Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուժի ցուցադրություն. Թեհրանի թ՞ե Վաշինգտոնի նյարդերն առաջինը տեղի կտան
2019-05-23 21:45:03

Մառլենա Հովսեփյան
Ռադիոլուր

Պենտագոնը այսօր Սպիտակ տանը ներկայացրել Մերձավոր Արևելք ամերիկյան լրացուցիչ զորակազմ ուղարկելու ծրագիրը: Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց բարձրաստիճան աղբյուրներին, հայտնում են, որ գերատեսչությունն առաջարկում է ԱՄՆ նախագահի վարչակազմի ազգային անվտանգության համար պատասխանատուներին ուժեղացնել ամերիկյան ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ուղարկելով այնտեղ մինչև 10 հազար զինվորական «պաշտպանական նկատառումկներով՝ Իրանի հետ լարված հարաբերություններից ելնելով»:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, դեռևս հայտնի չէ, կբավարարի արդյո՞ք Սպիտակ տունը Պենտագոնի առաջարկը։ Հնարավոր է չբավարարի ընսհանրապես, կամ բավարարի մասամբ՝ համարելով, որ անհրաժեշտ է ավելի քիչ թվով զորակազմ ուղարկել՝ որպես Իրանին զսպելու միջոց, զինվորականների մյուս հատվածը ուղարկելով միայն հակամարտության հնարավոր էսկալացիայի դեպքում:

Միացյալ Նահանգները արդեն Պարսից ծոց է ուղարկել «Abraham Lincoln» ավիակիրը, «Arlington» դեսանտային նավը ու առնվազն հինգ այլ ռազմանավ: Բացի այդ, Կատարում գտնվող ամերիկյան ռազմակայան են ուղարկվել B-52 ռմբակոծիչներ, նորագույն ինքնաթիռներ, տեղակայվել «Рatriot» համակարգեր:

Միացյալ նահանգների նախագաhը մայիսի 19-ին խոսել էր Իրանին ոչնչացնելու մասին : «Եթե Թեհրանը ցանկանում է պատերազմել, դա կլինի նրա պաշտոնական վախճանը»,- ուղերձ հղելու իր ավանդական ճանապարհով, թվիթերյան գրառմամբ, հայտարարել էր Թրամփը: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը երկու օր անց վստահեցրել էր, որ Իրանի հետ պատերազմել չեն պատրաստվում: «Խոսքը Մերձավոր Արեևելքում մեր շահերի պաշտպանության մասին է և մեր առաքելությունների իրականացման»,- հստակեցրել էր նա: Նույն օրը Թրամփը ասել էր, որ պատրաստ է Թեհրանի հետ բանակցությունների, բայց, եթե իրանցիները զանգահարեն:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն օրերս հայտարարել էր, որ Թեհրանը երբեք պարտադրված բանակցություններ չի վարում, չի կարելի սպառնալ իրանցիներին՝ ակնկալելով, որ նրանք կգնան համագործակցության: Իսկ նախագահ Հասան Ռոուհանին ավելի վաղ նշել էր, որ բազմիցս աշխարհի առաջնորդներից ԱՄՆ հետ բանակցություններ սկսելու կոչ է լսել, սակայն ներկա պայմաններում ճիշտ չի համարում դրանց անցկացումը:

Հոգեբանական բավականին լուրջ պայքար է ընթանում կողմերի միջև, որը միաժամանակ մի քանի հարթություններում է դրսևորվում, փաստում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Մենք տեսնում ենք ռազմական մանևրներ, տարբեր նավատորմերի գործողություններ, օրինակ Սաուդյան Արաբիայի դեմ, ԱՄԷ-ում տեղակայված նավթատար նավերի դեմ, պատասխան գործողություններ Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի հովանավորյալ ուժերի դեմ Եմենում։ Բավականին լուրջ լարվածություն է այսօր տարածաշրջանում, և զուգահեռաբար ընթանում է քարոզչական պայքար, դիմակայություն նաև հռետորաբանության առումով։ Կարծես թե նպատակը նշված հակամատ կողմերից մեկի զիջումն է, բայց դրա ականատեսը չենք լինում, որովհետև հասկանալի է բոլորի համար, թե ինչպիսի խաղադրույքներ են արված»:

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է, բայց ուղիղ՝ բաց առճակատումը քիչ հավանական է համարում:

«Մերձավոր Արևելքը այն տարածաշրջանն է, որտեղ ոչինչ բացառել չի կարելի։ Պարզապես դրա հետևանքները հաշվարկում են բոլորը, այսինքն Իրանի դեմ գործողությունը լինելու է ճակատագրական ամբողջ տարաշրջանի համար։Իրանը Սիրիա չէ, ոչ էլ Լիբիա, կամ Եմեն։ Իրանը մի քանի շերտ պաշտպանական համակարգ ունեցող տարածաշրջանային գերտերություն է, և Իրանի պատասխան գործողությունները կարող են ճակատագրական լինել հատկապես Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցների համար»:

Կոմերից յուրաքանչյուրը սպասում է դիմացինի վրիպելուն կամ զիջելուն, սակայն մինչ այժմ կողմերն անդրդվելի են, շարունակում է փորձագետը՝ ընդգծելով, որ խնդիրը բարդացնում է մեկ այլ կարևոր հանգամանք:

«Լարվածության թուլացումը հնարավոր է որևէ երրորդ կողմի միջնորդությամբ, բայց երրորդ կողմ մերկայում չի երևում։ Իսկ իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել բացառապես բանակցային հարթությունում։ Ուժի ցուցադրմամբ, նման ճնշմամբ Վաշինգտոնը ցանկանում է Թեհրանին դրդել ուղղակի բանակցությունների, որոնց ընթացքում կարձանագրվեն Թրամփի վարչակազմի համար ցանկալի զիջումները։ Միաժամանակ իրանական վարչակազմը գիտակցում է, որ ցանկացած ուղղակի և ոչ հավասարակշիռ զիջումներ կարող են հանգեցնել սեփական դիրքերի թուլացմանը երկրի ներսում»:

Արաբագետը փաստում է․ նման լարվածությունը երկար տևել չի կարող, որևէ շրջափուլում ականտեսը կլինենք թուլացման, իսկ թե ինչպիսի զարգացումներով դա տեղի կունենա, դժվար է ասել:

0:00
0:00