Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գործի թերացո՞ւմ, թե՞ շանտաժ
2019-05-17 17:45:58

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Նաիրի» ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները չեն ստացել իրենց նախորդ ամսվա աշխատավարձը և սպառնում են փակել ճանապարհն ու բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության դիմաց:
 

Ընկերությունից վստահեցնում են, որ  իրենք աշխատանքները կատարել են ըստ պահանջի, իսկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փաստում` աշխատանքները կատարվել են  պայմանագրի կետերին անհամապատասխան:    


«Նաիրի» ճանապարհաշինարարական ընկերության բանվորները չեն ստացել ապրիլ ամսվա աշխատավարձերը:  Այժմ մի մասը գնում է աշխատանքի, իսկ մի մասը՝ ոչ:

Բանվորները նույնիսկ ընկերության տնօրեն Յագոր Խերիմյանին նախազգուշացրել են, որ աշխատավարձերը չստանալու դեպքում փակելու են  Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ճանապարհը և բողոքի իրենց ձայնն են բարձրացնելու կառավարության շենքի մոտ: 

Ընկերության տնօրենը «Ռադիոլուրի» հետ զրույցում նման իրավիճակի պատճառ է համարում մայիսի 6-ին համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ  Երևան-Եղվարդ ճանապարհի փոսալցումները իբրև թե կատարվել են ջրափոսերի պայմաններում: Ընկերության տնօրենը, սակայն, նշում է՝ փոսերը մշակվել են և փոսալցման աշխատանքները կատարվել են հաջորդ օրը:

«Նախարարությունը որևէ բան էլ չի արել, ոչ մի գործողություն էլ չի իրականացրել, ոչ մի թուղթ չենք ստացել, որ մենք ինչ- որ խնդիրներ ունենք և պետք է այսինչ ժամկետում շտկենք, ուղղակի փողերը չեն տալիս», -նշեց «Նաիրի» ՃՇՇ ընկերության տնօրենը:

Ընկերության տնօրենը նախարարին նամակով տեղեկացրել է, որ  քաղաքացու նկարահանած տեսանյութը շանտաժ է, և իրենք իրենց աշխատանքները կատարել են պատշաճ: Ինչ թերություններ էլ որ եղել են, արդեն վերացված են:

«Երեկ նորից նամակ եմ գրել ՊՈԱԿ-ին, որ աշխատավարձերը չեք վճարում, ժողովուրդը բորբոքված է:  Հիմա կարող է ճանապարհ փակեն և այլն: Տեսնենք ինչ են պատասխանում»: 

«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը «Ռադիոլուրին» վստահեցրեց, որ  աշխատավարձերի չտրամադրելը համացանցում տեղադրված տեսանյութի հետ որևէ կապ չունի: Կատարողականները տրվում են ամսվա վերջին օրը կամ մինչև հաջորդ ամսվա մեկը:  

«Իրենք էլ գիտեն, որ մենք վճարումն անում ենք մինչև մայիսի մեկը: Իրենք թերացումներ ունեցել են մինչև մայիսի 6-ը: Մենք վճարում պետք է անենք մայիսի մեկի դրությամբ: Եթե կատարողականը չենք ընդունում մայիսի մեկին, ուրեմն իրենք թերի են աշխատել» ,-ասում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ավետիսյանը:

Ըստ Գոռ Ավետիսյանի՝ բանվորներին  թերությունների համար զգուշացվել է բանավոր:

«Ապրիլի 30-ին երեկոյան ժամը 17.00-ին  ես նկարել եմ, որ իրենք այդ պահին աշխատանք էին անում առանց ճանապարհային նշանի, պայմանագրի պայմաններին անհամապատասխան էին աշխատում»:

«Նաիրի ՃՇՇ» ընկերությունը 5 տարի առաջ շահել է Երևան-Եղվարդ համապետական նշանակության ավտոճանապարհի նորոգման մրցույթը: Այս տարի վերջանում է ժամկետը: Հինգ տարվա մեջ առաջին անգամ է, որ  նախարարությունը թերագնահատում է իրենց աշխատանքն ու հրաժարվում վճարելուց: ՊՈԱԿ-ից նույնպես պնդեցին, որ անորակ աշխատանքի համար չեն վարձատրելու:

«Ծառայության համար ենք մենք վճարում, եթե ինչ որ մեկն անորակ ճանապարհ է կառուցում, մենք անորակ ճանապարհի համար չպետք է վճարենք, որ ինքն իր աշխատողներին աշխատավարձ տա: Թող ինքն ու աշխատակիցներն այնպես կազմակերպեին, որ որակյալ  ծառայություն մատուցեին , մենք էլ այդ ծառայության համար վճարեինք»,- նշեց Գոռ Ավետիսյանը:   

Ընկերությունը երբեք չի հրաժարվում վճարել իր աշխատակիցներին, սակայն վճարման համար գումար պետք է ունենա: Ֆինանսական շրջանառություն ընկերությունն այս պահին չունի, ասաց տնօրենը։

0:00
0:00