Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ է դատավորի վեթթինգը
2019-05-20 15:18:03

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Վեթթինգի մասին հայտարարությունը պետք է արվեր ավելի վաղ՝ հեղափոխությանը հաջորդած ամիսների ընթացքում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է իրավաբան, Հարվարդի համալսարանում անցումային արդարադատության ոլորտում մասնագիտացած Արտյոմ Գեղամյանը և բացատրել, թե ինչ է ենթադրում այս գործընթացը:

Վեթթինգը անցումային արդարադատության մեխանիզմներից է: Նշանակում է զտում, մաքրում: Այս գործիքի օգնությանը դիմել են այն երկրներում, որոնցում փորձել են հին համակարգերից անցնել նորի, բարեփոխել, առողջացնել դատական համակարգը:

«Նախ պետք է հասկանանք, թե վեթթինգի որ մեխանիզմն ենք ուզում կիրառել: Երկու մեխանիզմ են տարբերակում: Առաջինով ապացուցման բեռը դրվում է դատավորների վրա, երկրորդով՝ վեթթինգ իրականացնող կամ նման մանդատ ունեցող կառուցի, որը պայմանականորեն կարող ենք կոչել վեթթինգի հանձնաժողով»,- ասել է Գեղամյանը:

Առաջին դեպքում, ըստ մասնագետի, թիրախում այն դատավորներն են, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնին ոչ համաչափ գույք, նախկինում ենթադրաբար կատարել են պատվերներ, հանրության կարծիքով կամ ըստ փաստերի՝ ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաներում կամ պարզապես չունեն համապատասխան մասնագիտական որակներ:

«Առաջին տարբերակով առաջնորդվելու դեպքում դատավորներին պետք է հնարավորություն տրվի ապացուցել, որ իրենք այդպիսին չեն: Այսինքն, այն գույքը , որ ունեն, օրինական է, որ ներգրավված չեն եղել հեռախոսային արդարադատության գործընթացում կամ կոռուպցիոն գործարքներում», -ասում է մասնագետը:

Երկրորդ տարբերակով, ըստ Արտյոմ Գեղամյանի, վեթթինգն իրականացնող կառույցն ինքն է քննում յուրաքանչյուր դատավորի առանձին գործը և որոշում՝ կկարողանա՞ այդ դատավորն արդարադատություն իրականացնել, թե՞ ոչ:

Փորձագետը ընդգծում է՝ գործընթացը մասնագիտական մեծ ռեսուրս և հմտություն է պահանջում:

«Գործ ունենք դատավորների անհատական իրավունքների պաշտպանության ու դատական համակարգի ամբողջականության հետ: Ինչպիսի միջոցառում էլ ձեռնարկենք, պետք է հասկանանք, որ դատական համակարգի գործունակությունը և անկախությունը չպետք է խաթարենք»,- ասում է փորձագետը:

Ըստ նրա՝ անցումային արդարադատությունը և վեթինգը թափանցիկ գործընթացներ են, և մինչև կոնկրետ քայլերի ձեռնարկումը անհրաժեշտ է մասնագիտական լայն քննարկում:

Դատաիրավական համակարգի խնդիրների մասին ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է դատավորների վեթթինգի մասին: Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի՝ ասել է վարչապետը և հավելել. «Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: