Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանն այսօր էլ ակտիվ է տիեզերքում
2019-05-21 16:30:48

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհը՝ Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուները,  իսկ եթե կարճ՝ մեզ շրջապատող անսահմանությունը կոչվում է տիեզերք։

Մայիսի 21-ին աշխարհը նշում է այդ անսահմանության, այսինք՝ տիեզերքի օրը։ Տիեզերքի նվաճման ու բացահայտման ճանապարհին իրենց հետքն են թողել բազմաթիվ հայ գիտնականներ, հիշենք աստղագիտության պատմության մեջ թերևս ամենավառ ազգանունը՝ Վիկտոր Համբարձումյան։

Դեպի աստղեր տանող ճանապարհն այսօր հետաքրքրո՞ւմ է արդյոք երիտասարդ սերնդին, ի՞նչ է կատարվում խորհրդային տարիներին տիեզերագիտության լավագույն գիտական կենտրոններից մեկը համարվող Բյուրականի աստղադիտարանում։

Տիեզերքը հայերին հետաքրքրել է դեռ նախաքրիստոնեական ժամանակներից, երբ Գառնիում ուսումնասիրում էին երկնային մարմինները։ Իսկ  խորհրդային տարիներին գիտական մտքի խիզախության շնորհիվ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց բացահայտել Տիեզերքի բազմաթիվ գաղտնիքներ ու իր հետնորդների համար հեշտացնել այլ գաղտնիքների բացահայտման ճանապարհը։

Համբարձումյանի գիտական նվաճումների կենտրոնը նրա իսկ ջանքերով ստեղծված Բյուրականի աստղադիտարանն էր։ Արդյո՞ք այն այսօր  էլ  պահպանում է տիեզերական նվաճումների իր առաքելությունը։ Աստղադիտարանի տնօրեն  Արեգ Միքայելյանը վստահեցնում է «Մենք այսօր էլ շատ ակտիվ ենք տիեզերքում: Բյուրականն այսօր էլ համագործակցում է միջազգային գիտական կենտրոնների հետ, ունենք կարևոր ձեռքբերումներ»։

Վիկտոր Համբարձումյանը ժամանակին կանխատեսում էր՝ 21-րդ դարում աստղագիտությունը դառնալու է գիտության գլխավոր ճյուղը։ Որքանով է տիեզերքն այսօր հետաքրքրում հայ երիտասարդ սերնդին։ 

«Երիտասարդները հետաքրքրված են, բայց քչերն են ընտրում այս մասնագիտությունը, որովհետև մեր երկրում, ցավոք, դեռ չի գնահատվում գիտնականը։ Այդուհանդերձ, ունենք շրջանավարտներ, որոնք դժվարություններից անկախ ընտրել են այս ուղղությունը և հաջողությամբ իրենց գործունեությունն են իրականացնում Բյուրականի աստղադիտարանում»,- ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիակայի ամբիոնի դոցենտ Էլմիրա Կարապետյանը:

Աստղագիտությունն ուսումնասիրող ուսանողները այս ոլորտում բավականին լուսավոր հեռանկար են տեսնում։

Տիեզերքով զբաղվող մարդիկ ինչով են տարբերվում մյուսներից, հարցիս, աստղադիտարանի տնօրեն,  գիտնական Արեգ Միքայելյանն արձագանքեց«Նրանք ավելի լայն մտահորիզոն ունեն»։

Նրանց այդպիսին է  դարձնում Տիեզերքի անսահմանությունը։

Գրող  ու գիտնական: Երկու ձեռնոց՝ նետված դեպի միևնույն անսահման տիեզերքը: Մարդ, որն ամենագեղեցիկ ու հանրամատչելի լեզվով մատուցեց մեզ «Տիեզերքը ափի մեջ» Գրիգոր Գուրզադյան։  Նա ասում էր, որ ամբողջ տիեզերքում միայն մարդն է, որն ունի վերլուծելու կարողությունբայց միևնույնն է՝ մարդն ինքն էլ շատ բան ունի տիեզերքից սովորելու։


«
Ես տեսել եմ տիեզերքը ափի մեջ, և կարող եմ  ասել, որ տիեզերքի անսահմանությունը սարսափ է առաջացնում, որովհետև տիեզերքում ամեն ինչ վերջավոր է, բացի երկու բանից   ինքը՝ տիեզերքըորպես տարածություն և ժամանակը։ Տիեզերքը չունի սահման և ոչ էլ ժամանակը, որտեղ են դրանք սկսվում, որտեղ ավարտվում, ոչ ոք չի կարող ասել․․․ »,-«Տիեզերքը ափի մեջ» գրքում գրում է Գրիքոր Գուրզադյանը՝ երկնքի հայ գիտակը։

0:00
0:00