Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի տնտեսության թիվ մեկ թշնամին
2019-05-21 18:24:51

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մենք չենք կարող, ավելի լավ է հարմարվենք»,- այս մտածողությունը Հայաստանի թիվ մեկ թշնամին է՝ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Կառավարության ղեկավարն այսօր մասնակցել է  «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» խորագրով գիտաժողովին։

Տնտեսագետները ոչ միայն  խնդիրներն են  ներկայացրել, այլ մի քանի ոլորտներում  լուծումներ առաջարկել։ Փորձագետներն ու կառավարության անդամները մի  հարցում ընդհանուր մոտեցում ունեն. ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ առաջարկող տնտեսություն։

21-րդ դարի տնտեսությունը Հայաստանին հնարավորություն է տալիս տրանսպորտային ու բազմաթիվ այլ սահմանափակումներ հաղթահարել՝ կարծում է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն կարևորում է հատկապես արվածի ու դեռ չարվածի արդյունավետությունը։

«Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն այնպիսի երևույթներ` սկսած քաղաքական, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, որ միևնույն է ոչինչ չի փոխվի և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետությունում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, որ մենք հնարավորություն չունենք, որ մենք ավելի լավ է հարմարվենք, որ մենք ավելի լավ է ամբիցիաներ չունենանք: Սա առաջին խնդիրն է, այդ թվում՝ տնտեսության ոլորտում»,- ասաց վարչապետը:

Արդյունավետ ու նորարարական լուծումներ. Հայաստանն էլ հետ չի մնում համաշխարհային զարգացումներից։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը կտա մի շարք հարցերի պատասխաններ։

Ռազմական արդյունաբերություն, գյուղատնտեսություն ու ոչ միայն. բոլոր ոլորտներում փորձագետների ու կառավարության մոտեցումները նույնն են՝ ժամանակակից տնտեսություն:

«Ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար, ընդ որում, նաև մեխանիկայի և այլ ոլորտներում»,- նշեց վարչապետը:

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է՝ Հայաստանը կարող է վերականգնել բարձր տեխնոլոգիաների երկրի իմիջը։

Հաջողության հասնելու համար պետք է ձերբազատվել ինստիտուցիոնալ ծուղակներից.

«Այդ ծուղակներն առաջին հերթին աղքատությունն է, երկրորդը՝ կոռուպցիան, երրորդը՝ ստվերը։ Չորրոդը՝ թերդրամայնությունը։ Պետք է այս օրակարգը շարունակել անկասկած։  Ես սա համարում եմ տնտեսությունը կոռուպցիոն տուրքից ձերբազատելու ժամանակահատված։ Կոռուպցիոն տուրքը ՀՆԱ-ի 10-15 տոկոսն է, այդ ռեսուրսի մի մասը, որը 1-1,5 մլրդ դոլար է, կարող է ուղղվել  զարգացմանը»,- ասաց Ատոմ Մարգարյանը։

Տեխնոլոգիական գյուղատնտեսությունը նույնպես կարող է  ու պետք է  տնտեսության  զարգացման խթան դառնա։ Այս ոլորտում  հաջողություն արդեն կա՝ ջերմոցային տնտեսություն։

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանը նկատում է՝ Հայաստանում ոչ թե չի մշակվում հողերի մեկ երրորդը, այլ՝ 54 տոկոսը։  Խնդիրները լուծելու համար պետք է կոոպերացիաները զարգացնել։ Սա միակ լուծումը չէ:

«Գյուղում խոշոր, ունևոր գործարարների խավ պետք է ստեղծել։ Նրանք կարող են նոր տեխնոլոգիաներ ներդնել, աշխատատեղեր ստեղծել։ Գյուղում պետք է կալվածատերեր առաջանան։ Նրանք իրենց վրա կվերցնեն գյուղի զարգացումը»,-նկատեց Ավետիսյանը։

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդգծում է՝ տեխնոլոգիական ճեղքը ոլորտներում տարբեր  է, ամենացածրը՝ գյուղատնտեսության ոլորտում է։ Իսկ այս և մյուս ոլորտներն ավելի արդյունավետ դարձնելու համար փորձագետները կշարունակեն առաջարկներ ներկայացնել։

0:00
0:00