ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արտաքին հարաբերություններում Հայաստանն ինքնիշխան պետություն է՝ լեգիտիմ իշխանությամբ. ՕԵԿ առաջնորդին հակադարձում է նախարարի պաշտոնակատարը
2018-11-24 18:14:06

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Նոր իշխանությունը չի կարողանում արձագանքել արտաքին սպառնալիքներին՝ այսօր ՕԵԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Ի պատասխան՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը «Ռադիոլուրին» ասել է, որ արտաքին հարաբերություններում Հայաստանն այսօր ներկայանում է իբրև ինքնիշխան պետություն։

Հեղափոխությունից հետո նոր իշխանության 7 ամսյա գործունեության դրական պտուղները ժողովուրդը դեռ չի քաղել՝ այսօր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ ընտրացուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:

«Մենք տեսնում ենք իրավիճակային, կիսատ, պռատ լուծումներ, չենք տեսնում երկրի ռազմավարական զարգացման տեսլական, չենք տեսնում երկրի սոցիալ տնտեսական զարգացման ծրագիր: Տեսնում ենք օրեցօր աճող մարտահրավերներ ու սպառնալիքներ հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ, որը մեծ ստիպում է վճռական պոռթկում կատարել և բերելու մեր տեսակը, մեր մոտեցումը առաջիկա քաղաքական գործընթացներին»:

Արթուր Բաղդասարյանը հատկապես մատնանշեց արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Դրանք առավել ընդգծվեցին Աստանայի գագաթաժողովից հետո, երբ ինստիտուցիոնալ խզում առաջացավ Հայաստանի և ՀԱՊԿ ու նրա անդամ երկրների հետ, ասում է: Արցախյան խնդիրը, Ռուսաստանի ու Արևմուտքի հետ մեր եւ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ աճող լարվածությունը, տարածաշրջանային գործընթացներին մեր երկրի չմասնակցելը լուրջ սպառնալիքներ են հայ ժողովրդի համար՝ ասում է Բաղդասարյանը:

«Ինչպես նախկին իշխանությունը չէր կարողանում ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ սպասարկել հայ ժողովրդի շահերն արտաքին քաղաքական հարթակում, այնպես էլ նոր իշխանությունը, չունենալով բավարար հմտություն, չի կարողանում ըստ էության արձագանքել այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք ամեն օր շատանում են ու կանգնած են Հայաստանի առաջ»:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից առաջադրված թեկնածու, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հակադարձում է. Հայաստանը, ընդհանրապես, նոր որակի հարաբերություններ է հաստատել թե՛ գործընկեր դաշնակից պետությունների, թե՛ ուժային կենտրոնների հետ:

«Արտաքին հարաբերություններում Հայաստանը ներկայանում է իբրև ինքնիշխան պետություն, իբրև երկիր, որի իշխանությունը լեգիտիմ է, որի իշխանությունը լիազորված է ժողովրդի կողմից և այդ լեգիտիմությունը մեզ բերելու է նորանոր հաջողություններ»:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է երկրի կառուցման իրենց ձևակերպմամբ մրցունակ ծրագրով։

0:00
0:00