Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեւանում ու Թբիլիսիում՝ ինչպես նույն տանը
2019-05-18 12:07:46

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երևանի Մոսկովյան 40 հասցեից կարելի է մտնել Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն։ Այս երկու հասցեների տերն էլ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Նախորդ անգամ մենք երևանյան թանգարանի թիֆլիսյան հատվածում էինք, այս անգամ՝ Թբիլիսիի Ամաղլեբա 18 տանը:

Երևանում Մոսկովյան 40, Թբիլիսիում Ամաղլեբա 18. այս երկու քաղաքներին ու հասցեներին իրար կապողը Հովհաննես Թումանյանն է, երկու հասցեին էլ բանաստեղծի տուն-թանգարան են ասում:

Մենք առիթ ունեցել ենք ձեզ պատմելու, թե ինչպես կարելի է հայտնվել Թբիլիսիում՝ այցելելով Թումանյանի թանգարան Երևանում:

Պետք է բարձրանալ Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի 54 աստիճաններով, որը բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է, մուտքից ներս մի քանի քայլ անելուց հետո թեքվել աջ, ապա ճանապարհը շարունակել ուղիղ այնքան, մինչև պատը չհուշի, որ ժամանակն է թեքվելու դեպի ձախ: Այստեղից արդեն կհայտնվես Թիֆլիսում:

Նախորդ անգամ իմ առջև թանգարանի պատերից մեկն էր, որի վրա նորագույն, վիզուալ տեխնոլոգիաների միջոցով տեսա Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տունը:

Ամաղլեբա փողոցի վրա երեւում է Թումանյանի տան փողոցի պատշգամբը, շենքի շքամուտքը, որ պահպանվել է ճիշտ այնպես, ինչպես այն տեսել է բանաստեղծը:

«Կան նամակներ, որտեղ Թումանյանն իր ընկերներին ասում է ՝ եկեք ինձ հյուր, եկեք Ամաղլեբա 18»:

«Տունը կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին, սկզբում եղել է միահարկ, հետո ավելացվել են 2-րդ ու 3-րդ հարկերը: Տունը պատկանել է թիֆլիսահայ մեծահարուստ Հովսեփ Շանշյանին»,- ասում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը:

Շքամուտքից ներս նախ փոխվում են զգացողություններդ, իսկ հետո՝ տեսարանը: Պիտի բարձրանաս ամենավերևի հարկ ու մտնես Թումանյանի տուն: Այստեղ դռները միշտ բաց են, ներսում՝ հյուրընկալ:

«Այն հատակի տակ, որի վրա կանգնած եք, գտնվում է այն մեկը, որի վրա քայլել է Թումանյանը, դուք ձեռք եք տալիս այն դռներին, պատերին ու պատուհաններին, որին ձեռք է տվել Թումանյանը»:

Երևանում թանգարանի բնօրինակ իրերով են հպարտանում, Թբիլիսիում՝ պատերով, դռներով ու պատուհաններով:

Գիսանեն ասում է՝ յուրաքանչյուրը, որ ոտք է դնում Ամաղլեբա 18, իր հետ մի նոր պատմություն է բերում, իր հետ մի նոր Թումանյան է բերում, այս տանը թողնում մի նոր Թումանյան:

Այստեղ Թումանյանի թողած ավանդույթները շարունակում են՝ հյուրասեր են, տունը միշտ լի է մարդկանցով, սեղանը բաց ու առատ:

«60 հոգի մարդ կար ներսում, դուռը թակեցին՝ Դսեղից հյուրեր էին: Ասացի տեղ չունենք, տունը գուցե չդիմանա: Դուռը փակեցի ու միանգամից հետ դարձա՝ կանչելու հյուրերին՝ Թումանյանը լիներ իր տուն եկած հյուրին հո դրսում չէր թողնի»:

Լինի Դսեղում, Թբիլիսիում, թե Երևանում, Թումանյանի տներն իրար նման են՝ բոլորում թումանյանական հոգի կա, եվրոպական ու ասիական ճաշակ, հայկական հյուրասիրություն, մշակույթների միախառնում ու հանճարեղ մի բան, որ աչքից թաքուն է, սրտին՝ տեսանելի:


0:00
0:00