Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր միջադեպ Զարթոնքում. համայնքի նախկին ղեկավարը՝ ընդդեմ համագյուղացիների
2019-05-21 11:53:46

Անցած գիշեր Զարթոնք գյուղում դարձյալ միջադեպ է գրանցվել: Համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի կողմնակիցները կեսգիշերն անց ծեծի են ենթարկել Սահակ Սահակյանին, որը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ստացել բուժօգնություն: Սարգսյանների դեմ բողոքող գյուղացիները նշում են, որ գյուղում լարվածությունը չի թուլացել, նույնիսկ ոստիկանության կողմից պարեկային հերթապահություն իրականացնելու պարագայում:

Արդեն տևական ժամանակ չեն հանդարտվում Զարթոնք գյուղում բորբոքված կրքերը: Ինչպես գյուղացիներն են ասում գյուղը բաժանվել է սևերի ու սպիտակների, սակայն դժվար է կռահել կողմերից որն է կրում այդ գույները: Ապրիլի 16-ից Զարթոնքի համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականից և նրա թոռան՝ Նարեկ Սարգսյանի կողմից զենքի գործադրմամբ միջադեպից հետո Սարգսյանների դեմ բողոքող գյուղացիները դեռ շարունակում են ապրել լարվածության մեջ:

«Գիշերով հարձակվել են նրա տան վրա, մեքենայից թափել են դուրս ու փայտերով, մահակներով սկսել են տարբեր տեղերին հարվածել: Մինչ այդ շարունակ նրան սպառնացել են»:

Սեյրան Սահակյանը տուժող Սահակ Սահակյանի հորեղբոր տղան է: Նա պատմում է, որ կռիվ հրահրողներից ու անմիջական միջադեպի մասնակիցներից է Մխիթար Սարգսյանը, ով շարունակ սպառնալիքներ է հնչեցրել Սահակի նկատմամբ: Մխիթարը նախկին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի եղբոր որդին է:

«Նախնական ախտորոշմամբ ասացին, որ սալջարդ է, կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց ստրեսն էլ հերիք, մեծ բան է, որն ինքը ունեցել է»:

Տուժածին գիշերը տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղից էլ հաղորդում է տրվել ոստիկանության բաժանմունք: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացրին, որ այս գիշեր ժամը 4-10 րոպեին կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կապտուկներով և աջ արմնկահոդի և աջ ծնկահոդի շրջանների քերծվածքներով բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի բնակիչը, ով ժամը 00:50 րոպեին ծեծի է ենթարկվել 2 երիտասարդի կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ծեծողները բերման են ենթարկվել: Գյուղացիները մեղադրում են դատարանի անարդար այն որոշմանը, երբ ազատ արձակեցին նախորդ միջադեպին հրազեն գործադրած Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Սարգսյանին: Թեպետ գյուղում արդեն մեկ ամիս ոստիկանության պարեկապահակային ծառայության կողմից իրականացվում է հերթապահություն, այնուամենայնիվ միջադեպը տեղի է ունեցել:

«Գյուղն ամբողջ գիշեր նույն վիճակն ա, ծեծ, կռիվ, դավի, նույն էս պարոն Ադամյանի (Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյան) չագուչի շնորհիվ: Գիշերը հիվանդանոց ենք տարել նույն Պարույր Սարգսյանի բանդայի կողմից ծեծի է ենթարկվել Սահակը, մեկ ա, վերջում Ադամյանը գալու ա, չագուչով խփելու ա, նորից ճամփելու ա: Ադամյանը մեր գյուղում Պարույրի հետ շատ ա գառ կերել, շատ-շատ, պաչիկով բարև են անում: Դրա համար էլ էս վիճակն ա»:

Զարթոնքցիները նույնպես միացել էին դատական համակարգի դեմ իրականացվող ակցիային և գյուղատնտեսական աշխատանքները թողած եկել էին Արմավիր ընդհանուր իրավասության դատարանի մուտքը արգելափակելու: Նրանք այս կերպ արտահայտում են իրենց բողոքը դատական համակարգի դեմ:

0:00
0:00