ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Արարենք միասին». ՀՄՀ հանդեպ վստահությունը մեծացել է
2018-11-22 18:33:40

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»


Այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 22.00-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ուղիղ հեռարձակմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ամենամյա 22-րդ հեռուստամարաթոնը: Ակնկալիքները մեծ են՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպական երկրներում արձանագրված խոստումները:

«Արարենք միասին». «Հայաստան համահայկական հիմնադրամն աշխարհի բոլոր հայերին հորդորում է  մասնակցել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից այսօր ուղիղ հեռարձակվող հեռուստամարաթոնին ու ներդրում ունենալ Հայաստանի ու Արցախի շենացմանը:

«
Հեռախոսամարաթոն-2018»-ի գումարներն ուղղվելու են Արցախում արևային էներգիայի ներդրման, խորքային հորերի կառուցման, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացման, նաև Հալեպի հայերի կարիքները հոգալու նպատակներով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» ասաց, որ դրսում տիրող տրամադրությունները հուսադրող են.

«Ես կարող եմ միանշանակ պնդել, որ տրամադրությունները շատ լավն են: Այս տարի մեզ միացել են սփյուռքահայ այնպիսի մարդիկ, որոնք անցած տարիներին մեզ հետ չէին: Այդ առումով սփյուռքում շատ հետաքրքիր տեղեշարժեր են եղել: Ընդհանուր առմամբ դրականն ավելի շատացել է տրամադրություններում ու հարաբերություններում: Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց կարծում եմ դրական անակընկալներ ամեն դեպքում կգրանցենք»:

Հիմնադրամի նկատմամբ արտերկրում կա՞ վստահություն, Ռադիոլուրի հարցին Անուշ Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց:

«Հիմա այո: 5 մլն ԱՄՆ դոլարի չափ նվիրատվություն է արվել, եթե վստահություն չունենային  որևէ բարերար նման գումար չէր տա: Կարծում եմ նոր իրողությունները շատ ավելի բարձր մակարդակի կհասցնեն վստահությունը:  Ճիշտ է հիմնադրամը ապաքաղաքական կառույց է, բայց շատ դեպքերում ասոցացվում է իշխանության հետ: Ու քանի որ մեր իշխանություններն ունեն վստահության ու լեգիտիմության  բարձր աստիճան, ապա դա կարտահայտվի նաև մեր վրա»:

Մի քանի օր առաջ մարաթոններ կազմակերպվեցին նաև Կանադայում Բրազիլիայում ու եվրոպական երկրներում: Արդյունքը գոհացնող է հատկապես Կանադայում արձանագրված ցուցանիշներով՝ ասում է Անուշ Մարտիրոսյանը։ Բրազիլիայում 30 հազար դոլար է հավաքագրվել, Կանադայի Տորոնտո քաղաքում՝ 1 մլն, եվրոպական երկրներում անցկացված հեռախոսամարաթոնին հավաքվել է 1մլն. 242 հազար եվրո:

«Կանադայի հավաքագրված գումարը այս տարի՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է: Բրազիլիայում նույնն է: Բայց էդ երկրներում հեռախոսամարաթոնը դեռ շարունակվելու է  մինչև ելկող տարվա փետրվարը ու այդ ընթացքում դեռ էլի կհավաքագրվի: Դրա համար նախապես չենք կարող ասել  ինչ արդյունք կլինի»:

Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը համահայկական հեռուստամարաթոնի մասնակցության առումով դժվարանում է կանխատեսում անել՝ ոմանք ոգեւորված են, ոմանք զգուշավոր՝ ասում է։ Նա ավելի նոր մոտեցումների կողմնակից է.

«Օրինակ մենք 200 դրամ ենք հավաքում վարչությունում ամեն շաբաթ, բանկայի անունը պայմանական դրել ենք «Արցախ բանկա», դա մեծ բեռ չէ որևէ մեկի համար, բայց  տարվա կտրվածքով դա քիչ գումար չի կազմում, հետո այդ գումարը տալիս ենք մի որևէ կարիքավորի… դա ընդամենը 30-40 ցենտ է, ավելի նոր մոտեցումներ պետք է լինեն»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններից հետո, սովորաբար, հիմնադրամից դժգոհություններ էին լինում, թե նվիրատվությունների համար տրված խոստումները  շատ դեպքերում իրականություն չեն դառնում: Այս անգամ պատկերն այլ է , հիմնադրամից վստահեցրեցին, որ նախորդ տարվա մոտ 12,5  մլն.դոլարի խոստումները իրականություն են դարձել:

0:00
0:00