Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գործատուն դիպլոմն է նախընտրում, թե՞ հմտությունները
2019-05-21 18:07:04

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Մասնագիտական կրթությունը չի կարող կայանալ առանց գործատուների մասնակցության:

«Ռադիոլուր»-ը եղել է մասնագիտական ուսումնական հաստատությունում, զրուցել ուսանողների հետ, հանդիպել գործատուին, լսել, թե ինչու են նախապատվությունը տալիս քոլեջի ուսանողներին:

Բուհերի բազմազանության, նրանց կողմից առաջարկվող ժամանակակից ֆակուլտետների կողքին այսօր գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց շրջանավարտներն ինչ-որ չափով լրացնում են աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների պահանջարկը:

Տարեցտարի միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, և կարծես, կոտրվում է բարձրագույնի դիպլոմ ունենալու կարծրատիպը:

Ինֆորմատիկայի պետական քոլեջն ամեն տարի մոտ 300 ՏՏ մասնագետ է պատրաստում։ Մասնագիտական պրակտիկան ուսանողները ստանում են թե՛ քոլեջի լաբորատորիաներում, թե՛ գործատուի մոտ, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը:

«Պրակտիկաները կազմակերպվում են մեծամասամբ քոլեջի և գործատուի միջև կնքված պայմանագրերի հիմնավորման վրա: Բայց եթե կան ուսանողներ, որոնք ցանկություն են հայտնում պրակտիկան անցնել իրենց հարմար և հեռանկարային կազմակերպություններում, չենք խոչընդոտում»,- ասում է Ռոբերտ Աբրահամյանը:

Եվ իսկապես, ինչպես պարզեցի ուսանողների հետ զրույցում, իրենց ապագան ոչ միայն պատկերացնում, այլև տեսնում են աշխատաշուկայում, ու ոչ հեռավոր ապագայում:


«Արդեն 3 տարի է սովորում եմ այս քոլեջում, ու քոլեջը հիմք է տալիս ծրագրավորման մասին ամբողջական պատկերացում կազմել»,-ասում է աշակերտներից մեկը՝ Լիլիթը:

«Քոլեջի շնորհիվ մենք մասնագիտական հմտություններ ենք ստանում և ավելի ինքնուրույն ենք դառնում, քան եթե լինեինք ավագ դպրոցում»,- հավելում է Գոհարը:

«Կարծում եմ քոլեջից դուրս արտադրական պրակտիկաներն ավելի օգուտ կտան ինձ: Քոլեջից հետո ընդունվելու եմ պոլիտեխնիկ՝ հեռակա, զուգահեռ աշխատելու եմ»,- նշում է Լուիզան:

Իհարկե լինում են նաև ուսանողներ, ովքեր քոլեջում սովորելու տարիներին հասկանում են, որ սխալ մասնագիտություն են ընտրել:

«Ես Ավետիսյան Հունանն եմ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի ինֆորմատիկայի քոլեջ: Որոշել էի շարունակել պոլտիխնիկում, բայց մտափոխվել եմ: Շարունակելու եմ ոչ իմ մասնագիտությամբ:  Հիասթափվել եմ մասնագիտությունից: Հասկացել եմ, որ իմը չի»:

Ինչևէ, լինում են նաև նման դեպքեր, բայց հիմնականում քոլեջի ուսանողները շարունակում են հենց մասնագիտությամբ: Ավելին՝ իրենց պրակտիկայի ընթացքում աչքի ընկած ուսանողներն արդեն կարելի է ասել ունեն իրենց տեղը աշխատաշուկայում: Զրուցում եմ գործատու կազմակերպություններից մեկի ղեկավար Գոռ Հակոբյանի հետ:

«Լավագույններին մենք և ուսուցանում ենք, և աշխատանքի առաջարկներ ենք անում: Քոլեջից 3 հոգի արդեն աշխատում է մեզ մոտ: Գոհ եմ իրենցից, լավ կադրեր են: Քանի որ նոր նախագծի վրա ենք սկսել աշխատել, շուտով աշխատատեղեր ևս կլինեն և ես էլ կփորձեմ նորից լավ կադրեր ունենալ: Ծրագրավորման աշխատանքներ են ՏՏ ոլորտում»,- ասում է Գոռ Հակոբյանը:

Մասնագիտական ուսումնական հաստատությունում ստացած գիտելիքներն ու փորձը գնահատելով՝ գործատուն միանշանակ նախապատվությունը տալիս է ոչ թե բարձրագույնի դիպլոմին, այլ մասնագիտական հմտություններին:

0:00
0:00