ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանին որքանով է հաջողվել ազատվել ականապատ տարածքներից
2019-05-16 18:26:41

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պատերազմի արդյունքում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի մի շարք շրջաններում ստեղծվել են ականապատ տարածքներ, որոնցից  ազատվելը ծանր ու երկարատև աշխատանք, ինչպես նաև ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարդասիրական ականազերծման եւ փորձագիտության կենտրոնում առաջիկայում կստեղծվի պատերազմի պայթուցիկ մնացուկների և  ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանում:

Ինչ է սա  ենթադրում, և ընդհանրապես, Հայաստանում որքանով է հաջողվել ազատվել ականապատ տարածքներից:

Գերմանիայի դեսպանությունն օրերս Դաշնային կառավարության անունից շնորհավորեց Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Ըստ հաղորդագրության, կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնադրամի շնորհիվ եւ Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1 մլն եվրո:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանին խնդրեցինք պարզաբանել՝ ինչ մարտական մեքենաների մասին է խոսքը. «Խոսքը վերաբերում է շարքից դուրս եկած ու վաղուց չկիրառվող մարտական տեխնիկային: Այն  ոչնչացվում է հատուկ տեխնոլոգիայով, որը բավականին թանկ արժե»:

Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետևի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում եւ վնասազերծում, ինչպես նաեւ Պատերազմի պայթուցիկ մնացուկների և  ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման եւ փորձագիտության կենտրոնում:

Ինչ է ենթադրում այս ծրագիրը. պարզաբանում է կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

« Ծրագրի շրջանակում Հայաստանի ականապատ չորս մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում  և Գեղարքունիքում, իրականացվելու է ականային վտանգի իրազեկում դպրոցներում և համայնքներում»,- ասում է Էլբակյանը:

Հայաստանում ինչքանով է հաջողվել ազատվել ականապատ տարածքներից և հնարավորինս նվազեցնելու դրանց վտանգը: Նազելի Էլբակյանի խոսքով, ականապատ տարածքներից ազատվելը ծանր ու երկարատև աշխատանք, ինչպես նաև ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում:

Այդուհանդերձ, Հայաստանի մարդասիրական ականազերծման եւ փորձագիտության կենտրոնն այս ոլորտում լուրջ արդյունքներ արձանագրել է:

Կենտրոնը ականազերծման աշխատանքներ է իրականացնում մի քանի մարզերում: Լավագույն պաշտպանությունը, ինչպես ասում են, տեղեկացված լինելն է: Այդ սկզբունքով ականազերծման եւ փորձագիտության կենտրոնը ականային վտանգի իրազեկման դասընթացներ է կազմակերպում դպրոցներում:

Փետրվարի 8-ից Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբում նաև սակրավորներ կան: Փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ նրանք 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել:

Նազելի Էլբակյանի խոսքով, Սիրիայում չափազանց ջերմ են ընդունում առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Սերտ շփումներ կան հատկապես հայ համայնքի հետ:

Ինչ վերաբերում է Սիրիայում ականային պատահարից տուժած ու ոտքը վնասած  հայ սակրավորի առողջական վիճակին, Նազելի Էլբակյանն ասում է

«Նա վերադարձել է Հայաստան: Վիճակը նորմալ է, հետագայում կպրոթեզավորվի»:

«Մենք ձեզ հետ ենք»  մարդասիրական նախաձեռնությամբ  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» առաջիկայում հաճելի անակնկալ կմատուցի Հալեպի մանուկներին: Ակցիայի շրջանակում ձեռք բերված նվերներով Սիրիայի փոքրիկներին կփորձեն վերադարձնել պատերազմի խլած մանկությունը: 

0:00
0:00