ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան. ԱՄՆ դեսպան
2019-05-15 18:45:16

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում, ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը: Նաև լրագրողներին հանրավորություն է տրվել մի քանի հարց ուղղել դեսպանին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստան ժամանելուց 2.5 ամիս անց առաջին անգամ ելույթ ունեցավ այսօր: Մինչ ելույթը դեսպանին hարցեր ուղղելու հնարավորություն ընձեռվեց:

Բնականաբար չշրջանցվեց ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հարցը, քանի որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներից մեկն է: Դեսպանը արձանագրեց, որ սահմանագոտում լարվածության թուլացումը դրական ազդակ է: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բարձր մակարդակով հնարավոր հանդիպման մասին հարցին նա պատասխան չուներ:

«Այս պահին Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ հրապարակման համար որևէ տեղեկություն չունեմ: Գործընթացը ոգևորիչ է, որովհետև ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբաջանի նախագահ Ալիևի միջև հանդիպումները բարձր մակարդակի են: Արդյունքում մենք նկատում ենք շփման գծում բռնությունների կրճատում և դրական ազդակներ»:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորությանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին ասել է, որ այս պահին Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ հրապարակման համար որևէ տեղեկություն չունի:

 

Ուշադրության կենտրոնում էր անշուշտ Ամուլսարի ծրագրի հարցը: Գիտենք, որ այժմ փորձաքննություն է իրականավցում՝ պարզելու Ամուլսարի շահագործման ռիսկայնության հարցը: Պատասխաններն ակնկալվում են հունիսի վերջին: ԱՄՆ դեսպանը կարևորում է  նմանատիպ վեճերի ժամանակ արագ եւ արդյունավետ կարգավորման հասնելը:

Այս առումով դեսպանը նախ նշեց, որ պետք է հաշվի առնվեն երկուստեք շահերը: Ընդհանրապես կարևորեց կառավարության հետ աշխատենք բիզնեսի, ներդրումների համար` նպաստավոր, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ձեւավորելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է ներդրումների համար, ասաց:

Լիդիանին, այն միջազգայիին ներդրողներից մեկն է, եւ կարեւոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքների համապատասխան: Այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարեւոր են, եւ կարեւոր է նաեւ նմանատիպ վեճերի ժամանակ հասնել արագ եւ արդյունավետ կարգավորման:

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սպասվում էր ամերիկյան մեծածավալ աջակցություն, ինչը չեղավ: Ինչով է դա պայմանավորված հարցին դեսպանը պատասխանեց, որ ԱՄՆ-ը իր ամուր հանձնառությունն է հայտնել աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին եւ տնտեսական զարգացումներին.

«1992-ից սկսած ԱՄՆ-ը 2 մլրդի հասնող աջակցություն է տրամադրել Հայաստանին, Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը: Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ համաձայնագրերը, որ ստորագրվեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում, եւս փաստում են դա: Դեսպանը հավելեց, որ կշարունակեն դիտարկել, թե որ ոլորտներում կա ամերիկյան աջակցության անհրաժեշտությունը: Մենք համակարգում ենք աշխատանքները դոնորների հետ, որպեսզի միջոցներն արդյունավետ ծախսվեն, եւ Հայաստանում մարդիկ վստահ լինեն, որ այդ միջոցները ծառայում են իրենց նպատակին»:

0:00
0:00

Հատված 18.00-ի եթերից