Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարում դատական համակարգի բարեփոխումները
2019-05-21 14:50:15

«Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ»,- ասված է ԵԽԽՎ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում, որի հեղինակները Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելն են: Նրան այդպես են արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 19-ի քաղաքացիներին ուղղված կոչին՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը։

Հաղորդագրության տեքստում նշվում է նաև, որ Փաշինյանի այս կոչը հետևել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատավորի որոշմանը։

Համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ ընդգծում են, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է քաղաքական դերակատարների ցանկացած միջամտության բացակայության դեպքում։ Ըստ Հայաստանի մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների, կան հստակ օրինական ընթացակարգեր, ինչպիսին ավելի բարձր դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը կասկածելի է թվում։

Համազեկուցողների խոսքով՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են բոլոր քաղաքացիների պաշտպանության համար, անկախ նրանից, թե ով են նրանք։

«Այնուամենայնիվ մենք ընդունում ենք, որ հանրային արձագանքը դատարանի այդ որոշման վերաբերյալ ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ ապագային միտված բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև նրա ցանկությունը՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»,- ասված է համազեկուցողների անդրադարձում։