Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարցում. «Ուժային բլոկն» ստացել է ամենաբարձր, սոցիալականը՝ ամենացածր գնահատականը
2019-05-22 16:10:15

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նոր ձեւավորված կառավարության աշխատանքի 100 օրվա արդյունքները գնահատող հարցումները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած նախորդ՝ «համաձայնության կառավարության» 100 օրվա գործունեությունը  քաղաքացիներն ավելի բարձր են գնահատել:

Փորձագետների դիտարկմամբ՝ «լիովին դրական» գնահատականի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին կառավարությունից սպասումները շատ ավելին են եղել, քանի որ այն առավելաբար ձեւավորվել է զուտ Նիկոլ Փաշինյանի թիմից:

Այնուամենայնիվ, սպասումները 2017-ի համեմատ շատ բարձր են: Սպասումները շատ են նաեւ Նիկոլ Փաշինյանից:

Եթե սեպտեմբերին գրանցվել է 92 տոկոս դրական վերաբերմունք, ապա 6 ամիս անց այս ցուցանիշը, թեպետ դրական տիրույթում է, սակայն նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 82 տոկոսի, ինչը, փորձագետների գնահատմամբ, նույնպես ֆանտաստիկ վարկանիշ է:  

Կառավարության 100 օրը գնահատող հարցումներն անցկացրել է «ԳԵԼԱՓ միջազգային ասոցիացիայի» Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերությունը: 

Հայաստանի ամբողջ տարածքում ապրիլի 30-ից մայիսի 9-ն անցկացված 1108 դեմ առ դեմ հարցումների արդյունքում պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած վերջին կառավարության 100 օրվա աշխատանքը լիովին դրական են գնահատում քաղաքացիների 20.3 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 53.8 տոկոսը:

Արամ Նավասարդյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած նախորդ՝ «համաձայնության կառավարության» նույն ցուցանիշի համեմատությամբ մոտ 13 տոկոսով իջել է «լիովին դրական» պատասխան-գնահատականը:

Ըստ Արամ Նավասարդյանի այդ ցուցանիշի նվազումը երկու հանգամանքով է բացատրվում.  «Որպես բացատրություն, դա էյֆորիայի նվազումն է եւ նաեւ, ասենք, սպասումների ավելի բարձր լինելը, քանի որ այս կառավարությունը ձեւավորված է միայն Նիկոլ Փաշինյանի թիմից: Սպասումները, ըստ երեւույթին, ավելի բարձր են եղել»:

Այնուամենայնիվ, 17 թվականի համեմատությամբ սպասումներն ավելի դրական են՝ ասաց Արամ Նավասարդյանը: Տնտեսական ոլորտում առաջիկա մեկ տարվա առումով էլ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած վերջին կառավարությունից ավելին են սպասելիքները, քան եղել են դրանք «համաձայնության կառավարությունից»:

23.7 տոկսը կարծում է, որ կառավարությունը շոշափելի քայլեր կատարելով ունակ կլինի մեկ տարում բարելավել երկրի տնտեսական վիճակը: Դրան, սակայն, չի հավատում 11.6 տոկոսը:          

«Եթե նայում ենք սեպտեմբեր ամսվա այդ ցուցանիշը, հոռետեսների զանգվածը գրեթե 2 անգամ աճել է: Այն ժամանակ 6.2 տոկոսն էին ասել, որ չեն կարողանա որեւէ փոփոխություն իրականացնել»:

Հարցվածները 5 բալանոց սանդղակով գնահատել են նաեւ նախարարների, ուժային կառույցների աշխատանքը: Ամենաբարձր ցուցանիշը՝ 4.2 բալ, տրվել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ամենացածրը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ 3 բալ:

Ընդհանուր առմամբ՝ «ուժային բլոկն» ստացել է ամենաբարձր գնահատականը, սոցիալականը՝ ամենացածրը:

Մասնագիտությամբ սոցիոլոգ, նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանն արձանագրված այս ցուցանիշերը բնական է համարում:

Արամ Նավասարդյանը նկատեց նաեւ, որ մարդիկ միշտ ցանկանում են հավատալ դրական փոփոխությունների: Նա նկատեց, որ նախկին վարչապետը երբ եկավ՝ հարցումներով պարզվեց, որ նրա նկատմամբ դրական վերաբերմունքը 85.2 տոկոս էր, սակայն 1.5 տարի հետո այդ ցուցանիշն իջավ մոտ 57 տոկոսի, այսինքն՝ շուրջ 30 տոկոսով նվազեց 1.5 տարվա ընթացքում: Նիկոլ Փաշինյանից սպասումներն էլ ավելի մեծ են: Մնացածը՝ 1 տավա ընթացքում կախված է, թե անձամբ Նիկոլ Փաշինյանից,  թե՛ թիմից:      

0:00
0:00