Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենդանին հոգի ունի՞
2019-05-18 18:36:55

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Կենդանին հոգի ունի՞։ Եթե ունի, ի՞նչ է մտածում մեր Կենդանաբանական այգում ապրող գազանը ամեն մի սատկած, կներեք՝ անկած կենդանու համար։ Իր մոտալուտ մա՞հն է զգում, կարոտում  իր դրկից վանդակի կենդանուն, որին այլեւս չի տեսնելու… Մի քանի ամիս է՝ Ռադիոլուրը հետեւում է մեր կենդանաբանական այգում ծավալվող իրադարձություններին, երբ հերթական անկած կենդանու հետքերով գնում էր այնտեղ, փորձում պարզել պատճառները, ու ամեն անգամ նաեւ ականատես լինում ներկա ու նախկին աշխատակիցների ճակատամարտերին։

Բոնին մեր քաղաքի շների մեծամասնության պես ռուսախոս է, բայց հայուհու աչքեր ունի՝ երկար թարթիչներով, կամար հոնքերով, փայլով, միջի հույսով, սիրով ու հավատով։ Այս աչքերը իմը կարող էին լինել, ձերը...տիրոջինը, կամ նրանը, ում հոտը Բոնին առել էր փողոցի մյուս ծայրից ու խելագարի պես վազել մոտը:

Ալբերտ Ներսիսյանի համար խելագարվում են քաղաքի բոլոր շները, նույնիսկ նրանք, ում հետ երբեք չի աշխատել: Նա չի կարող հայտնվել փողոցում ու չլինել շներով շրջապատված: Աշխատանքային գրքույկի մեջ գրված է կենդանիների հոգեբան-վարժեցնող:

«Ռադիոլուրի» համար Ալբետը Բոնիին խոսեցնում  է: Բոնին հաչում  է՝ պարզվում  է, ուտելիք է ուզում:

Ալբերտին  մենք ասում ենք շների խոստովանահայր, որովհետեւ նա, ում աչքերը կարող էին լինել իմ, ձերը, տիրոջինը չեն կարող հոգու արտացոլանք չլինել:

«Եթե զգացմունք ունես, հոգի էլ ունես: Եթե չէ, ուրեմն ռոբոտի պես մի բան ես»:

Աջից Բոնին է, ձախից լաբրադորը ու մի անտեր, անանուն քուչի շուն: Ալբերտն այնքան հետաքրքիր ու տարված է խոսում, որ եթե պոչ ունենայի, ես էլ կխաղացնեի՝ ոգեւորությունից:

Հեռվից եմ գալիս, զգուշորեն փորձում եմ հարցնել Երեւանի կենդանաբանական այգու գազանների մասին։ Համառորեն շրջանցում է, իսկ հետո՝ պայթեցնում:

«20-30 տարի է կենդանաբանական այգի չեմ գնացել: Չեն հիանում կենդանիներով՝ տանջվում եմ»:

Վերջին 7 ամսվա վիճակագրությունն է. կենդանաբանական այգում հայացք է մարում 42,5 օրը մեկ. 42,5 օրը մեկ մի-մի զույգ աչք, որ կարող էին լինել իմը, ձերը, այգու տնօրենինը՝ փակվում է ու էլ երբեք չի բացվելու:

«Ցավոք սրտի հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Բեզոարյան այծին եթե կարողանում ես բռնել, նշանակում է նրա վնասվածքները լուրջ են, երբ մոտեցա կենդանին արդեն շնչահեղձ էր լինում: Առավոտյան, երբ մտա կոկորդիլոսի մոտ ջրի մեջ էր, անսովոր վիճակում: Վագրը խնդիրներ ցույց չէր տալիս, հետո կտրուկ վատացում եղավ, սկզբում քթից արյունահոսություն»:

7 ամիս շարունակ լսել եմ բոլորին՝ տնօրենին, նրա դեմ բողոքողներին, այցելուներին, փորձագետներին։ Միայն կենդանիներին չեմ լսել։ Կենդանիների խոստովանահայր Ալբերտ Ներսիսյանը կխոսի նրանց փոխարեն եւ նրանց անունից։

Բոնին գնաց, լաբրադորը գնաց՝ ես եմ, Ալբերտը, անանուն քուչի շունը, ով ապրելու տեղ չունի, գլխին էլ՝ տեր։

7 ամսվա ընթացքում սատկած կենդանիներից յուրաքանչյուրը, որ անուն էլ ուներ, անձնագիր էլ, բժշկական քարտ էլ հաստատ քուչի շնից ավելի երջանիկ չէին։ Նրանցից յուքանչյուրը տեղերով սիրով կփոխվեր շան հետ։

Վերջին լուրջ փորձը, ինչպես հիշում եք տասնամյակներ առաջ Վովա անունով հսկան արեց՝ հայկական աչքերով մեծ հնդկական փիղը, որ կարող էր լինել իմը, ձերըյուրաքանչյուրինը:

0:00
0:00