ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամուլսարի ճակատագիրը՝ դեռեւս անորոշ
2019-05-14 17:52:13

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Խոշորացված Ջերմուկ համայնքի բնակիչները դիմել են Հայաստանի կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին՝ մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրելով իրենց պայքարին:

Կառավարությունից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ մինչև հունիսի վերջ պատրաստ կլինեն ուսումնասիրության արդյունքները:

Միջազգային փորձագետներից կազմված «Էլարդ Գրուպ» ընկերությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցային հանքավայրում փորձաքննություն է իրականացնում:

Թե երբ կավարտվեն արդյունքները, «Ռադիոլուրին» փոխանցեց Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը.

«Մոտավորապես մինչև հունիսի 10 կամ հունիսի կես վերջնական արդյունքները կստանանք: Հավանաբար քննչական կոմիտեն կստանա արդյունքները: Փորձաքննության արդյունքների հիման վրա կհասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու»:

Օրերս Ջերմուկից դեպի Արենի ու հակառակ ուղղությամբ մեծ ավտոերթ էր կազմակերպվել: Նախաձեռնողը Ամուլսարի պահապաններն էին: Նպատակը՝ Վայոց Ձորի մարզի մի քանի համայնքների՝Վայքի, Մալիշկայի ու Արփիի բնակիչների ուշադրությունը մեկ անգամ ևս իրազեկել Ամուսլարի պահպանության խնդրի վրա: Ավտոերթից հետո Ջերմուկի բնակիչները դիմեցին կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին.

«Ամուլսարի համար մեր բնապահպան ընկերների հետ միասին պայքարում ենք 2008 թվականից, բայց համայնքն իր ողջ ռեսուրսով միացավ 2012 թվականին: Նամակում մանրամասն շարադրված է պայքարը, հիմնական շեշտը նրա վրա է, որ համայնքը չի պահպանում հանուն բնապահպանական խնդիրների, այլ՝ իրավունքների համար է դուրս եկել պայքարի:

«Ռադիոլուրի» զրուցակիցը վստահեցնում է՝ Ամուլսար գնացող ճանապարհները փակել են հենց հանքում աշխատող երիտասարդները: Գալստյանի փոխանցմամբ, Ամուլսարում ընթացող ուսումնասիրություններն այս պահին միայն բնապահպանական ուղղվածություն ունեն, մինչդեռ սոցիալ-տնտեսական ու իրավական բաղադրիչները շատ կարևոր են.

«Փաստացի հանքարդյունաբերության ի հայտ գալով՝ Ջերմուկը զրկվել է ներդրումների հնարավորությունից, զարգանալու հնարավորությունից: Հանքարդյունաբերությունը Ջերմուկ գալով որևէ խոշոր ներդրում չի իրականցվել՝ բացառությամբ Հայաթ Փլեյս հյուրանոցի, որը տեղացի է, և ավելի շատ ներդրել է՝ համայնքի զարգացման համար»,- ասում է Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը:

Նա մեկ անգամ ևս ընդգծում է՝ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվի նաև բնակչության կարծիքը.

«Հաշվի առեք նաև ուղիղ ժողովրդավարության այն կիրառումը, որը իրականացրել ենք Ջերմուկում: Թեկուզ կնճռոտ է լինում, սակայն, ձեր դերն ու առաքելությունը՝ ժողովրդի երազանքը իրականացնելն է, և այնպես իրականացրեք, որ ժողովուրդը երջանիկ ու գոհ լինի: Որոշում կայացնողները թող փորձեն այս ազդակները ստանալով ընկալել, թե որ ուղղությամբ են գնալու և ինչպես են լուծելու այն խնդիրները, որոնք առաջանալու են իրենց որոշումը կայացնելուց հետո»:

Անցյալ տարվա ամառվանից փակ է դեպի Ամուլսարի հանքավայր գնացող ճանապարհը:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այստեղ արդեն մի քանի ամիս է, դադարեցրել է բոլոր տեսակի աշխատանքները:

«Լիդիանն» էլ իր հերթին է պատրաստվում իրավիճակը քննարկել միջազգային դատարանում:

0:00
0:00