Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներքին Բազմաբերդում նորից հարսանիքներ կլինեն, եթե գյուղն ուշադրությունից դուրս չմնա 
2019-05-18 15:50:51

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Եթե գյուղը գազ ունենա, ոռոգման  ու խմելու ջուր, արոտավայրեր, հետևաբար անասնագլխաքանակն էլ կավելանա, ապրուստի միջոցն էլ, կյանքը  Ներքին Բազմաբերդում կրկին կաշխուժանա և երիտասարդները նոր ընտանիքներ կստեղծեն: Նրանց արոտավայրերի փոխարեն կրակադաշտ է, ինչի հետևանքով նվազել է անասնագլխաքանակը: Եթեների լուծումը համայնքն  ակնկալում եմ կառավարությունից:


Ներքին  Բազմաբերդ գյուղում կան խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում: Գյուղը գազիֆիկացված չէ: Տեղացիները ջանք չեն խնայում իրենց կենցաղային պայմանների բարելավման համար, բայց ավելի թանկ են վճարում: Բնական գազի փոխարեն օգտագործում են էլեկտրաէներգիա, հեղուկ գազ, փայտ ու աթար: Վաղինակ Մանուկյանը հոգսերի թեթևացման այլընտրանք է գտել արևային ջրատաքացուցիչի միջոցով:

«Հեղուկ գազ ենք առնում, հացն ու ճաշը դրանով ենք եփում, ջեռուցում ենք փայտով ու աթարով, բաղնիքում էլեկտրական բաքսի է: Բայց մի 2 ամիս է արևային մարտկոցներ ենք տեղադրել, ամսական մուծում ենք»:

 Արևային ջրատաքացուցիչներ քչերն ունեն,  թանկ արժեն,  իսկ  գյուղացիների ֆինանսական հնարավորութունները սուղ են:   Գյուղում Արևային ջրատաքացուցիչների օգտագործմամբ  փորձում են  մեղմել էլէկռտրաէներգիայի ծախսը: Ալմաստ Ղազարյանն արդեն համոզվեկլ է դրանում. «10 հազար դրամ տնտեսել ենք հոսանքի ծախսը, մինչև 100 աստիճան տաքանում է»:


Կապույտ վառելիքը հասել է 7 կմ հեռավորությամբ գտնվող Դավթաշեն համայնք ու չի շարունակվել:  Ներքին Բազմաբերդ համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը   և հարակից  9 գյուղերի ղեկավարները գազի խնդրով բազմիցս դիմել են կառավարություն և
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, սակայն գործին  ընթացք չի տրվել:  Ասել են ծախսը շատ է: 10 գյուղում ընդհանուր թվով 2100 տնտեսություն կա: Կոպիտ հաշվարկներով միայն Ներքին Բազմաբերդի գազիֆիկացման համար պահանջվել է 280 մլն դրամ, գյուղապետն ասում է, որ այդ գումարն իրենց գրեթե  20 տարվա բյուջեն է: Այդ պատճառով են խնդրել  կառավարության ֆինանսական աջակցությունը:

Համայնքում խմելու ջուրը նույնպես օրհասական է: Օրվա կարգավորիչ 3 ջրամբարը գրեթե դատարկ է: Տեղացիները ենթադրում են , որ սարերից հոսող ջրի աղբյուները կամ  ցամաքել են,  կամ էլ միջամտությամբ ջրի  հոսքն է փոխվել:


Նախորդ տարի  կառավարության սուբվենցիայի ծրագրով 40 : 60 տոկոսային  հարաբերությամբ 1.6 կմ  խմելու նոր ջրագիծ էր կառուցվել, վերանորոգվել էր նաև մշակույթի տան տանիքը: Այս տարի նախատեսվել է ոռոգման ջրագծի և գիշերային լուսավորության անցկացում մոտ 40 մլն դրամ արժողությամբ:

Անձրևների պատճառով այս  գյուղատնտեսական տարին մեկ ամիս հետ է ընկել և Ներքին Բազմաբերդում հողերի  վար ու ցանքն ուշ սկսել:  Հացահատիկի շարքացան չունեն: Ցորենն ու գարին ցանում են հնագույն մեթոդով՝ ձեռքով, ճիշտ այնպես, ինչպես հին հայկական ֆիլմերում ենք տեսել:, Հացահատիկը լցնում գոգնոցի մեջ կամ դույլի և ձեռքով շաղ տալիս վարված արտում: Նույն կերպ լցնում են պարարտանյութը և տրակտորի միջոցով ակոսներ անելով՝ սերմը պահ տալիս հողին, ապա սպասում անձրևներին:

«Շարքացան չունենք, տեխնիկա չունենք, ամբողջ գյուղն այս ձևով է ցանում»:


Գյուղտեխնիկայի պակասը փորձել են լրացնել  գյուղատնտեսական կոոպերատիվների միջոցով:

Գյուղի բակերից մեկում նկատեցի մեքենատրակտորային մասեր, սարքավորումներ:  Վերջերս  էին ձեռք բերել: Տեխնիկան երիտասարդ տղան է շահագործում:

«3 միլիոն դրամ վարկ ենք վերցրել, տեխնիկան առել, որ տղաս աշխատի: Վճարում են, երբ փող են ունենում՝ դպրոցի աշխատողն աշխատավարձին, թոշկառուն՝ թոշակին ու նպաստին»:

Գյուղի հիմնական աշխատատեղերը գյուղապետարանն է, դպրոցը, մանկապարտեզն ու բուժամբուլատորիան: Տեղի երիտասարդները աշխատանք են փնտրում Երևանում, Թալինում, մի մասն էլ դուրս է գալիս արտագնա աշխատանքի: Գյուղը մի ցավոտ կողմ էլ ունի՝ երիտասարդ տղաները չեն ամուսնանում: Ասում են ֆինանսական նեղությունների մեջ են, հող չունեն, որ տուն սարքեն, եկամուտ չկա:


Ներքին Բազմաբերում  կյանքի առողջացմանն ուղղված ծարգրերի իրականացմամբ սասունցիների օջախներում կրկին հարսանիքներ կլինեն,  զուռնա-դհոլի ձայնը 7 օր ու գիշեր կթևածի Արագածի փեշերին, և հողը կրկին կդղրդա սասունցիների ոտքերի տակ:

0:00
0:00