ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը
2019-05-13 08:03:35

Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ ասվում է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի մայիսի 12-ին տարածած հայտարարությունում:

Հայաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար»:

Վերջին ժամանակաշրջանում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են զինծառայողներ շփման գծում և սահմանին, ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը:

«Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։ Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին»,-ասվում է հայտարարությունում։

2019թ․ մայիսի 12-ին լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։

Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։