Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սաբոտաժ կա՞, թե՞ ոչ. մասնագետները՝ Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու մասին
2019-05-21 19:10:41

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մինչ մեղադրանքի  ու պաշտպանության կողմերը սպասում են դատարանի որոշման պաշտոնական տեքստին, մասնագիտական շրջանակներում, սոցհարթակներում քննարկումների պակաս չկա:

Քոչարյանի ու մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին դատարանի որոշումը տարբեր որակումներ է ստանում՝ սաբոտաժից, դավադրությունից մինչև օրենքով նախատեսված քայլ:

Քրեական դատավարության օրենսգքրքով դատավորը գործը դատական քննության նախապատրաստելիս մի քանի որոշման հնարավորություն ունի. կարող է կարճել վարույթը, լրացուցիչ նախաքննության ուղարկել, դատաքննություն նշանակել կամ  կասեցնել այն: Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանն ընտրել է վերջին տարբերակը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը դատավորի քայլն իրավական առումով  խորամանկ չի համարում՝ հղում անելով այն հոդվածին, որի սահմանադրականությունը վիճարկվում է: Խոսքը Քրեական օրենսգրքի  300.1 հոդվածի մասին է, որը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն և որով  մեղադրանք է առաջադրվել նախկին 4 պաշտոնյաներին:

«Հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին և մյուսներին, իր ձևակերպումներով չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին», - ասում է սահմանադրագետը:


Վեճը Քրեական հին ու նոր օրենսգրքերի 2 հոդվածների՝ 300-րդի 1-ին մասի և 300.1-ի շուրջ է: Թեև երկուսն էլ նույն պատժատեսակն ու պատժաչափն են նախատեսում, բայց ունեն նաև տարբերություններ: Նոր  հոդվածով սահմանադրական կարգի տապալում է սահմանվում Սահմանադրության 1-ինից 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետևանքի:

 

Նախկին՝ մինչև 2009թ. գործող կարգավորմամբ՝ քրեական պատասխանատվությունը սահմանվում էր սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար և առանցքայինը իշխանության յուրացման հանցակազմն էր: Վարդան Այվազյանի կարծիքով՝ հոդվածի նոր ձևակերպումները տարընթերցումների առիթ են տալիս:

« Շատ ամորֆ, լղոզված շարադրանք ունի, ինչը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ»,-ասում է Այվազյանը:  Նա կարծում է, որ ՍԴ որոշումը կարող է օգնել դատավորին՝ ցանկացած սցենարի դեպքում: Իսկ հավանական սցենարները երկուսն են:

«Տեսականորեն, եթե այդ հոդվածը ճանաչվի հակասահմանադրական, ապա Քոչարյանին և մյուսներին առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը կհանվի: Եթե չճանաչի հակասահմանադրական և ներկայացնի իր մեկնաբանությունը, ապա դատարանի ու մեղադրանքի կողմի համար շատ ավելի պարզ կլինի գործի հետագա ընթացքը»:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի մոտեցումն արմատապես տարբերվում է: Նա  խիստ խնդրահարույց է համարում այս փուլում գործը կասեցնելու դատավորի  որոշումը, կարծում է՝ այս փուլում դատավորն այդ իրավունքը չուներ:

Դատարանի որոշման տեքստը կողմերը թեև չեն ստացել, բայց  փաստաբաններից մեկը հանրայնացրել է այն: Կասեցման որոշման հիմնավորումներում դատավորը դրել է իր կասկածները ոչ միայն 300.1 հոդվածի, այլ նաև անձեռնմխելիոիթյան հարցի վերաբերյալ:

Այդ հիմնավորումները կարդալով՝ Ալեքսանդր Սիրունյանը համոզվել է հետևյալում. «Դատավորն ակնհայտորեն արհեստական պայմաններ է ստեղծել դատաքննությունը տապալելու ուղղությամբ, հրաժարվել է դատաքննություն իրականցնելուց: Խիստ զուսպ եմ արտահայտվում, որ այդ ամենի ժողովրդական գնահատականները չտամ»:

Սիրունյանը համոզված է, որ տուժող կողմի իրավահաջորդների, նաև դատախազության բողոքները, որոնք խոստացվել են, կարող են փոխել գործի ընթացքը:

Տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանն ասել է, որ որոշումը բողոքարկվելու է այն ստանալուց անմիջապես հետո: Դատախազությունը նույնպես հայտարարել է, որ դիրքորոշում կհայտնի  որոշումը ստանալուց և դրա հիմքերն ուսումնասիրելուց հետո:

0:00
0:00