Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազնավուրի ծնունդը՝ առանց ֆրանսիական երգի հսկայի
2019-05-22 17:00:43

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շնորհավոր ծնունդդ Մաեստրո, Շառլ Ազնավուրին հասցեագրված այս խոսքերն առաջին անգամ ուղղում ենք դեպի երկինք։

2018-ի հոկտեմբերի մեկից մենք ստիպված ենք համակերպվել նրա  ֆիզիկական բացակայության հետ, բայց նա մեզ հետ է և միշտ շարունակելու է ապրել մեր սրտերում  իր երգերով, աշխարհի ամենաբարի հայկական աչքերով ու մեծ  սրտով։

Մեկ անգամ ևս, շնորհավոր ծնունդդ մեր սիրելի Վարպետ։

Երևանի մետրոյի բոլոր կայարաններում այսօր հնչում է Շանսոնյեի ձայնը։ Մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Վարպետի հոբելյանական 95-ամյակը տոնում ենք նրա ֆիզիկական բացակայությամբ, բայց նա մեզ հետ է իր երգերով՝ լիրիկականկատակային, ողբերգական ու թեթեւ, ցանկացած դեպքում  յուրաքանչյուրիս հոգու խորքը հասնելու անսահման կարողությամբ։ 

Նա մեզ հետ է, ուստի  հրաժարվում եմ ասել, թե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկաննա 95 տարեկան է  և մենք տոնում ենք նրա հոբելյանը՝ մեծ հպարտությամբ։

Նա ծնվեց 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Անունը որոշեցին Վաղինակ դնել, բայց հիվանդանոցի սանիտարուհին ոչ մի կերպ չկարողացավ  արտասանել այդ անունը։

Եվ ինչպես իրեն էր հարմար, այդպես էլ ասաց՝ Շառլ։ Այսպես լույս աշխարհ եկավ Շառլ Ազնավուրը։ Հինգ տարեկան էր, երբ առաջին անգամ կանգնեց հանդիսատեսի առջև, ինը տարեկանում արդեն խաղում էր ներկայացումներում Շանզե Լիզեի «Մադլեն» թատրոնում, իսկ 13 տարեկանում առաջին անգամ նկարահանվեց ռեժիսոր Քրիստիան Ժակի ֆիլմում։

Օլիմպիայում առաջին անգամ ելույթ ունեցավ, երբ նոր էր լրացել 19 տարին։ Առաջին համերգը նաև առաջին աղմկոտ ձախողումն էր, որին հաջորդեց նաև մյուսների շարանը։ Հասարակությունն ամեն երեկո շռայլորեն սուլում էր երիտասարդ երգչին, իսկ քննադատներն Ազնավուրին խորհուրդ էին տալիս փոխել մասնագիտությունը։

1954 թվականին հանդիպումը Էդիթ Պիաֆի հետ Շառլ Ազնավուրի համար դարձավ ճակատագրական, իսկ 1956  թվականին «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց «Ֆրանսիան ազնավուրացված է»։

Հայկական ծագումը նա երեբեք չի թաքցրել, ավելին՝ ընդգծել է դա ցանկացած հարմար առիթով։ Հարցազրույցներից մեկում խոստովանել է«Ես հարյուր տոկոսանոց ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսանոց հայ։ Կարծում եմ, որ հայկական ծագումը նաև պարտավորություններ է ենթադրում։ Կամ էլ հայ չպետք է լինես, չպետք է պարծենաս, թե պատկանում ես հնագույն ժողովրդին և հայ լինես միայն սեղանի շուրջ։ Դրանով չէ, որ հայ հայ ես։ Հայ լինել նշանակում է՝ դա քեզ նունյպես վերաբերում է, և դու հասկանում ես , որ այդ երկիրը պետք է գոյություն ունենա, իսկ նրա մշակույթը ապրի»։

0:00
0:00