Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արհեստական բեղմնավորում. եկեղեցի-բժշկություն վեճը թեժանում է
2019-05-18 17:13:25

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ինչո՞ւ է բախվում քրիստոնեական եկեղեցու ու բժշկական հանրույթի մոտեցումն այնպիսի ցավոտ ու զգայուն հարցի շուրջ, ինչպիսին անպտղության հաղթահարումն է բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Մինչ բժիշկները դրանցով հպարտանում են ու արդյունքներից խոսում, քրիստոնեական եկեղեցին վերարտադրողական որոշ մոտեցումներ պարզապես մեղք է համարում: Ո՞վ է ում դեմ՝ եկեղեցի՞ն գիտական նոր  նվաճումների, թե՞ բժիշկները՝ եկեղեցու: Անպտղության հաղթահարման ո՞ր ձեւերն են, որ Հայ առաքելական եկեղեցուն մտահոգում են:    

Ամուսնացավ 36-ում, անձնական կյանքը դժվար դասավորվեց: Բայց կյանքի նոր՝ սպասված փուլը սկսվեց նոր խնդիրներով: Զրուցակիցս Անուշն է՝ անունը փոխված: «Մայրանալու շանսերը փոքր են ու տարիքի հետ նվազում են»,-միմյանց հաջորդում էին բժիշկների եզրակացությունները:

Թեւաթափ ու անհույս՝ ամուսիններով որոշեցին ու մոտ 3 տարի առաջ դիմեցին վերարտադրողական առողջության մասնագետի: 2 անհաջող փորձ: Հետո բժշկական օժանդակ տեխնոլոգիաները տվեցին սպասված արդյունքը. այսօր Անուշը զբոսնում է սեփական երեխային գրկած: «Երջանկությունս գրկած»՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը:

«Երեխա գրկելու, մայրանալու, լիարժեք զգալու երջանկությունը ոչ մի բանի հետ համեմատել չի կարելի, այն էլ՝ այն տառապանքների, մտատանջությունների, արցունքով անցկացրած օրերի դիմաց»:

Անուշի երջանկությունը, սակայն, հայ եկեղեցու ու բժշկական հանրության աչքին տարբեր պատկեր ունի: Գիտական նոր մեթոդները, որոնք ընտանիքներին ազատում են անպտղության դատավճռից, բժիշկները գրեթե հրաշք են համարում: Մինչդեռ վերարտադրողական որոշ տեխնոլոգիաներ մեր եկեղեցին պարզապես չի ընդունում: «Մեղք է»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու բացատրում:   

« Ինչու ընդունելի չէ: Պարզել ենք ընտանիքի սկզբունքն ու ըստ այդմ ենք ասում՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ: Ընտանիքի ամբողջականության ծիրի մեջ է եկեղեցին դիտարկում այս հարցը, ընտանիքը՝ որպես կնոջ եւ տղամարդու միջև սիրո միություն: Երրորդ անձի ներկայություն չի կարող լինել այդ հարաբերության մեջ: Երրորդ կողմը ոչ թե բժիշկն է, այլ կամ տղամարդ, կամ կին: Երբ հղիությունը տեղի է ունենում փոխնակ մոր կամ դոնորական սերմնաբջջի միջոցով, այս երկու տարբերակներն էլ ընդունելի չեն: Միակ տարբերակը, որը եկեղեցին կարող է ըմբռնել կամ ընկալել, երկուսի՝ ամուսինների սերմնաբջջի ու ձվաբջջի արհեստական բեղմնավորումն է: Շատ կարեւոր սկզբունք կա՝ այն ձեւը, որն ընդունելի է մարդուն բնական ճանապարհով, դա ընդունելի է նաեւ արհեստական ճանապարհով»:

Եկեղեցին պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել, սակայն տեսնում է խնդիրներ ու ռիսկեր: Անզավակության խնդիրը խորհուրդ է տալիս խոնարհությամբ ու համբերատարությամբ տանել, բացի այդ՝ քաջալերում է երեխաների որդեգրումը: «Գիտական ձեռքբերումները պարտադիր չէ, որ ենթադրեն բարին, ու սա վերաբերում է հատկապես մարդու ծնունդին: Եկեղեցին որոշել է մկրտել այս ուղով ծնված երեխաներին, նրանք մեղք չունեն: Բայց նույնը նրանց ծնողներին չի վերաբերում»,-ասում է Բագրատ Սրբազանը:


«Եկեղեցին որեւէ մեկին որեւէ բան չի պարտադրում, զգուշացնում է: Անշուշտ, սա մեղք է, չի կարելի, քանի որ խնդիր է առաջացնում: Խնդիր՝ հոգեւոր իմաստով, կենսաբարոյագիտության, բժշկական, հոգեբանական, ի վերջո՝ երեխայի ապագայի ու ճակատագրի, փոխնակ հոր ու դոնոր մոր առկայության մասով: Բազմաթիվ հարցեր կան»:

Ստացվում է, որ հայ առաքելական եկեղեցու ազատական համարվող մոտեցումները սկսում են հակասել բժշկագիտական մոտեցումներին:  

«Բժշկագիտական հազար բան կարող են ընդունել: Դրա համար էլ գոյություն ունեն կենսաբարոյագիտություն, հոգեւոր ընկալում: Բժշկի համար կարեւոր չէ ընտանիքի ընկալումը: Նրա համար կարեւորն իր բժշկագիտական, գիտական վերլուծությունն ու տերմինաբանությունն է: Չի կարելի դրանք իրար հետ շփոթել»:

Եկեղեցու մոտեցումն իր հերթին միանշանակ չի ընդունում բժշկական հանրույթը: Բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ-վերարտադրողաբան էդուարդ Համբարձումյանը տարակուսում է՝ ինչո՞ւ մերժել բժշկագիտական մեթոդը, եթե կարելի է դրանով երջանկացնել անպտուղ ընտանիքին:

« Ցավոք, ինչպես պատմականորեն՝ միջին դարերում, այնպես էլ այսօր եկեղեցին շարունակում է, երբեմն փորձում է մտնել գիտության, բժշկության ոլորտ, որն իրենց ոլորտը չէ: Դա գիտությունը եւ մարդկությունը հետ տանող ճանապարհն է»:

Մեր երկրի վիճակագրությունը խիստ մտահոգիչ է. միայն առաջնային անպտղության 2017թ. ցուցանիշը մոտ 17% է, իսկ բնակչության աճի գործակիցը բավարար չէ անգամ բնակչության ներկայիս թվաքանակը պահպանելու համար։ Սրան զուգահեռ՝ ընտանիքներն այսօր ավելի շատ են դիմում բժշկի՝ օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու համար: Թե  արդյունքներն են այժմ ավելի լավը, թե մասնագետները, թե հասարակական ընկալումը: Հազարավոր պացիենտներ, որոնց մոտ կեսը՝  մարզերից, մեզ դիմելիս եկեղեցու մոտեցման հարցում մտահոգություն չեն ունեցել՝ ասում է բժիշկ Համբարձումյանը:

« Մի տեսանկյուն, մի կետ, մի մոտիվ չկա, որին հակասեն երեխա ունենալու՝ ընտանիքի ջանքն ու ճիգերը եւ մեր բժշկության հնարավորությունները: Դրան դեմ կանգնելը, դրան ինչ-որ արհեստական անիմաստ բան վերագրելը ես ուղղակի ավելորդ եմ համարում»:

Բժշկական նորագույն տեխնոլոգիաներն արդեն եկեղեցական մոտեցումներում փոփոխություններ են պարտադրել: Հայ առաքելական եկեղեցին մի քանի տարի է՝  նոր հայեցակարգ է մշակում՝ դրանում արտացոլելու իր նորացված մոտեցումները բժշկագիտական, բարոյագիտական որոշ հարցերի, այդ թվում՝ արհեստական բեղմնավորման շուրջ: Բայց մոտեցումները դեռ միանշանակ ու վերջնական չեն՝ ասում է Բագրատ Սրբազանը: Իսկ բժիշկ Համբարձումյանն այս դեպքում գերադասելի է համարում հետեւյալ մոտեցումը:

« Դա պետք է հարցնել կանանց առաջին հերթին: Կանանց, որոնք հղիանում են: Եւ ոչ թե, ասենք, չամուսնացած տղամարդ եկեղեցականներին»:

Ու, բժշկի ասած պես, կրկին անդրադառնանք վերարտադրողաբանի դիմած Անուշի օրինակին, ով իր կյանքը երկու փուլի է բաժանում՝ երեխայի ծնունդից առաջ, երբ ուներ խնդիր ու երազանք, ու ծնունդից հետո, երբ երազանքն իրականացել է, անլուծելին՝ լուծվել:   


«Առհասարակ, դեմ չլինելով մեր եկեղեցու մոտեցմանը, միանշանակ, չմերժելով դա՝ այդուհանդերձ, դատապարտվել չմայրանալու, չերջանկանալո՞ւ... ինչի՞ համար: Պատճառ չունի սա: Կինը չի կարող համակերպվել այս մտքի հետ: Դրա համար հավատի շատ մեծ չափաբաժին է պետք: Արդյո՞ք ամբողջ կյանքում կինը կկարողանա պահել այդ հավատի աստիճանը, դրանով առաջնորդվել: Դա ամեն մեկին տրված չէ»:

Անուշն անկեղծանում է այնպիսի հարցերում, որոնց շուրջ խոսել չի սիրում: Որոշ մարդիկ արհեստական միջամտությամբ ծնված երեխաներին դեռ արհեստական երեխաներ են անվանում: Խոստովանում է՝ շարունակ փորձել է հասկանալ՝ ո՞ր մեղքի համար է իրեն բաժին ընկել «անպտղություն» ախտորոշումը, ու ինչու պիտի ինքը համակերպվի, որ իր «ես»-ը չպիտի իր երեխայով շարունակվի: Եթե փոխնակ մոր դիմելուց բացի այլ տարբերակ չկա, ուրեմն կարելի է դիմել այդ քայլին: Անուշն այն համոզմանն է եկել, որ ամեն ոք ինքը պիտի գիտակցի՝ որքանո՞վ է ռիսկային, երբ իր ընտանիքի վերարտադրությանը մասնակցում է երրորդ անձ: Ամեն մեկն ինքը պիտի գտնի պատասխան՝  ե՞րբ է Աստված ավելի շատ իր հետ՝ երբ մայրանալու բնական մղո՞ւմն է հաղթել, թե՞ եկեղեցական պատգամը:  

0:00
0:00