Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր ռեկտոր, բողոք, ազատման դիմում. Կրքեր՝ Թատերական ինստիտուտում
2019-05-23 18:13:37

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թատերականում այսօր հարաբերական անդորր էր։ Ինչպես նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, այնպես էլ երեկվա բողոքի ակցիայի մասնակից ուսանողները սպասում են  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումների արդյունքին։ Հանդիպումների մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Մինչ այդ՝ փոքրիկ անդրադարձ թատերական բուհում ծավալված երեկվա իրադարձություններին.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ։ Հոգաբարձուների խորհրդի  անդամների ձայների մեծամասնությամբ բուհի  ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։

Ընտրություններից անմիջապես հետո ուսանողները բողոքի ակցիա նախաձեռնեցին։ Մի քանի  ժամ  փակ  պահելով  ինստիտուտի դռները՝  Լիլիթ Արզումանյանից պահանջում էին   ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Վերջինը հայտարարեց, որ ճնշումների ենթարկվել չի պատրաստվում։ Երկար ժամանակ  «պատանդի» կարգավիճակում էին հայտնվել «Իմ քայլը»  դաշինքի պատգամավորներ, լրագրողներ, դասախոսներ։

Էլդար Ռյազանովի «Գարաժ» ֆիլմի սցենարը հիշեցնող երեկվա իրադարձություններից հետո Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում մթնոլորտն այսօր խորհրդային մեկ այլ ֆիլմ էր հիշեցնում՝ «Արշալույսներն այստեղ խաղաղ են», բայց ինչպես և նշված  ֆիլմում՝ խաղաղություն ասվածն այստեղ էլ խիստ հարաբերական է։

Թատերականի հարաբերական անդորրը պայմանավորված է ԿԳ նախարարի երեկվա ֆեյսբուքյան գրառմամբ.

«Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»,- գրել է ԿԳ նախարարը։

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքով, երեկ իրավիճակը փրկեց կրթության ու գիտության նախարարը՝  ընդունելով ուսանողներին և պայմանավորվելով հանդիպել նախ իր՝ ռեկտորի հետ, ապա ուսանողների՝ փորձելով հարցին ավելի ճկուն լուծումներ գտնել. «Այսօր շատ հանգիստ է, որևէ խնդիր չկա»։

Ակցիայի մասնակից ուսանողների հետ մեր զրույցն այսօր դժվար ստացվեց։

«Կխոսենք միայն նախարարի հետ հանդիպումից հետո»,-հիմնական արձագանքն այսպիսին էր։ 

Նախարարի հետ հանդիպումից առաջ հետագա քայլերի մասին խոսելը  ուսանողները որակում են՝ «ձուկը ջրում բազառ անել»։ Թատերական ինստիտուտում այսօր ավելի ակտիվ քննարկվում էր ինստիտուտի դասախոս, ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանի աշխատանքից ազատվելու դիմումը։ 

Շուրջ 25 տարի  բուհում աշխատած Բաբայանը նման որոշում էր կայացրել, երբ ուսանողներն իր առաջ փակել էին դուռը։

«Երեկ երեկոյան զրուցեցի ուսանողների հետ, նրանց ամոթանք տվեցի ու ասացի՝ չեք ամաչում, ինչպես եք պատկերացնում թատերական ինստիտուտը առանց Ռուբեն Բաբայանի։ Նրանք ասացին՝ չենք պատկերացնում,  մենք  կգնանք և ներողություն կխնդրենք պարոն Բաբայանից»,- ասաց Լիլիթ Արզումանյանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Ռուբեն Բաբայանն ասաց, որ երեկ դիմում է գրել շատ պարզ հիմնավորմամբ. «Երբ իմ ուսանողները փակում են իմ առաջ դուռը, ես պարզապես բարոյական իրավունք չունեմ մտնելու այն  հաստատությունը, որտեղ նրանք սովորում են»։

Հետաքրքրվեցի՝ արդյո՞ք կվերանայի աշխատանքից ազատվելու իր որոշումը, եթե ուսանողները ներողություն խնդրեն. «Ոչ այնքան ներողությունն է կարևոր, որքան իսկապես գիտակցելը, որ երբևէ չի կարելի բռնանալ ուրիշի ազատությանը։ Եթե պահանջում ես հարգանք քո հանդեպ, պարտավոր ես հարգել ուրիշներին», պատասխանեց Բաբայանը։

Ռուբեն Բաբայանի խոսքով, մանկավարժության լավագույն ձևը  սեփական օրինակն է. եթե ասում ես մի բան, բայց ապրում ես այլ կերպ, վարկաբեկում ես այն, ինչ ասում ես։

Աշխատանքից ազատվելու դիմումը գրելիս առաջնորդվել է հենց այս սկզբունքով։

0:00
0:00