Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանը դատարանում առաջին անգամ խոսեց
2019-05-14 19:23:41

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Այսօր առավել քան լարված իրավիճակ  էր դատարանի բակում:

Ոստիկանները ուժեղացված հսկողություն էր իրականացնում , բայց դա չէր խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների   ու նրա դեմ բողոքող քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ բախումներ լինեին:

Նշենք, որ  այսօր դատարան էին  եկել  նախկին պատգամավորները, մասնավորապես  ՀՅԴ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ասաց եկել է  սատարելու  ՀՀ  երկրորդ նախագահին: Իսկ դատարանի դահլիճում էր արդեն «Մարտի մեկի»  զոհերից Գոռ Քլոյանի  հայր՝ Սարգիս Քլոյանը, ով լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ արդար դատավարություն կլինի ու բուն դատական գործընթացի  մասին իր կարծիքը կհայտնի  միայն  այն ժամանակ, երբ որպես տուժողի իրավահաջորդ կհայտնվի Ռոբերտ Քոչարյանի հետ դեմ դիմաց:

Իսկ դատարանը մերժեց  Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկ մեկնարկած նախնական դատական նիստին Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին  ներկայացրել  պատճառաբանելով, որ Դավիթ Գրիգորյանն ամիսներ առաջ հրաժարվել է քննել նախկին նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել

Այսպիսով դատավորը Դավիթ Գրիգորյանը դատախազ Պետրոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 ամիս ազատության մեջ գտնվելու ընթացքում՝ երբ է դիմել վարույթն իրականացնող մարմնին երկիրը լքելու համար:

Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորումները:

Ասաց, որ դատարանը բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը եւ վկաների հարցաքննության արձանագրությունները:

Դատախազը նկատեց՝ դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը: Սակայն պաշտպանական կողմը հակադարձեց:

Պաշտպան Ռուբեն Սահակյանը ասաց. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ընտրվել է անհիմն, անհապաղ ազատ արձակել»։

Ու թերևս այսօր առաջին անգամ այս ամբողջ դատավարության ընթացքում խոսեց   ՀՀ երկրորդ  նախագահը  ասելով, որ կողմնակալ մոտեցում է տեսնում: Այդ ընթացքում մերթ նայում էր նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին, մերթ՝ մեղադրանքը ներկայացնող դատախազներին։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով»,-ասաց Քոչարյանը:

Փաստաբան  Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել 2008թ.-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ու մյուս դատավորներին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Ֆելիքս Թոխյանին։

«Այս անձինք 2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ մասնակցել են այդ գործի քննությանն, իսկ Նազարյանը եղել է զեկուցող»,- դատարանում ասաց Հայկ Ալումյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց պաշտպանի ներկայացրած միջնորդությանը և հայտարարեց, որ այս փուլում վկաների հարցաքննությունը նպատակահարմար չէ։

Ի դեպ հնարավոր է, որ դատարան հրավիրվեն նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը  ու գործող նախագահ Բակո Սահակյանը: Վերջիններս  Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ երաշխավորական նամակին էին  հղել:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ հայտարարեց, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի, պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երաշխավորությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 13։30-ին։

0:00
0:00