Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տուգանային միավորների համակարգ կներդվի
2019-05-16 17:30:33

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մի կորցրեք ձեր միավորները»,-այսօր կառավարության նիստում քաղաքացիներին է դիմել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա իր խոսքն ուղղել  է  վարորդներին։ Հենց նրանց էր ուղղված մի ամբողջ օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի հեղինակը ՀՀ ոստիկանությունն է։

Իրավական հսկողության նոր մեխանիզմ. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն այսպես է բնորոշել իրենց առաջարկը։

Տրամաբանությունը հետևյալն է՝ տուգանքները կնվազեն, փոխարենը  կբարձրանա անվտանգ երթևեկության մակարդակը։ Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը խոստովանել է՝  նյութապես ապահովված խախտումներ կատարող վարորդներին բարձր տուգանքները չեն զսպում։

Ի դեպ, առաջարկվող փոփոխություններով շուրջ 2.7 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի մուտքերը։ 

Զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ՝ բալերի եռամիություն որը ճանապարհային երթևեկության խախտումների կանխարգելման  արդյունավետությունը կբարձրացնի։ Նախաձեռնողը Հայաստանի ոստիկանությունն է, նպատակը՝ վարորդների տուգանային բեռը նվազեցնելուն զուգահեռ ճանապարհատրանսպոտրային պատահարների թիվը կրճատելը։

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ, 100 խախտումներից 26- ի դեպքում կնվազեցվի այսօր գործող տուգանքների չափերը`  «Վարորդական իրավունք ստացող վարորդին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից»։

Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, ապա  6 ամիս ժամկետով նրա վարորդական իրավունքը կկասեցվի։ 6   ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը կվերականգնվի՝   վարորդը կունենա կրկին 9 միավոր։

«Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից   զրկվելու է  արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո»։

Ընդ որում, վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։ 

Առաջարկվող օրենքներով, անսթափ վիճակում վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն սահմանվելու է 29 000 դրամ տուգանք, միաժամանակ անսթափ վարորդից հանվելու է 4 տուգանային միավոր։

Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։ Եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտ կամ տաքսի է վարում, ապա նա հենց առաջին խախտման դեպքում կկորցնի վարորդական իրավունքը 6 ամսով։ 

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հստակեցրեց՝ փոփոխությունները  բխում են երթևեկության ոլորտում առկա անվտանգության ռիսկերից։ 

Տեխնիկապես հագեցված նոր մեքենաներ ձեռք կբերեն՝ վարելու իրավունքը կասեցրած և զրկված վարորդներին հայտնաբերելու նպատակով։

Փոխվարչապետն առաջարկում է՝ տեխզննման գործառույթը փոխանցել  ապահովագրական ընկերություններին։ Մինչ առաջարկի ուժի մեջ մտնելը, դեռ մոտ վեց  ամիս ժամանակ կա կառավարությունում կարծում են, որ կհասցնեն նախագիծը մանրամասնորեն քննարկել։

0:00
0:00