Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զգուշացե՛ք ավտոմեքենայից, կամ ղեկին կանայք են
2019-05-18 13:35:59

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում տարեց տարի կին վարորդների թիվն ավելանում է, ինչը ողջունում են նաև Ճանապարհային ոստիկանությունում: Կանայք շատ ավելի ուշադիր և կարգապահ են, քան տղամարդիկ, ինչի մասին փաստում է վթարների  վիճակագրությունը:

Թեև կին վարորդների հանդիպում ենք գրեթե ամեն քայլափոխի, նրանց մասնակցությամբ վթարների թիվը չնչին է: Ավելին՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը չի հանդիպել կին վարորդի, որն, օրինակ, ոչ սթափ վիճակում լինի, իսկ արագությունը գերազանցող կին վարորդեր հազվադեպ են պատահել:

Երբ կին վարորդները հայտնվեցին երթևեկության հոսանքի մեջ, հատկապես տղամարդիկ թերահավատությամբ նայեցին նրանց: Կինը ղեկին վտանգավոր է, կանայք պետք է խոհանոցում լվացքի մեքենա վարեն և ոչ թե ավտոմեքենա. նման կարծրատիպերը գերակշռում էին: Զրուցում եմ կին վարորդների հետ, որոնք դրանց հումորով են արձագանքում:    

«Լվացք անողը, մեքենա էլ կարող է վարել: Դա ասում են տղամարդիկ, ովքեր ավելի վատ են վարում, քան կանայք»:

«Ցանկացած ուժեղ տղամարդու հետևում կանգնած է կրկնակի ավելի ուժեղ և խելացի կին: Հետևաբար՝ վարելը փոքրագույնն է, որ կանայք կարող են անել»:

Կարծրատիպերին դեմ է նաև Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը:

«Այդ կարծրատիպը վերջին տարիներին հատկապես կանայք կարողացել են կոտրել: Կանանց մասնակցությամբ երթևեկությանը կարելի է գնահատել դրական: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մասնակից են լինում նաև կանայք, սակայն մեղավորության առումով չի կարելի ասել, որ նրանք միանշանակ մեղավոր են լինում»:

Կանայք ղեկին ավելի զգոն են, զգուշավոր և զիջող։ Կանայք նույնիսկ ավելի փորձառու և լավ վարորդ են, քան տղամարդիկ՝ հավաստիացնում են կին վարորդները:

«Կարծում եմ, որ ես լավ վարորդ եմ: Տղամարդ վարորդները միշտ ինձ զիջում են, իսկ փարքինգի աշխատողները միշտ քաղցրով են ճանապարհում»:

«Վարորդ եմ արդեն 12 տարի: Կարգապահ եմ, բայց և շատ արագ եմ վարում, երբեմն նաև վտանգավոր, բայց հիմնականում զգուշավոր: Կինն վարորդ լինելը առավելություն է հատկապես ճանապարհային ոստիկանության դեպքում: Հիմնականում զիջում են»:


Այս փաստին ժպիտով է արձագանքում նաև ՃՈ ներկայացուցիչը:

«Չեմ պատկերացնում մի տղամարդու, որը կարող է բացասաբար նայել այս երևույթին: Բացի գրված օրենքներից, մենք ունենք նաև չգրված օրենքներ,  ՃՈ ծառայողը հանդորժողականություն դրսևորելու դեպքում, իհարկե օրենքի սահմաններում, բավարարվում է նախազգուշացմամբ: Կարծում եմ այս առումով մենք որևէ խնդիր չպետք է ստեղծենք, քանի որ խոսքը մեր կանանց, քույրերի և մայրերի մասին է»:

Ոստիկանն ասում է, որ զիջում են կանանց։ Կին վարորդների հայտնվելուն պես իսկապես կոտրվեցին կարծրատիպերը։

0:00
0:00