Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերելակների սպասարկման գումարը կարող է ավելանալ 20-30 %-ով
2019-05-13 18:16:00

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր պարզաբանել է՝  ինչպես հասկանալ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը, թե վերելակներ ունենալու համար պետք է վճարեն բնակիչները:

Վերելակները փոխելու, բարեկարգելու նոր ծրագիրը ավարտական փուլ է մտել՝ ասել է նա՝ հավելելով, որ մոտ օրերս կդիմեն կառավարություն՝ համապատասխան ֆինանսական մոդելը հաստատելու համար։

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱԻՆ-ի ուսումնասիրած 1100 վերելակից 31-ը ընդհանրապես շահագործման ենթակա չէ։

Վերելակների օգտագործման թույլատրելի ժամկետը 25 տարի է: Մայրաքաղաքի վերելակների 90 տոկոսը վաղուց հատել է այդ շեմը: 2012-2018  թվականների ընթացքում վերելակների անսարքության պատճառով գրանցվել է վեց զոհ և հինգ վիրավոր:

Ուզում եք օգտվել նոր ու անվտանգ վերելակներից, ուրեմն հավելյալ վճարեք. Երևանի քաղաքապետարանի՝ մեկնարկային փուլում գտնվող վերելակների փոխարինման  ու բարելավման ծրագրի հիմքում հենց այս սկզբունքն է: Առաջին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ առանց բնակիչների  օգնության ծրագիրն իրականացնել չեն կարող.

«Վերելակներ փոխելու ֆոնդը բավականին ծախսատար է: Այս պահին քաղաքի բյուջեում այդքան գումար չկա: Խոսքը 30 միլիարդ դրամի մասին է՝ 3600 վերելակ  փոխելու համար: Եթե քաղաքի բյուջեից այդ  գումարը վերցնենք, նշանակում է՝ մի ամբողջ տարի  այլ ծրագիր չպետք է անենք»:

Նախագծված ձևաչափը ներառում է կառավարության աջակցություն, լրացուցիչ ռեսուրսների ներգրավում՝  փոխառու, վարկային կամ դրամաշնորհային միջոցների տեսքով: Ծրագիրը նաև ենթադրում է վերելակների փոխարինման  և այդ նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում: Փոխհատուցողը բնակիչն է.

«Բնակարանի սեփականատերը, վերելակի համար ամսական վճարում է միջինը 1600 դրամ: Այդ գումարը կավելանա 20-30 տոկոսով, որ նոր վերելակների ֆոնդի գումարի մի մասն ունենանք»:

«Քաղաքում իրականացվող ցանկացած ծախս, այսպես թե այնպես, իրականացնում է բնակիչը: Հետևաբար՝ քաղաքապետ Հայկ Մարությանի այն խոսքը, թե այդ ծախսերը իրենց վրա պետք է վերցնեն բնակիչները, միանգամայն օրինաչափ է»,-նկատում է փոխքաղաքապետն ու հավելում.

 «Բնականաբար որևէ քաղաքապետ իր անձնական միջոցները չի ծախսում քաղաքի հոգսերը հոգալու համար, առավել ևս նախկին մեր բոլոր քաղաքապետերը: Ես հաստատում եմ, որ քաղաքացիները պետք է վճարեն նման գործառույթների դիմաց: Այս ծրագրով նոր կապիտալ ներդրում է իրականացվելու բնակիչների սպասարկման համար: Նույնը տեղի է ունենալու թե՛ տրանսպորտի, թե՛ այլ ոլորտներում»:

Ինչպես նշվեց, ծրագիրը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական բեռ բնակիչների համար։ Արդյո՞ք այստեղ չկա խնդիր սպառողի իրավունքի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ երևանցին արդեն վճարում է հարկերի ու տուրքերի տեսքով և Երևանի քաղաքապետարանից ակնկալում է որակյալ ծառայություններ՝ վերջինի բյուջեում  իր իսկ վճարներից գոյացած շուրջ 31 միլիարդ դրամի շրջանակներում: Մեր հարցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն արձագանքում է.

« Լավ կլիներ, որ Երևանի փոխքաղաքապետը հիշեր, թե քաղաքական ինչ ուժ է ներկայացնում: Դա այն ուժն էր, որը խոստացել էր փոխել և վերելակային տնտեսության սպասարկման այս տարվա ծախսը՝ նախորդի համեմատ  նվազեցրել էր և ասում էր, որ նույն ծավալի  աշխատանքը քիչ գումարով կանեն»:

«Եթե բնակիչն է լուծում խնդիրը, գուցե բնակիչն էլ որոշի, թե ումից ձեռք բերի այդ վերելակները»,- նկատում է Պիպոյանը՝ նշելով, որ այս դեպքում քաղաքացիների վրա լրացուցիչ բեռ դնելը վատ կառավարման ցուցիչ է:

0:00
0:00