Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոխադարձ կասկածանքներ՝ քաղաքական վերնախավում
2019-05-21 18:47:59

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Գերլարված դատական-քաղաքական երկօրյա զարգացումներից հետո երեկ ուշ երեկոյան ԱԺ մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Թեեւ կողմերը նշում են, որ անկեղծ եւ ազնիվ քննարկում է ծավալվել, բայց ամեն դեպքում տեղեկություններ կան, որ Բակո Սահակյանին պատգամավորների կողմից տրվել են սուր հարցեր:

Հիմնական մեղադրանքը, ասում են, կապված է եղել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ այդ երաշխավորությամբ քաղաքական լարվածություն առաջացնելու հետ: Արցախի նախագահը ՀՀ Աժ-ից հեռացել է ժամը 21.00-ին:  

Երեկվանից չի հստակեցվում, թե որ ուժերին եւ ում նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ փորձ է արվում պատերազմ հրահրել, հողեր հանձնել եւ դրանում մեղադրել Հայաստանի գործող իշխանություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հասցեատերերին այս պահին չի կռահում նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:   

«Եթե կան այդպիսի ուժեր եւ այդպիսի գործիչներ, նրանք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց ու, եթե կա այդպիսի նպատակ, բնականաբար ես էլ եմ դա որակում դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Բակո Սահակյանի հետ պարբերաբար, տարբեր ձեւաչափերով հանդիպումներ ունենում են: Երեկվա հանդիպումն այլ էր՝ Հայաստանի խորհրդարանի շենքում, մեծամասնության բոլոր պատգամավորների ներկայությամբ:

Դռնփակ հանդիպումը տեւեց գրեթե երկու ժամ: Բակո Սահակյանը շենքից հեռացավ 21:00-ի սահմաններում: Ակնհայտ է, որ հանդիպումը վերջին երկու օրվա դատական-քաղաքական զարգացումների հետեւանքն էր: «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպմանն անդրադառնում են զուսպ եւ զգույշ: Ինչ մտահոգություններ են ունեցել՝ անգամ չեն բացահայտում:

«Շատ հարցերով եւ լայն օրակարգով ենք խոսել եւ կարծում եմ, որ դա շատ օրինաչափ է, որ թե մենք հարցեր պետք է բարձրացնենք, թե ծանոթանանք դիրքորոշումներին այսպես ասած «նույն էջի վրա» լինելու համար»,-ասաց Համազասպ Դանիելյանը:

Հանդիպումից որոշ մանրամասներ, ամեն դեպքում, աստիճանաբար հայտնի են դառնում: Այս փուլում, օրինակ՝ որոշակի հարցեր կան 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված:

Ըստ ամենայնի, այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով Հայաստանի խորհրդարանում կստեղծվի: Ինչ կասկածներ կան եւ ինչ հարցեր են փորձելու պարզել՝ չի շտապում փակագծեր բացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Գրիգորյանը:

Կուսակցական քննարկումներ դեռ չեն ունեցել այս հարցի առնչությամբ, բայց համոզված է՝ ԲՀԿ-ն դեմ չի արտահայտվի նման հանձնաժողովի ստեղծմանը:   

«Ես չեմ կարող անհիմն կասկածներ ունենալ, ես նույնիսկ որպես հայ ինձ թույլ չեմ տա նման կասկածներ ունենալ, բայց Աստված մի արասցե լինեն այնպիսի կասկածներ, որ մենք այսօր ունենք: Դա դավաճանությունից ավելի բարձր է, հայ ազգը չի կարող ներել նման երեւույթները: Կասկածելու դեպքում փշաքաղվում է ամբողջ մարմինս, չեմ էլ ուզենա կասկածել»:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը արցախյան կողմն էլ դեմ չէ: Բակո Սահակյանի պատկերացմամբ՝ հանձնաժողովում պետք է ներգրավվեն նաեւ մարդիկ, մասնագիտորեն՝ լրացուցիչ ճշտումներ մտցնելու եւ չպարզաբանված հարցերը բացահայտելու համար:

Հայաստանի խորհրդարանում Արցախի նախագահին երեկ մի քանի անգամ տրվել է միեւնույն հարցը, որին նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել. 2008-ի մարտի 1-ին Արցախից զորք եկե՞լ է Երեւան, թե՞ ոչ: Տեղեկություններ կան, որ հարցը Բակո Սահակյանին տրվել է պատգամավորների հետ երեկվա փակ քննարկման ժամանակ, դրանից հետո նույն հարցը հետաքրքրել է նաեւ լրագրողներին:

«Այդ մասին նույնպես մենք բազմաթիվ հայտարարություններ ենք ունեցել եւ այս պահի դրությամբ ՀՀ ՀՔԾ-ում քննչական գործողություններ են իրականացվել եւ շարունակվում է իրականացվել»,- ասել էր Բակո Սահակյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում է մայիսի 16-ից: Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ եկել էին դատարանում հաստատելու երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Երեկ խորհրդարանում Բակո Սահակյանը խուսափեց, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չպատասխանեց հարցին՝ դատարանից հետո հանդիպել է Քոչարյանի հետ, թե՝ ոչ:

Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջացած լարվածության մասին խոսակցություններում Բակո Սահակյանը արհեստական մաս է տեսնում, մինչդեռ շատերի համար ակնհայտ է՝  վերջին օրերի լարվածությունը առավելապես այդ գործի եւ այդ քայլերի հետեւանքն են: Այսօր կարծիքը պնդեց «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանը:

« Այո, դա էլ ավելի սրում է իրավիճակը եւ ի ցույց է դնում, որ այն հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ դա հենց կապված էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ: Պետք չէր սպասել դրան, այդ լուծումները նախկինում էլ կային եւ առանց այդ լուծումները տալու դատաիրավական նման լուրջ գործընթացներ նախաձեռնելը ուղղակի միամտություն էր կարծել, որ կունենա ընդունելի, հասկանալի եւ արդարացի մոտեցումներ»,- նշեց Թանդիլյանը:

Անցումային արդարադատության հարցերը քննարկելու համար արտահերթ նիստ անցկացնելու նպատակով «Լուսավոր Հայաստանին» հաջողվել է հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ:

Վաղվա արտահերթ նիստը խորհրդարանում, ամեն դեպքում, վտանգված է: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ներկայացմամբ՝ «Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ:

Անցումային արդարադատության հարցերը խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է քննարկել մայիսի 24-ին կազմակերպվելիք խորհրդարանական լսումների ժամանակ:

0:00
0:00