ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետը Բրյուսելում մասնակցել է ԱլԳ 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին
2019-05-14 10:25:29

Աշխատանքային այցով Բրյուսել ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:

Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին և Կառլ Բիլդտը, ովքեր Արևելյան գործընկերության նախաձեռնողներից են:

Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ  աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում էր: Այցի շրջանակում վարչապետը հանդիպել էր Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ։ Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո  հանդիպումը շարունակվել էր ընդլայնված կազմով: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված ճաշից հետո վարչապետը հանդիպել էր նաև Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ: