ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տնտեսական տարվա փակումը՝ կանխատեսված 5-6 տոկոս աճով
2018-11-23 18:21:49

 Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը  հեղափոխությունից հետո երկու նախարար փոխեց: Մոտ վեց ամսում այս գերատեսչությունը երկու նախարար ունեցավ: Այսօր նախարարության վերջին ամիսների գործունեությունն է ամփոփել տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

«Ռադիոլուրը» նրանից էլ փորձել է պարզել, թե ինչպես պետական  սեփականություն հանդիսացող հանքավայրը նախ գրավադրվեց  հայտնվեց  VTB  բանկում, ապա նաև՝ դարձավ սեփականատերը: Ի դեպ, «Ռադիոլուրի» գրավոր հարցմանն ի պատասխան, VTB  բանկից  բանավոր ասել են, այս պահին որևէ բան չեն կարող ասել:

0:00
0:00

Թեղուտի հանքավայրը հայտնվեց VTB ռուսական բանկում՝  ռիսկերը ոչ  ճիշտ հաշվարկելու պատճառով՝ այսօր «Ռադիոլուրի» հարցին այսպես արձագանքեց 2006-2016 թվականներին «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենի պաշտոնը զբաղեցրած տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան  Խաչատրյանը: Ռիսկերը հաշվարկված չէին երկու ուղղությամբ՝ ասաց.


«Կամ գները կարող են սպասվածից ավելի բարձր լինել, և այդ դեպքում կազմակերպությունը կարող է ստանալ նախապես չպլանավորված բարձր շահույթ, կամ կարող են գները ցածր լինել, և կազմակերպությունը կարող է ստանալ չնախատեսված վնասներ»:

Թեղուտի դեպքում գործունեության առաջին երեք տարիներին կազմակերպությունը ստացել է չսպասված մեծ վնասներ՝ իր նախատեսած գների համեմատությամբ:

Մետաղների գները հաշվարկվել են՝ յոթ հազար ու ավելի մակարդակում, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը փոխել է իրավիճակը. «Իրենք ավելի քան 150 մլն դոլար չեն ստացել, քանի որ միջազգային գներն ավելի ցածր են եղել»:

«Ցանկացած ներդրումային ծրագրի, ուստի և Թեղուտի դեպքում, ֆինանսավորող բանկը վերցրել է գրավային ապահովումներ»,- մանրամասնեց:

Պարտավորությունները չեն սպասարկվել  այնպես, ինչպես պետք է սպասարկվեին մետաղների գների բարձր լինելու դեպքում, ուստի և ֆինանսական կառույցը, այս դեպքում VTB  բանկը, իրավունքներ է ձեռք բերել: Հստակեցնում եմ՝ հարքավայրի մասին է  խոսքը՝

«Դուք խոսում եք Թեղուտ ընկերության մասին, համապատասխանաբար դա վերաբերում է հանքավայրի շահագործմանը»:

Միայն թե չհստակեցվեց, թե ով է պատասխան տալու ռիսկերը հաշվի չառնելու համար: Նույն այդ ռիսկերը հաշվի չառնելու պատճառով   էլ  նույն ընկերության պատկանող Ալավերդու պղնձաձուլարանը նույնպես խնդիրներ ունի: Իհարկե, կառավարությունից, ու ոչ միայն, պնդում են՝ այստեղ խնդիրն ավելի շատ բնապահպանական է:

Օրերս գործարանի աշխատակիցները «Ռադիոլուրին» հայտնեցին, որ նոյեմբերի 23-ին՝ այսօր, հստակեցումներ կլինեն: Այսօր այդպես էլ որևէ տեղեկատվություն նրանք չստացան:

Ալավերդին սպասում է նոյեմբերի 23-ին
 

Հայաստանի հանքարդյունաբերության մեջ տեսակարար կշիռ ունեցող ընկերության չաշխատելը տնտեսական ընդհանուր ցուցանիշերի վրա բացասական ազդեցություն թողել է:

 

Հեղափոխությունը, ըստ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատարի, բերել է հավասար մրցակցային պայմաններ, շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություններ, տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան:

Հայաստանի չորս բուհերի տնտեսագետներն ուսումնասիրել են  տնտեսության զարգացման հիմնախնդիրները: Նրանք տրամագծորեն հակառակ պատկերն են ստացել: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն  Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է.

«Տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները մրցակցային հավասար պայմանների բացակայությունն է, մոնոպոլիզացիայի բարձր մակարդակը շուկաների մեծ մասում, արդարության հետ կապված  որոշակի խնդիրներ»:

Զրուցակցիս հարցնում եմ՝ վերջին հինգ ամսում տնտեսությունում դրական միտումներ նկատվե՞լ են, թե՞ ոչ. «Պետք է անկեղծորեն նշեմ, որ դեռևս որևիցե առաջընթաց չկա: Միևնույն ժամանակ՝ արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ հինգ-վեց ամիսը կարճ ժամանակ է տնտեսական իմաստով կտրուկ փոփոխություն տեսնելու համար»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ տնտեսական տարին կփակենք 5-6 տոկոս տնտեսական աճով: