ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Աշխատի՛ր, Հայաստան». ծրագիր` միտված աղքատության հաղթահարմանը
2019-05-15 16:56:03

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այսօր նշվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակը: Հայաստանի հետ կնքվել է նոր համաձայնագիր, որի շրջանակներում մեկնարկել է «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագիրը:

Այն հարթակ է, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են երկխոսել եւ կրթություն-աշխատաշուկա շղթայում առաջարկել արդյունավետ լուծումներ՝ աշխատաշուկայում պահանջարկված մրցունակ կադրեր պատրաստելուց մինչեւ գործազրկության մակարդակը նվազեցնելուն միտված քայլեր:

Պատասխանատուները հույս ունեն, որ դա կլինի այն հարթակը, որտեղ կգտնվեն այն լուծումները, որոնք խոստանում են վաղվա մրցունակ տնտեսությունը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունում հեռանկարներ տեսնում են՝ կարծելով, որ վերջին մեկ տարում 5.2 տոկոս տնտեսական աճով նախադրյալներ ստեղծվել են:

Հայաստանում 43 տոկոս գործազրկությունն առավել մտահոգիչ է, որ ավելի մեծ տարածում ունի երիտասարդների շրջանում: Այս առումով ի՞նչ փոփոխություններ կբերի «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագիրը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե ծրագիրը թվերի մասին չէ եւ նման հաշվարկներ չկան. «Սա այն հարթակն է, որտեղ պետք է մտքեր փոխանակենք եւ գտնենք լավագույն լուծումները բոլոր օղակներում»: 

Գլխավոր ուղերձը աշխատանքն է, աշխատանքի խրախուսումը եւ քաղաքացիների՝ սեփական ուժերի հանդեպ հավատի ներշնչումը՝ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:  

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի մասին խոսելիս վստահեցրեց. «Պետությունը չափելի եւ թիրախային քաղաքականություն է իրականացնելու: Արդյունքում նվազեցնելու ենք գործազրկությունը, ակտիվացնելու ենք տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, ինչը  աղքատության հաղթահարման առանցքային քայլերից է: Խոսքը արդյունավետ, կայուն զբաղվածության, բարձր արտադրողականության քաղաքականության մասին է: Մենք ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը եւ նախաձեռնողականությունը, ինչը թույլ կտա հանրային համաձայնության միջոցով ավարտին հասցնել տնտեսական հեղափոխության սահմանված հավակնոտ նպատակը: Դա է՝ ներառական տնտեսական զարգացումը»,-ասաց Ավինյանը:  


«Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի խնդիրն այն է, թե կրթություն-գործատու-շուկա շղթայում ինչպիսի քայլերով պետք է կառավարությունը խնդիրները լուծի: Հարցեր, որոնք շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում՝ ասաց նախարար Տիգրան Խաչատրյանը. «Պետք է զարգացվեն այն կրթական ծրագրերը, որոնք ե՛ւ ուսանողներին, ե՛ւ արդեն աշխատանքային տարիքում գտնվող մարդկանց ապահովում են համապատասխան կրթությամբ եւ գիտելիքներով՝ իրենց աշխատատեղը պահպանելու եւ ավելի մրցունակ դառնալու համար»:  

ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի փոխանցմամբ՝ ԿԳ նախարարությունը նպատակ է դրել իր առջեւ համակարգային լուծումների միջոցով հասնել նման արդյունքի:

 «Որպեսզի կարողանա ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը կկարողանա բավարարել եւ գոհացնել աշխատաշուկայի պահանջները: Այս առումով կարեւորվում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությունը»,- նշեց ԿԳ փոխնախարարը:

«Աշխատի՛ր, Հայաստան» հարթակն էլ այն հնարավորությունն է, որտեղ պատասխանատու եւ շահագրգիռ բոլոր կողմերը կհամագործակցեն նպատակային՝ առաջարկելով, զբաղվածության ապահովման ու մարդկային կապիտալի զարգացման միջոցով, յուրաքանչյուր անհատի արժանապատիվ կյանքին ու ապագային միտված քայլեր՝ ձեւակերպեց Արեւիկ Անափիոսյանը:

 «Կրթությունն իր առջեւ դնում է երկու նպատակ: Առաջինը նա է, որ ստեղծում է գիտություն, գիտության միջոցով ստեղծում է նորարարություն, այդպիսով ստեղծում է  նոր աշխատատեղեր եւ առաջարկ աշխատաշուկայի համար: Մյուս կողմից, իհարկե, կրթությունը միտված է բավարարելու աշխատաշուկայի պահանջները: Այս առումով մենք շատ կարեւորում ենք ուսումնական հաստատությունների եւ գործատուների միջեւ համագործակցությունը»:

Իրենց տեսակետը ներկայացրել են ԿԳ նախարարին՝ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ պետք է վերանայել պետական պատվերը կրթության ոլորտում, կիրառել մոտիվացման գործիքներ:

«Երիտասարդների մի մասը չի սիրում, օրինակ, արտադրությունում աշխատել: Մոտիվացման գործիքներից մեկը, որ ես առաջարկել եմ, այն է, որ կարող են շուկայում պահանջարկված մասնագիտությունների համար պետական պատվերով վճարել ամբողջությամբ, կամ՝ 80-85 տոկոսը, ինչպես հիմա է, բայց այն մասնագիտությունները, որոնք պահանջարկված չեն, դրանց վճարման չափն ինջեցնեն: Ու եթե երիտասարդը համոզված է, որ ուզում է այդ մասնագիտությամբ սովորել, ասենք, օրինակ՝ հաշվապահ, իրավագետ կամ, չգիտեմ, բանասիրական կամ որեւէ մի այլ ոլորտում, որոնք այդքան պահանջարկված չեն, ինքը իր միջոցներով թող փորձի այդ մասնագիտությամբ սովորել: Այսինքն, խթանող գործիքները պետք է փոխվեն»:

Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ խնդիր է նաեւ, որ որպես գործիք չեն ներկայացվում ոլորտների աշխատավարձերի եւ զարգացման հեռանկարները: Երիտասարդները պետք է իմանան, թե իրենց կարիերան այդ ուղղությամբ ինչպես պետք է ընթանա՝ եզրափակեց Հայաստանի գործատուների միության նախագահը:

0:00
0:00