Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում (տեսանյութ)
2019-05-22 18:27:58

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մայիսի 20 ու 21- ին տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Տավուշի ու Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ։

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ փոքր հատվածներ էլ Արմավիրի մարզում են կարկտահարվել։

Սակայն, փոխնախարարի խոսքով, կարկտավտանգ  փուլը նոր է  սկսվում։  Մինչև հունիսի 20-ը կարկուտի վտանգ կա Արարատյան հարթավայրում, հետո արդեն նախալեռնային ու լեռնային տարածքաշրջաններին է սպառնում։

Մայիսի 21-ին մոտ կես ժամ օրվա երկրորդ կեսին տեղացած կարկուտը վնասել է Գեղարքունիքի մարզի  մի քանի համայնքների ցանքատարածությունների։ 

«Ռադիոլուրի» հետ զրույցում մարզի Գանձակ համայնքի  ղեկավար Արմեն Պողոսյանը նշեց, որ մոտ 450 հա ցանքատարածությունից կարկուտը վնասել է 100 հա հացահատիկի  բերքը։ Կարկուտը վնասել է նաև պտղատու այգիները՝ խնձորենիներն ու տանձենիները:

Տավուշի մարզի  Բերդ խոշորացված  բնակավայրի մի շարք համայնքների բերքը  փրկել հնարավոր չի եղել։ Կարկուտին զուգահեռ նաև անձրևաջրերն են սրբել տարել սածիլները։ 

Նորաշենի  վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ հիմա հաշվարկում են գյուղացու կրած վնասի չափը։ Կորցրել են ինչպես ավանդական կարտոֆիլի բերքը, այնպես էլ  առաջին անգամ մշակվելիք ոսպի ու ոլոռի սածիլները:

Կարկուտից տուժած բնակավայրերում հակակարկտային կայաններ չկան։ Գանձակի գյուղապետը հաշվարկել է՝ իրենց անհրաժեշտ կլինի նման  չորս կայան։ Մեկ հակակարկտայինի արժեքը, ըստ համայնքի ղեկավարի, մոտ  2,5 մլն դրամ է։ Տեղական բյուջեն 20 մլն դրամ է, ութ մլն  դրամ էլ դոտացիա են ստանում:

Նորաշենի ղեկավարը լուծումը գյուղացիական տնտեսությունների  ապահովագրության մեջ է տեսնում։ Վստահեցնում է՝ գյուղացին պատրաստ է.

«Մի գյուղացի էլ ես եմ։ Ես էլ եմ պատրաստ, կուզենայի, որ ապահովագրվեր։  Լոբի ունեմ մի 60-70 տոկոսը վնասված է»։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում կարկտավտանգ  ժամանակահատվածը  նոր է սկսվում։ Արարատյան հարթավայրում կարկուտի հավանականությունը սովորաբար շարունակվում է մինչև հունիսի 20-ը։ Հետո արդեն  նույն վտանգը նախալեռնային ու լեռնային տարածքաշրջաններին է սպառնում։

Առաջնորդվելով նախորդ տարիների փորձով՝ նկատում է՝ անգամ օգոստոսին են մարզերից կարկուտի հետևանքով  վնասված   տնտեսությունների տեղեկատվություն ստացել։ Անցյալ տարի  աշնանը  առաջին անգամ  հասցեական աջակցություն է տրամադրվել:

Գումարը հողօգտագործողները ստացել են «Հայփոստի» բաժանմունքներից։  Այս տարվա արդյունքները կամփոփեն, առաջարկությունները կներկայացնեն կառավարություն։ Թե աջակցության ինչ մեխանիզմներ կկիրառվեն այս տարի, Գառնիկ Պետրոսյանը այս պահին դժվարանում է ասել։

0:00
0:00