ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ավելի լավ է կուշտ մեռնենք, քան սոված». թեղուտցիները՝ հանքի վերագործարկման մասին
2019-05-14 12:14:26

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Թեղուտի հանքավայրի փակվելը բացասական հետևանքներ է ունեցել Թեղուտ գյուղի վրա: Տեղացիները հայտնվել են սոցիալական ծանր կացության մեջ: Արդեն մեկ տարի 4 ամիս նրանք օրվա հացի գումար չեն կարողանում վաստակել, բացի այդ վարկերի պարտքեր ունեն, որոնք վերցրել էին հանքավայրի աշխատելու ընթացքում: Հանքի սեփականատերերը նույնպես պարտքեր ունեն, որոնց պատճառով կանգնել են հանքը շահագործելու խնդրի առջև:

2018թ հունվարի 12-ից Թեղուտի հանքավայրի փակվելուց ի վեր Շնող, Թեղուտ և Քարկոփ գյուղերի բնակիչները մինչև օրս սպասում են հանքի վերագործարկմանը: Հանքավայրում զբաղված 333 մարդուց 127 Շնող խոշորացված համայնքից է: Ներկայում նրանց սոցիալական վիճակը ծանր է: Թեղուտ գյուղում 4 խանութ կա, 4-ում էլ պարտքատերերի թիվը մեծ է:

«Մի ընտանիք կա, որ 200 հազար դրամ պարտք ունի, երկու տարի է չի կարողանում փակել: Ամենօրյա հաց է տանում»:

Թեղուտում ապրողներին դժվար է գյուղացի անվանելը, որովհետև չեն զբաղվում ո՛չ անասնապահությամբ, և ո՛չ էլ գյուղատնտեսությամբ: Պատճառը մեկն է՝ հողեր չունեն: Հանքավայրի գործարկման նպատակով նրանք իրենց ունեցած փոքր հողակտորները վաճառել են Թեղուտ ընկերությանը, որոնք գյուղատնտեսական նշանակության հողերը վերածել են հանքավայր տանող ճանապարհի: Գյուղացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ ասաց, որ իրենք այն հույսով էին վաճառել, որ մշտական աշխատանք կունենան. «Հիմնարկը խնդրեց, էդ հողերն ուզեց, որ իմ տղեն, իմ ամսուսինն աշխատեն: 5000 քառ մետրին 250 հազար դրամ տվին, հա, ստիպված էինք, աշխատանք չունեինք»:

Արդյունքում ամուսինը կարճ ժամանակամիջոցում է աշխատել Թեղուտի հանքավայրում, իսկ տղան արդեն 1 տարի 4 ամիս նստած է տանը: Ապրուստի միակ միջոցը ամուսնու թոշակն է՝ 38 հազար դրամը: Ասում են, եթե արոտավայր լիներ՝ անասուններ կպահեին, հող կմշաակեին:

Այն, ինչը կարող էին իրենք ստեղծել՝ շուկայից ու խանութից են գնում: Զրուցակիցս, ցույց տալով տնամերձ փոքր հողակտորը, ասաց, որ մի քիչ կանաչի է ցանում ու մի քանի հավ պահում: Խոզ պահելու համար կերի փող չունեն՝ հաց առնեն երեխուն տան, թե կեր՝ հավին ու խոզին: Խանութի պարտքերն էլ ավելանում են. «Տարբեր տեղեր խանութներին պարտք ենք: Ամաչում ենք խանութների առաջով անցնենք: Անգամ հարևան գյուղից ենք գնում պարտքով սնունդ բերում, ալյուր ենք առնում, աղ, ձեթ, ճաշացու ենք առնում, ուրիշ ոչ մի բան»:

Թեղուտ համայնքի վարչական ղեկավար Ֆրունզե Նորեկյանը փաստում է, որ Թեղուտի հանքավայրի կամ ինչպես բնակիչներն են ասում՝ փիրուզի հույսով գյուղացիները վարկեր էին վերցրել, որպեսզի կարողանային փոքր ինչ բարելավել իրենց կենցաղային պայմանները, բայց հիմա հայտնվել են ծանր կացության մեջ:

Վարկառուներից է նաև զրուցակիցս, վարկը վերցրել տուն են առել, մեկ ամիս անց Թեղուտը փակվել է, ամսական 95 հազ դրամ վարկ են մարում՝ բարեկամներից խնդրելով:

Թեղուտ գյուղը գազիֆիկացված չէ: Ձմռան վառելիքը անտառից են բերում, կտրոնով իրենց 8 խմ փայտ է հասնում: Համայնքում գազ անցկացնելու նպատակով Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը բազմիցս դիմել է իրավասու կառույցներին, սակայն մերժվել է, քանի որ տնտեսապես ձեռնտու չեն համարել: Համայնքի ղեկավարը գտնում է, որ Թեղուտ և Քարկոփ բնակավայրերի գազիֆիկացումը բնապահպանական խնդիրներ կլուծի, անտառները չեն հատվի. «Գազը հեռու չի, 5-6 կմ, նախագծով գազը պիտի գար Այրում գյուղից՝ մագիստրալից, Քարկոփն էլ պիտի գազիֆիկացվեր, Շնողի մի թաղամասը, Թեղուտ գյուղը և Թեղուտ ՓԲԸ-ն: Նախկինում նման ծրագիր եղել է, հիմա էլ կա, բայց գումար չկա»:

Թեղուտում այլ աշխատատեղ չկա: Հանքավայրի փակվելուց հետո, ենթադրում էին այլ աշխատատեղերի բացում՝ կարի կամ հրուշակեղենի արտադրության: Այլընտրանք չկա , իսկ Թեղուտում ապրողները սպասում են հանքի վերագործարկմանը: Նրանք անտեսում են այն վտանգները, որոնք կարող են սպառնալ բնությանն ու մարդու առողջությանը:

«Ասելն էլ լավ չի, ավելի լավ է կուշտ մեռնենք, քան սոված»:

Թեղուտցիները դուրս են մնացել երկրի քաղաքական անցուդարձից, ասում են՝ հեղափոխությունը այն ժամանակ էր գյուղ հասել, երբ աշխատանք ունեին:

0:00
0:00