Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անկարայի ռուս-ամերիկյան խաղը
2019-05-22 20:58:43

Մառլենա Հովսեփյան
Ռադիոլուր

Վաշինգոտնն Անկարայի հետ խոսում է վերջնագրերի լեզվովթուրքական կողմը պետք է հրաժարվի ռուսական С-400  զենիթահրթիռային համակարգերի գնումից, այլապես ամերիկյան կառավարությունը սպառնում է ամենաբացասական հետևանքներով: CNBC ամերիկյան հեռուստաալիքը, հղում անելով պետական դեպարտամեենտում իր բարձրաստիճան աղբյուրին հայտնում է, որ Թուրքիայի առաջ պահանջ է դրվել մինչ հունիսի առաջին շաբաթվա ավարտը չեղարկել С-400-ների ձեռքբերման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված փաստաթուղթը: Ընդ որում՝ պետական դեպարտամենտից հստակեցնում են. սա իրենց վերջին առաջարկն է Անկարային:

«ՆԱՏՕ-ի երկներին անհրաժեշտ է ռազմական տեխնիկա, որը համադրելի է դաշինքի համակարգերի հետ, ռուսականը չի համապատասխանում այդ պահանջներին»,-անանուն աղբյուրի խոսքերը մեջբերում է ամերիկյան հեռուստաալիքը:

Որպես բացասական հետևանքներ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականացնի Մոսկվայի հետ գործարքը ամերիկյան կառավարությունը խոստանում է դուրս թողնել Անկարային ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից համատեղ իրականացվող F-35 կործանիչների ծրագրից, դադարեցնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի վաճառքի գործընթացը, սահմանել տնտեսական պատժամիջոցներ։

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական համակարգերի ձեռքբերումից, չնայած Վաշինգտոնի դժգոհությանը։ Անցյալ շաբաթ Ստամբուլում ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին Թուրքիայի նախագահը հերթական անգամ  վստահեցրել է, որ Անկարան կկատարի ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ու որևէ պատճառ չի տեսնում հրաժարվելու ռուսական համակարգերի գնումից: Բացի այդ, Ռուսաստանում արդեն մեկնարկել է  թուրք զինվորականների համար С-400 համակարգերի շահագործման ուսուցանումը:

Վաշինգտոնի վերջնագիրը մեկնաբանելով,  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ հայտարարել է, որ  Միացյալ նահանգների հետ բանակցություններում  դրական տեղաշարժ է տեսնում ինչպես ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման, այնպես էլ ամերիկյան F-35  կործանիչների ձեռքբերման հարցով:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ ամերիկացիները բավականին լուրջ են տրամադրված եթե ռուս-թուրքական գործարքը կայանա, Վաշինգտոնը ոչ միայն կզրկի Անկարային F-35 կործանիչներից, չի տրամադրի խոստացած  Patriot համակարգերը, այլև տնտեսական լայնածավալ պատժամիջոցների կենթարկի, որոնք էական վնաս կհասցնեն Թուրքիայի տնտեսությանը:   

Հուլիսից արդեն պետք է մեկնարկի С 400 համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիա, իսկ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացնում թուրք դաշնակիցներին։ Ո՞րն է լարվածության այն կետը թուրք-ամերիկյան հարաբերություններում, որից հետո զիջումների են գնալու Անկարան կամ Վաշինգտոնը, «Ռադիոլուրի»  հարցին պատասխանում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

«Թուրքիան և Միացյալ Նահանգները տարբեր մասշտաբների պետություններ են, և Թուրքիան Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում թույլ է: Ես չեմ կարծում, որ Անկարան կգնա այնպիսի քայլերի, որոնք կվնասեն երկրի տնտեսությանը  և ընդհանրապես իր ռազմավարական դրությանը տարածաշրջանում, ռազմական արդյունաբերությանը և այլն»:

Գործընթացը դեռևս շարունակվում է, և վերջնագրեր է ներկայացնում ոչ միայն Վաշինգտոնը, այլև Անկարան։ Հիմա կողմերի միջև հակամարտության ամենաթեժ պահն է: Թուրքիան ցույց է տալիս, Վաշինգտոնին, որ վարում է անկախ քաղաքականություն։ Խաղը շարունակվում է, և զիջումներ կլինեն նաև ամերիկացիների կողմից, նշում է Ռուբեն Սաֆրաստյանը։

«Հենց այս խաղի նպատակն էլ այն է, որ որոշակի զիջումներ լինեն, մասնավորապես, ամերիկացիները կարող են համաձայնել Թուրքիային տրամադրել Patriot համակարգերը, որովհետև թուրքական կողմը ցանկանում էր դրանք ձեռք բերել, բայց երբ Վաշինգտոնը հրաժարվեց, նրանք դիմեցին ռուսներին՝ գնելու С 400-ները: Մյուս կողմից գործարքը ռուսական կողմի հետ արդեն ընթացքի մեջ է, և եթե Թուրքիան դադարեցնի դրա իրականացումը, մեծ վնասներ կկրի, ուստի նրանք կպահանջեն, որպեսզի ամերիկացիները այդ վնասները փոխհատուցեն: Միաժամանակ կարող են գտնել այնպիսի տարբերակ, որ С 400-ների գործարքը իրականանա, Թուրքիան ստանա այն, ինչ ուզում է Միացյալ Նահանգներից ու  և դրան լրացուցիչ С 400-ների այնպիսի տեղակայում անեն, որ  ամերիկացիները դրա դեմ ոչ մի առարկություն չունենան։ Այնպես որ, տարբերակներ կարող են գտնվել»,-եզրափակում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։

0:00
0:00