«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնն ավարտվել է. հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնում, որը կայացել էր ավելի վաղ՝ նոյեմբերի 14-18-ին ընկած ժամանակահատվածում, Եվրոպայի հայությունը հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:
«Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել էր Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել էին Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10 000-ի սահմանը:
Իսկ Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում անցկացված ավանդական հեռախոսամարաթոններում Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար: Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել էր 1 մլն 300 հազար կանադական դոլար, որը համարժեք է 1 մլն ամերիկյան դոլարին:
Հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:
Այս հանգանակությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:
«Եկեք արարենք միասին» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2018»-ի միջոցներով շարունակվելու են Արցախում իրականացվել խորքային հորերի հորատման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրերը, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով. իրականացվելու են նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր Հայաստանում:
2017թ.-ին hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12 մլն 505 հազար 456 դոլար։
Տես նաև՝