Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ և Արցախի միջև լարվածության մասին խոսակցությունները արհեստական են․ Բակո Սահակյան
2019-05-20 20:45:06

Արմինե Գեւորգյան
Ռադիոլուր

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Գիտեք՝ մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ խափանման միջոցը փոխելուն»,-ասաց Բակո Սահակյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է, Բակո Սահակյանը չպատասխանեց:

Հարցին՝ Մարտի 1-ին Արցախից զորք եկե՞լ է Հայաստան, Արցախի նախագահը նշեց, որ այդ թեմայով բազմաթիվ հայտարարություններ եղել են։

Լրագրողների խնդրանքով Բակո Սահակյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որոշ պաշտոնյաներ ստահոդ քարոզչություն են իրականացնում՝ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու նպատակով։  

Արցախի նախագահն ասաց, տեղեկություն չունի, որ կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ու եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն, ու եթե կան այդպիսի ուժեր, իրենք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց»,-ասաց Արցախի նախագահը:

 «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,-իր ելույթում այսօր ասել էր վարչապետ Փաշինյանը։