ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սեւ ուրբաթից» օգտվեղների «սեւ գործերը»
2018-11-22 18:56:18

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վաղն աշխարհում հայտնի մեծ զեղչերի օրն է՝ «Սև ուրբաթ»-ը: Եվ սրան ընդառաջ էլ ակտիվանում են  միջազգային կիբեր-հանցագործները:  
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետները զգուշացնում են, որ սրան զուգընթաց ակտիվացել են նաև կիբեր հանցագործությունները: Օնլայն գնումներ կատարելու համար ինչպե՞ս զգուշանալ այս ընթացքում բացված կեղծ կայքերից:   

Սոցիալական ցանցերում գրանցվածները կփաստեն, որ Ֆեյսբուքը «սև ուրբաթին» ընդառաջ ողողվել է օնլայն գնումներ կատարելու գրավիչ կայքերով: Հայտնի բրենդների կրկնօրինակ կայքեր են բացվում, որոնք էլ  հայտարարված մեծ զեղչերով ծուղակն են գցում գնորդին:

«Խաբնվում են, մտնում են, առևտուր են անում  և առևտուր անելուց իրենք տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները։ Փաստացի և ինչ է լինում. ապրանքը իրենք իհարկե չեն ստանում, կորցնում են ապրանքի գումարը և շատ հաճախ էլ քարտից հետո գումար են հանում, որովհետև հանցագործն ունի  բանկային ողջ  տվյալները»:

Զրուցակիցս նման ծուղակի զոհերից է: Յուլիաննա Լալաբեկովան տարիներ շարունակ օգտվում է հայտնի օնլայն խանութներից: Amazone, eBay, AliExpress, BestBuy. առցանց գնումների մոտ10 տարվա փորձ ունեցող  Յուլիաննան և՛ ուշացումով, և՛ հաջող, և՛ անհաջող ապրանքներ ստացել է: Սակայն, որ ընդհանրապես չստանա ոչ ապրանքը, ոչ էլ գումարը, չէր եղել:


Ֆեյսբուքյան գովազդով բրիտանական
enkitchenshop.com կայքն առաջարկել է խոհանոցային պարագաների գրավիչ զեղչերով տարբերակ: Կայքը լավ ուսումնասիրելուց հետո զրուցակիցս կատարել է էլեկտրոնային գնումը:

«Ընտրեցի խոհանոցային ինչ որ հավաքածու ու միկրոալիքային փոքր վառարան: Այդ ամենն իրար հետ կազմում է մոտ 90 դոլար: Ինչ որ sms-ներ էր գալիս Ամերիաբանկից վրա-վրա, որ ինչ որ չինական կայքին փոխանցվել է գումար և գումարը նշված էր յուանով: Եվ այն կազմում էր մոտ 230 դոլար»:

Գնորդը հասկացել է, որ արդեն ինչ որ բան այն չէ: Փորփրել է կայքը, որպեսզի չեղարկի գնումը, սակայն ոչինչ չի հաջողվել, հնարավոր չի եղել նամակ ուղարկել: Այնուհետև տեղեկատվական անվտանգության մասնագետներից ճշտել է, որ բրիտանական կայքը նորմալ կայք է եղել, սակայն վաղուց չի գործել: «Սև ուրբաթ»-ից առաջ այն ուղղակի ենթարկվել է հաքերային հարձակումների:

«Ենթադրում էինք, որ չինացիներ էին, որովհետև յուանով էին գանձումները կատարվել և փոխանցվել էին խառը չինական  կայքերի հաշիվներին»:  

Բանկում գրել է դիմում և սպասում է, որ մինչև 60 աշխատանքային օրերի ընթացքում պատասխան կլինի, սակայն այնտեղից ասել են, որ գումարը վերադարձնելու որևէ երաշխիք չունեն:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս միայն վերջին 10 օրերի ընթացքում  նման ճանապարհով բազմաթիվ խաբվածներ արդեն կան, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նախորդ տարի ամենամեծ զեղչերի օրը Հայաստանում գրանցվել է օնլայն առևտրի ողջ տարվա ծավալի 10 տոկոսը:

«Պետք է հաշվի առնել մի քանի կարևոր բան: Մեկը դա եթե շատ լուրջ զեղչեր են արդեն մարդ պետք է մտահոգվի: Եթե ինչ որ բրենդի կոնկրետ անուն է այդ խանութը կրում, արժի մի հատ գուգլում որոնել։ Հստակ կտեսնեք, որ իրական կայքն ուրիշ անուն ունի: Կամ եթե ինչ որ կայք կա, որտեղ օգտակար ապրանքներ են վաճառվում, գերադասելի է ստուգել այդ կայքի տարիքը»:

Կեղծ կայքերը տարբերելու համար պետք է մուտք գործել scamadviser.com հասցե, տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետը:  

0:00
0:00