել կառավարությանը:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ առաջարկը ժամանակավրեպ է.

«Դուք երկար տարիներ ունեիք կառավարությանը ավելի հաշվետու դարձնելու: Երկրորդ՝ հարկ չկա ուղղակի: Կառավարությունն անհամեմատ շատ ավելի հաշվետու եւ թափանցիկ է, քան, օրինակ՝ 6-7 ամիս առաջ: Ես առաջարկում եմ, որ ձեր հիանալի հռետորաբանական ձիրքը եւ ճարտասանությունը համրարեցնել գրավոր տեքստերի համար, թույլ տվեք ենթադրել, որ շուտով գրավոր տեքստերի անհրաժեշտություն եւ պրակտիկայի առիթ կլինի»:  

Փոխվարչապետի վերջին ակնարկից հասկանալի է՝ այսօրվա պատգամավորներից շատերի վերադարձի մասով լուրջ կասկածներ կան: Արդեն հստակ է, որ առաջիկայում քաղաքականության մեջ այլեւս չենք տեսնի նախկին գլխավոր դատախազ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին:

«Այնպես չի, որ ես հնարավորություն չունեի պառլամենտ մտնելու համար միջոցներ ձեռնարկել: Նման առաջարկներ շատ են եղել: Պառլամենտական գործունեությունը ինձ համար հոգեհարազատ չի: Դրա համար ես ցանկացած պարագայում որոշում կայացրել էի, որ պառլամենտական գործունեության մեջ երբեւէ ներգրաված չեմ լինի: Առնվազն առաջիկա 5 տարին՝ հաստատ»:  

Կոստանյանը հեռանում է ոչ միայն քաղաքականությունից, այլեւ՝ երկրից: Ասում է՝ ժամանակավոր է, «դրսի» կառույցներից աշխատանքի առաջարկ է ստացել: Կոստանյանի պես այս խորհրդարանում նոր պատգամավոր էր նաեւ Շաքե Իսայանը: Փորձեցի նրանից պարզել՝ ինչ հասցրեց անել կամ չանել այս 1.5 տարվա ընթացքում: Այս ճշտումն այսօր շատերն էին անում:

«Այն, ինչ ես հասցրեցի այս 1.5 տարվա ընթացքում տեսնել, գոնե իմ ավագ գործընկերներն ասում են, որ նախորդ 10 տարիներին այսպիսի բուռն իրադարձություններ չեն եղել: Շատ դեպքերում անգամ պրոցեսներն այնքան արագ էին տեղի ունենում, որ չէիր հասցնում հետեւից գնալ: Ուրախ եմ, իհարկե, որ հենց այս ժամանակաշրջանում եմ եղել խոհրդարանում: Չեմ կարծում, թե այս 1.5 տարվա ընթացքում կարողացել ենք լիարժեք խորհրդարանական գործունեություն կարողացել ենք իրականացնել»:   

Գործընկերոջ կարծիքը չի կիսում պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Շատ է ափսոսում այս խորհրդարանը, համոզված է, որ դեռ շատ գործեր կարող էին անել.

«Չեմ ուզում թաքցնել. Ափսոսում եմ: Որովհետեւ պրոֆեսիոնալների խորհրդարան էր եւ եթե մինչեւ իր ժամկետի ավարտն աշխատեր, բնականաբար, շատ ավելի արդյունավետ կլիներ: Բավականին ծրագրեր կային, որոնք, ցավոք, չենք հասցրել իրականացնել»:

Այս խորհրդարանը նորին փոխանցում է ոչ թե հին, այլ նոր ժառանգություն: Այս պահին խոսքը զուտ շենքային պայմանների մասին է: Ամռան ամիսներից սկսած այստեղ մեծածավալ վերանորոգման աշխատանքներ են, որոնք դեռ չեն ավարտվել։ Այս պահին ես անցնում եմ սանհանգույցների մոտով: Աժ-ի հին մասնաշենքի բոլոր սանհանգույցները հիմնովին վերանոգորվում են:  

Որքան սանհանգույց կա Աժ-ի հին մասնաշենքում՝ չեմ կարող ասել, բայց դրանց վերանորոգման արժեքը շուրջ 53 միլիոն դրամ է: Գումարը՝ այս տարվա պետբյուջեի հատկացումներից է: Վերանորոգման արդյունքը, սակայն, արդեն կտեսնեն եւ կգնահատեն նոր պատգամավորները:  

0:00
0:00