Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սրբացված» փողոցները՝ Երեւանի ավագանու նիստում
2019-05-22 18:04:04

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ավագանու օրակարգում երեք փողոցների անվանափոխության հարցը քննարկվել է բուռն: «Լույս» խմբակցությունն առաջարկել է Մովսես Խորենացի,  Գրիգոր Լուսավորիչ փողոցների ու Մաշտոց պողոտայի անուններին  ավելացնել « սուրբ» բառը: Նախագիծը, սակայն, քննադատել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: Արդյունքում՝ միայն  Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը կդառնա Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց:

Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի, Մովսես Խորենացու և Մաշտոցի փողոցների անվանումներին «սուրբ» բառն ավելացնելու «Լույս» խմբակցության նախագիծն ավագանին հավանության չտվեց: «Լույսից» Թեհմինա Վարդանյանը՝  նախագիծը ներկայացնելիս վստահեցրեց, որ  անվանափոխությունների նախագծի ընդունման դեպքում Երևանի բյուջեում  լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Ցուցանակների փոփոխության դեպքում կդիմի եկեղեցու աջակցությանը: Եվ բացի այս՝ անվանափոխության դեպքում բնակիչները որևէ խնդրի առջև չեն կանգնի:  

«Ինձ քաղաքապետարանի տվյալ վարչությունից ասացին, որ ընդունման դեպքում դիմումներ են գրում բոլոր ենթակա մարմիններին, որտեղ ասվում է, որ այսուհետ այս փողոցը կլինի հետևյալ անունով: Այսինքն՝ այդտեղ  որևէ  խնդիր բնակիչների համար  չի լինում, իսկ լինելու դեպքում, քաղաքապետարանը կտրամադրի տեղեկանք»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:     

2015 թվականին հայոց եկեղեցին որոշեց սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը նշում է, որ այդ զոհերի մեջ կան մեծեր, ում անուններով փողոցներ, դպրոցներ են անվանակոչված։ Այս նախագծով, ավագանու անդամի կարծիքով, խտրական վերաբերմունք կա մյուս մեծերի հանդեպ:  

«Կառաջարկեի այս երեք հարցը հանել և ուսումնասիրել  բոլոր մնացած օբյեկտներն ու փողոցները, գույքագրել սրբերին և նոր բերել առաջարկը: Մի քանի անուններ ասեմ՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ և այլն», -նշում է Դավիթ Խաչատրյանը:

Նախագիծը ներկայացնող Թեհմինա Վարդանյանը հակադարձում է՝ իր նշածները պատմական կերպարներ են, պատրաստ է հաջորդիվ քննարկել գործընկերոջ բարձրաձայնած անուններին եւս «սուրբ» ավելացնելու հարցը: «Իմ քայլից» Հասմիկ Խաչունցը հորդորեց  ավագանու անդամներին նման նախագծերի վրա ժամանակ չծախսել: Ինքը չի մասնակցելու նման օրակարգով հանձնաժողովների նիստին։ Նա առաջարկ ուներ. «Կառաջարկեմ սրբադասված անդամների բոլորի անուններով վերանվանման նախագծեր  հատ առ հատ  օրակարգ չբերել»,-ասաց Հասմիկ Խաչունցը:

Արդեն «Լույսից» Դավիթ Խաժակյանն ավագանու անդամների ելույթներին տվեց ոչ փաստարկված և ոչ բովանդակային գնահատական:

«Ինձ մոտ դեժավյու է, քանի որ ժամանակին ՀՀԿ-ին համոզում էին, որ ավագանին ունի փողոցներն անվանակոչելու իրավունք»,-նշեց  Խաժակյանը:

Ընդդիմադիր և իշխանամետ ուժերի միջև բուռն քննարկումը շարունակվեց մինչև մյուս օրինագծի՝ Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցի քննարկումը: Այս անգամ արդեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Առաքելյանն արձագանքեց «Իմ քայլի» գործընկերների նախագծի վերաբերյալ դիտարկումներին: Հորդորեց նրանց ունենալ ազնվություն և ասել, որ ամբողջ կռիվը «սուրբ» բառի շուրջ է:

«Ինչն է խնդիրը, ինչ որ մեկը կարծում է, որ  Խորենացին, Մաշտոցը, Լուսավորիչը  սուրբ չէ, ասեք իմանանք, որ դուք այդպես եք կարծում, մենք էլ: Ասենք, որ դա Ձեր դիրքորոշումն է: Մի բան ասեմ, որը երևի դուք չգիտեք: Մաշտոցը  եղել է վարդապետ, Խորենացին՝ եպիսկոպոս, Լուսավորիչը քրիստոնեության տարածող։ Եթե չգիտեք, գնացեք Հայոց պատմություն կարդացեք  և միլիոնուկես ցեղասպանության զոհերին մի խառնեք այս դեպքի հետ: Սա բոլորովին այլ բան է»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն  ամբողջ նիստի ընթացքում հանգստության կոչեր էր ուղղում  գործընկերներին, հորդորում հարգել միմյանց կարծիքը: Քվեարկությունն ավարտվեց, այսպես ասենք, փոխհամաձայնությամբ։ Փողոցներից մեկը կանվանափոխվի սուրբ Գրիգիոր Լուսավորչի անունով, մյուս երկուսը՝ Խորանցին ու Մաշտոցը,  կշարունակեն կրել իրենց  նախկին անունները։

0:00
0:00