Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-21 09:58:51
  • «Ժողովուրդ». Ուղիղ հարցեր և պատասխաններ փակ նիստում
  • «Իրատես». Մեզ ներքին թշնամիներ պետք չեն
  • «Առավոտ». Ինչից պետք է վախենա դատավորը
  • «168 ժամ». «Հայ-իրանական սահմանի փակում հնարավոր է միայն, եթե Հայաստանը նման որոշում կայացնի»
  • «Փաստ». Ճանապարհները հերթով քանդվում են

Ուղիղ հարցեր և պատասխաններ փակ նիստում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։

Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշել են, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից:

«Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է պատգամավորներից Արման Բոշյանը։

«Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է պատգամավորներից Արման Բոշյանը։

Մեզ ներքին թշնամիներ պետք չեն

«Իրատես»-ի զրուցակից ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ հայաստանցի-արցախցի տարանջատումը միշտ էլ եղել է ներխմբակային կամ ներանձնական շահերից բխող երևույթ։

Խոսելով «արցախցի» և «հայաստանցի» եզրույթները միմյանց հակադրելու և տարբեր դրվագներով շրջանառության մեջ դնելու մասին՝ Ալավերդյանը հստակեցրել է, որ որպես մեկ ազգ մշտապես միասնական կերպով կարող ենք և պարտավոր ենք լուծել հարաբերությունների դաշտում առկա խնդիրները։ Նա նաև ընդգծել է, որ ոչ միայն որևէ մեկը բարոյական իրավունք չունի արհեստածին հակադրություններ ստեղծելու և տարածելու, այլև բոլորը, առաջին հերթին՝ պաշտոնյաները, պետք է ընկալեն՝ մեզ ներքին թշնամիներ պետք չեն. «Ես համոզված եմ, որ ցանկացած տարաձայնություն պետք է հանգուցալուծվի բազմաշերտ հանդիպումների և քննարկումների արդյունքում։ Պետք է հասկանալ, որ հասարակության շրջանում միջանձնային կամ այլ հարաբերությունների մեջ խնդիրներ ստեղծելը լուրջ վտանգ է երկու պետությունների գոյատևման և զարգացման համար»։

Ինչից պետք է վախենա դատավորը

«Առավոտ»-ը տարբերություն չի տեսնում, թե ինչից կվախենա դատավորը՝ «ժողովրդական ցասումի» ցույցերից, թե իր դեմ եղած «կոմպրոմատի» բացահայտման վախից, ինչպես նախկինում էր:

Ո՞րն է տարբերությունը: Արդյո՞ք դատարանները պետք է որոշումներ կայացնեն՝ ընդառաջ գնալով ժողովրդի ցանկություններին կամ պահանջներին: Դատարանն արդյո՞ք պետք է պարտադիր բավարարի մեր այդ ցանկությունը: Եթե՝ այո, ապա, ըստ թերթի, դատարան ընդհանրապես պետք չէ՝ դատավճիռները կարող են կայացվել համաժողովրդական հանրաքվեների արդյունքում:

Մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, համենայնդեպս, թերթի կարծիքով, հենց այդպիսի վարքագիծ է պահանջում դատարաններից: Իսկ այդ դեպքում «վեթինգի հանձնաժողովը» կարող է դատավորներին միայն մեկ հարց տալ՝ «համաձա՞յն եք արդյոք, որ նախորդ իշխանությունների թալանչիներն ու հանցագործները պետք է ազատազրկվեն»: Եթե դատավորն ասում է «այո», ապա նա պրոֆեսիոնալ է, անկախ է եւ անաչառ, արժանի է ժողովրդի վստահությանը, իսկ նրա հայացքներն ու համոզմունքները համապատասխանում են Նոր Հայաստանի արժեքային համակարգին: Եթե ասում է, որ հարցն իրավական տեսանկյունից անգրագետ է ձեւակերպված, ուրեմն նա նախորդ կոռումպացված համակարգի ջատագով է, չի արտացոլում ժողովրդի իղձերը եւ անհապաղ պետք է հեռացվի դատական համակարգից:

«Քանի դեռ մեր քաղաքացիների մեծամասնության մտածելակերպը սա է, ոչ մի դատական կամ այլ պետական համակարգ մեր երկրում չի կայանա»,-համոզված է թերթը:

«Հայ-իրանական սահմանի փակում հնարավոր է միայն, եթե Հայաստանը նման որոշում կայացնի»

«Հայ-իրանական սահմանի փակման համար նախադրյալներ չկան»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին` անդրադառնալով հայ-իրանական սահմանի փակման հնարավորությանը։

Օրերս Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նշել էր, որ շուտով կփակվի Հայաստանի երրորդ սահմանը, ինչպես թերթ է նկատում, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հայ-իրանական սահմանը։ Իսկ ամիսներ առաջ այդ հնարավորության մասին էր խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման կոնտեքստում։

Ալի Սալամին ասել է, որ, բնականաբար, սահմանի փակման մասին կարելի է խոսել միայն ուժային գործողությունների դեպքում, այն էլ՝ դրանց բավականին ինտենսիվ փուլում։ Ըստ նրա՝ այո՛, ներկայումս ամերիկաիրանական լարվածությունը նոր փուլ է մտել, բայց իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ ներկայիս իրավիճակն առանց ավելի սուր լարումների կպահպանվի առաջիկա շրջանում։

Նրա խոսքով, ինչ վերաբերում է պատերազմի դեպքում սահմանի փակման հնարավորությանը, ապա նման սցենարի դեպքում սահմանը ենթադրաբար պետք է փակի Հայաստանը, դա լինելու է Հայաստանի որոշումը, և ոչ՝ Իրանի։

«Ներկայումս նման հնարավորություն ես բացարձակ չեմ տեսնում։ Իսկ հայկական կողմի ավելի վաղ արած հայտարարություններն այս առիթով համարում եմ պարզապես հռետորաբանություն՝ գուցե ուղղված նաև ԱՄՆ-ին։ Չնայած հասկանալով Հայաստանի իրավիճակը տարածաշրջանում, երկու փակ սահմանների առկայությունը, Միացյալ Նահանգները, կարծում եմ, երբեք նման հարց չի բարձրացնի Հայաստանի առաջ։ Ըստ իս՝ ՀՀ իշխանությունները ևս հասկանում են և ընդունում հայ-իրանական ներկայիս փոխվստահելի հարաբերությունների կարևորությունը, դրանք պահպանվել են Իրանի և Հայաստանի համար ամենաբարդ փուլերում այն դեպքում, երբ կան կրոնական, լեզվական և այլ տարբերություններ։ Կարծում եմ՝ ցանկացած սցենարի դեպքում հայ-իրանական հարաբերություններն այնուամենայնիվ անձեռնմխելի են լինելու, դա բխում է երկկողմ շահերից»,- ասել է Սալամին։

«Ներկայումս նման հնարավորություն ես բացարձակ չեմ տեսնում։ Իսկ հայկական կողմի ավելի վաղ արած հայտարարություններն այս առիթով համարում եմ պարզապես հռետորաբանություն՝ գուցե ուղղված նաև ԱՄՆ-ին։ Չնայած հասկանալով Հայաստանի իրավիճակը տարածաշրջանում, երկու փակ սահմանների առկայությունը, Միացյալ Նահանգները, կարծում եմ, երբեք նման հարց չի բարձրացնի Հայաստանի առաջ։ Ըստ իս՝ ՀՀ իշխանությունները ևս հասկանում են և ընդունում հայ-իրանական ներկայիս փոխվստահելի հարաբերությունների կարևորությունը, դրանք պահպանվել են Իրանի և Հայաստանի համար ամենաբարդ փուլերում այն դեպքում, երբ կան կրոնական, լեզվական և այլ տարբերություններ։ Կարծում եմ՝ ցանկացած սցենարի դեպքում հայ-իրանական հարաբերություններն այնուամենայնիվ անձեռնմխելի են լինելու, դա բխում է երկկողմ շահերից»,- ասել է Սալամին։

Ճանապարհները հերթով քանդվում են

«Փաստ»-ի դիտարկումներով՝ վերջին շրջանում մտահոգիչ են դարձել ոչ միայն հանրապետական նշանակության ճանապարհները, այլ նաև մայրաքաղաքի փողոցները:

«Ընդ որում, խոսքը, այսպես կոչված, երկրորդական փողոցների մասին չէ. դրանցից մարդիկ վաղուց են հույսները կտրել: Բավական վատ վիճակ է նաև գլխավոր փողոցներում: Մասնավորաբար, մի քանի խոշոր փոսեր են առաջացել, օրինակ՝ Թբիլիսյան խճուղում, որտեղ ամեն օր մեքենաներ են վնասվում: Այդպիսի «խորխորատներ» են հայտնվել նաև այլ ճանապարհներին, սակայն ցավն այն է, որ դրանց տիրություն անող չկա ուղղակի»,- գրում է թերթը: